Այս եզրակացության են եկել Եվրամիության պատվերով մարզային հիվանդանոցներում մոնիտորինգ իրականացնողները
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Եվրամիության պատվերով Հայաստանի տարբեր մարզերում մարդու իրավունքների խախտումների հետ կապված մոնիտորինգ է իրականացրել, որի արդյունքները տխուր են հատկապես առողջապահության նախարարության համար: Արդեն քանի տարի է՝ պետբյուջեից հսկայական գումարներ են հատկացվում՝ Հայաստանում գոնե սոցիալական հատուկ խմբերի պետպատվերով բուժօգնություն եւ անվճար դեղորայք տրամադրելու համար: Սակայն մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ շատ մարզերում ո՛չ պետպատվերով բուժօգնություն է տրամադրվում, ո՛չ էլ անվճար դեղորայքն է հասցեատիրոջը հասնում:
Ընդհանրապես, պետպատվերով հիվանդներին բուժհաստատություններում «այլ աչքով» են նայում ու սպասարկում ավելի կոպիտ ու անտարբեր, քան իրենց խալաթի գրպանները պարբերաբար փող դնող հիվանդներին: Այն պահին, երբ մոնիտորինգ իրականացնող խումբը գտնվել է Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց ՓԲԸ-ում, բուժօգնության մեքենայով մի ծեր հիվանդի են բերել ու թողել մուտքի մոտ գտնվող սպասասրահում: Շտապօգնության մեքենայով բերված հիվանդները, բնականաբար, շտապ բուժօգնություն են պահանջում, մինչդեռ, քանի որ այդ հիվանդին պետք է սպասարկեին պետպատվերի շրջանակներում, բուժաշխատողները կանգնած տեղից չեն շարժվել, երկար սպասել են, թե ով հիվանդին կբարձրացնի 3-րդ հարկ: Մոնիտորինգ անցկացնող խմբի դիտարկմամբ՝ սա ցույց է տալիս, որ բուժաշխատողների կողմից ծերերին մատուցվող սպասարկումը պատշաճ մակարդակով չի իրականացվում: Նույն հիվանդանոցում, երբ հետաքրքրվել են պետպատվերի շրջանակներում բուժվող հիվանդների սպասարկման խնդիրներից, որոշ բժիշկներ խոստովանել են, որ անվճար հատկացվելիք դեղորայքը պահանջվածից քիչ են ստանում եւ հաճախ խնայողություններ ու հիվանդների շրջանում տարբեր տեսակի տոկոսային բաժանումներ պիտի անեն, որ կարողանան անհրաժեշտ դեղերը տրամադրել: Բուժաշխատողներից ոմանք նշել են, որ դեղերը բավականին անորակ են, արդյունավետությունը՝ ցածր, իսկ պիտանելիության ժամկետը՝ կարճ: Բուժաշխատողների խոսքերով՝ «Այս խնդիրները կառավարության թասիբի գործն է»: Այսինքն, քանի դեռ մեր կառավարությունը «թասիբ» չունի՝ հիվանդները անվճար եւ արդյունավետ, նորմալ ժամկետի մեջ գտնվող դեղերի մասին կարող են մոռանալ:
«Սամարիթեր» հիվանդանոցում ԵՄ պատվերով կատարված ուսումնասիրություններից հետո մոնիտորինգի խումբը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է բուժանձնակազմի վարձատրությունը բարձրացնել, որպեսզի առկա կոռուպցիոն երեւույթները վերանան: Մինչդեռ, ավելի լավ կլինի այդ խորհուրդը մեր կառավարության ականջը չընկնի, որովհետեւ բուժաշխատողների շրջանում այնքան արմատացած է հիվանդներին գրպանը ցույց տալն ու բացահայտ փող ուզելը, որ որքան էլ աշխատավարձը բարձրացնեն՝ նրանք մաղարիչներից հրաժարվողը չեն:
Ծնելիության խթանման նպատակով 2008թ. հուլիսի 1-ից ներդրվեց «Ծննդօգնության պետական հավաստագիրը», որի համաձայն՝ Հայաստանում կանանց հղիության ընթացքի եւ ծննդաբերության հետ կապված բուժօգնությունն ու սպասարկումը պետք է իրականացվի անվճար հիմունքներով: Եղեգնաձորում, Վայքում եւ Ջերմուկում կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն հավաստագրի «հույսին մնացած» կանանց՝ հղիության ընթացքում պատշաճ հետազոտության չեն ենթարկում: Հղի կինը պետք է տարբեր մասնագետների սենյակներ մտնի, մանրակրկիտ հետազոտվի, անալիզներ հանձնի եւ այլն: Հարցումները ցույց են տվել, որ հավաստագրով շատ հղիների՝ թերապեւտի, ստոմատոլոգիական զննման, սոցիալ-հոգեբանական աջակցման սենյակներ չեն ուղարկում: 13 հղի կին, անկախ հավաստագրերից, ստիպված են եղել հղիության ընթացքում հետազոտությունների համար վճարումներ կատարել: Հղիների հետ հարցազրույցներից պարզ է դարձել, որ այդ համայնքների բուժհաստատություններում համատարած կոռուպցիա է տիրում: Հղիներից մեկը պատմել է, որ Եղեգնաձորի ծննդատանը ենթարկվել է բարդ ծննդաբերական վիրահատության եւ չի կարողացել խնամել երեխային, բժշկից օգնություն է խնդրել: Ի պատասխան՝ բժիշկը նետել է. «Քո երեխային ինքդ ուշադրություն դարձրու, ես քո համար սանիտարկա չեմ»: Նույն ծննդատան բուժսպասարկումից դժգոհ մի կին էլ պատմել է, որ այնտեղ իր հետազոտության պատասխանները շփոթել են մեկ ուրիշ հղի կնոջ պատասխանների հետ եւ երկուսին տվել սխալ ցուցումներ: 10 կին նշել է, որ բուժանձնակազմը՝ հղի կնոջ սոցիալական կարգավիճակով, «սիմպատիայով» եւ հղիների կողմից ցուցաբերված ուշադրության գործոններով պայմանավորված, խտրական վերաբերմունք է դրսեւորել:
Հետծննդյան 40 օրերի ընթացքում ծննդկանները պետք է դեռ բժշկի հսկողության տակ լինեն, ուստի ծննդաբերությունից հետո տեղամասային մանկաբույժը սովորաբար այցելում է ծննդկանի տուն ու հետազոտում նորածնին: Սակայն այս համայնքներում 79 ծննդաբերող ստիպված է եղել ահազանգել բժշկին, որ բարեհաճի ու այցելության գա, իսկ 15 ծննդաբերողի ահազանգից հետո էլ չեն այցելել: