Երեկ Երեւանի կոնյակի գործարանում տեղի է ունեցել ընկերության գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հանդիպումը Արարատի եւ Արմավիրի մարզպետների, ինչպես նաեւ այդ մարզերի գյուղական համայնքների ղեկավարների հետ: Ինչպես տեղեկացնում է ԵԿԳ հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարվա խաղողի մթերման արդյունքները, ինչպես նաեւ գալիք խաղողի մթերմանն առնչվող հարցերը ու համագործակցության հեռանկարները: Անցյալ տարի Երեւանի կոնյակի գործարանը մթերել է 31 600 տ խաղող, ինչը գերազանցել է 2008թ. ցուցանիշը: Ս.թ. ապրիլի 20-ին ընկերությունը ավարտեց մթերված խաղողից ստացված ողջ գինենյութի թորման աշխատանքները: Երեք մասնաճյուղերի համատեղ աշխատանքի արդյունքում այս տարի գործարանը թորել է ավելի քան 24 մլն լիտր գինենյութ, որի արդյունքում արտադրվել է 3.83 մլն լիտր կոնյակի սպիրտ: