Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԻՐ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Ապրիլ 24,2010 00:00

Մեկ տարի շարունակ իմ հասցեին քննադատություն եմ լսել: ՀԱԿ գործիչներն ասում էին, որ պաշտպանելով հայ-թուրքական Արձանագրությունները՝ ակամայից աջակցություն եմ հայտնում Սերժ Սարգսյանին:

Այդ քննադատություններն անտեսում էի, որովհետեւ դիրքորոշումներս միշտ հայտնել եմ՝ ելնելով իմ արժեքային համակարգից, տուրք չտալով քաղաքական կոնյունկտուրային, պոպուլիզմին: Երբեք այն ընդդիմադիրներից չեմ եղել, որոնք հակադրվում են միայն այն բանի պատճառով, որ որեւէ մտքի, գաղափարի հեղինակն իշխանության ներկայացուցիչն է եւ ոչ էլ՝ կուրորեն համաձայնել եմ ընդդիմության այս կամ այն մտքին, ձեռնարկին: Հայ-թուրքական այս գործընթացի մեկնարկին՝ ես համարել եմ, որ դա անհրաժեշտություն է, բխում է ՀՀ շահերից եւ ինձ առանձնապես չեն մտահոգել այն մոտիվները, որոնք Ս. Սարգսյանին մղել են՝ նախաձեռնել կամ մասնակցել այս գործընթացին: Եթե հայ-թուրքական հաշտեցման ճանապարհով պիտի լուծեր իր իշխանության լեգիտիմության, ինքնահաստատման խնդիրը, թող լուծեր: Ի վերջո, ռացիոնալ քայլը նոր որակ կարող էր հաղորդել իշխանությանը՝ չնայած այն ձեւավորվել է ամենեւին էլ ոչ ազատ ընտրությունների ճանապարհով:
Նմանապես՝ չեմ պատասխանել ազգայնական շրջանակներից հնչող «դավաճան», «հանձնող», «քիրվա» որակումներին՝ խորթ համարելով բանավիճային նման կուլտուրան: Միշտ այն կարծիքին եմ եղել, որ ազգայնական լինելու համար առանձնապես մեծ խելք պետք չէ. նրանք ունեն անգիր արած մի քանի արտաքուստ գրավիչ, պարզունակ կարգախոսներ, որոնց ակունքը՝ «մենք ենք, մեր սարերը» տրամաբանությունն է:
Հիմա բոլոր նրանք, ովքեր ամիսներ շարունակ մեղադրում էին ինձ՝ հայտնվել են անհարմար վիճակի մեջ: Բացառապես քաղաքական կոնյունկտուրայով առաջնորդվող Սերժ Սարգսյանը տրամագծորեն փոխել է իր դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ՝ հայտնվելով իր ընդդիմախոսների դաշտում: Վերջինները՝ կամ պետք է տրվեն քաղաքական կոնյունկտուրային ու այսօրվանից դառնան «խաղաղասեր» կամ՝ իրենց իսկ տրամաբանությամբ, պետք է ասոցացվեն ՀՀ նախագահի «հայրենասիրական» հռետորաբանության հետ:
Արձանագրությունների նախաստորագրումից անմիջապես հետո առիթ ունեցել եմ հրապարակավ արձանագրելու, որ այդ փաստաթղթերը՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ, կարող են նպաստել հաշտեցման գործընթացին, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Փաստել եմ, որ խնդիրը ոչ այնքան Արձանագրությունների բովանդակությունն է, որքան՝ գործընթացը սպասարկող իշխանությունների որակը: Այստեղ ես տեսնում էի լուրջ պրոբլեմներ, որոնք, դժբախտաբար, հաստատվեցին՝ Թուրքիայի իշխանությունների ապակառուցողական հայտարարությունների, Հայաստանի նրանց գործընկերների նույնաբովանդակ վարքագծի, հատկապես՝ Սարգսյանի ապրիլի 22-ի ուղերձի տեսքով: Նախագահի ուղերձը՝ անկախ  բովանդակային շեշտադրումներից, փակուղային իրավիճակի դրսեւորում էր: ՀՀ իշխանությունը խոստովանեց գործընթացի ձախողումը, խոսեց Թուրքիայի իշխանությունների վարքագծի մասին՝ առանց պատասխանատվության իր բաժնի մասին բարձրաձայնելու:
Հայաստանի իշխանություններն այս գործընթացում թույլ են տվել առնվազն երկու տեսանելի սխալ:
Առաջին, անկախ Արձանագրությունների տեքստից՝ ակնհայտ էր հայ-թուրքական եւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացների փոխկապակցվածությունը: Արդ, պետք չէր հերքել ակնհայտը, հակառակը՝ հասարակությանն անհրաժեշտ էր փաստարկներով համոզել, որ հայ-թուրքական հաշտեցումը կարող է օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ հենց միայն այն պատճառով, որ տարածաշրջանային լիդերության ձգտող եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող Թուրքիան, կամա թե ակամա, ավելի օբյեկտիվ դիրքորոշում է ունենալու ԼՂ կարգավորման գործընթացում:
Երկրորդ, ՀՀ իշխանություններն անտեսեցին քաղաքագիտական պարզ մի ճշմարտություն՝ արտաքին եւ ներքին քաղաքականությունների կապը, դրանց՝ մեկ համակարգում լինելու իրողությունը: Հնարավոր չէր արտաքին քաղաքականության մեջ որդեգրել «բաց սահմանների» բանաձեւը՝ շարունակելով «խրամատային» քաղաքականությունը երկրի ներսում: Իր պաշտոնավարման երկու տարիներին՝ Սարգսյանը որեւէ ինստիտուցիոնալ քայլ չի կատարել՝ քաղաքական, տնտեսական, հանրային նոր հարաբերությունների հաստատման տեսանկյունից, քաղաքական, տնտեսական մենաշնորհները խանգարել են եւ շարունակում են խանգարել երկրի զարգացմանը:
Պարզ է, որ ակնհայտ այս իրողությունների անտեսումը բերելու էր փակուղու, որից ծնվեց ապրիլի 22-ի ուղերձը:
Եթե վերանանք Սարգսյանի պատրիոտիկ հռետորաբանությունից, մի քանի գեղեցիկ ձեւակերպումներից՝ ուղերձը զուրկ էր որեւէ ռացիոնալ շեշտադրումից, իսկ եթե հաշվի առնենք «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին նախագահի հրամանագրերը, ստեղծվել է, իմ կարծիքով, Հայաստանի համար խիստ վտանգավոր մի իրավիճակ:
Առաջին, ֆորմալ առումով՝ հենց Հայաստանը եւ ոչ թե Թուրքիան, փակված համարեց ցյուրիխյան գործընթացը կամ, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» էջը: Պատահական չէ, որ Սարգսյանի ուղերձին անմիջապես հաջորդեց Թուրքիայի վարչապետի արձագանքը, թե «մենք հաճախ ենք արտահայտել մեր նվիրվածությունը Արձանագրությունների տառին եւ ոգուն եւ դրանք իրականացնելու մեր նպատակը»: Անկախ իշխանության ճամբարից հնչող գնահատականների, թե մենք ընդամենը գործընթաց ենք կասեցրել եւ ոչ թե Արձանագրությունների տեքստից ստորագրություն հետ կանչել՝ գործընթացի հնարավոր տապալման պատասխանատվությունը կրելու է Հայաստանը: Միջազգային հանրությունը առաջիկայում այդ փաստը կարձանագրի: Ի վերջո, եթե խնդիրը գործընթացից դուրս գալը չէր՝ կարելի էր սահմանափակվել խորհրդարանում Արձանագրություններն առայժմ չքննարկելով՝ ձեռնպահ մնալով ուղերձից ու հատկապես՝ հրամանագրից:
Երկրորդ, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ հայ-թուրքական գործընթացի սառեցումը կչեզոքացնի ճնշումները ԼՂ խնդրում: Բացարձակ անհեթեթություն է, որովհետեւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը կար եւ կշարունակվի՝ անկախ ռեգիոնալ որեւէ նախագծից: Ընդ որում, Թուրքիան ավելի անկաշկանդ կաջակցի ադրբեջանական դիրքորոշումներին: Նախագահի ուղերձն ու հրամանագիրը ավելի քան նպաստեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումների մերձեցմանը: Իսկ եթե Հայաստանը որոշի սառեցնել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, դա հղի է պատերազմի վերսկսման իրական վտանգով:
Երրորդ, ասում են իբրեւ Սարգսյանի քայլը մեսիջ էր՝ ուղղված միջազգային հանրությանը, որպեսզի վերջինս ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա: Դարձյալ պարզունակ մոտեցում է, որովհետեւ չհաշվարկված դեմարշը չի կարող ռացիոնալ արդյունքի բերել:
Չորրորդ, հայ-թուրքական հարաբերությունները հայտնվել են փակուղում: Ըստ էության փակված համարելով ցյուրիխյան գործընթացը՝ Սարգսյանը չխոսեց նոր պայմանավորվածությունների, «ճանապարհային քարտեզի» մասին:
Եվ վերջապես՝ հայ-թուրքական գործընթացի սառեցումը վերջնականապես ի դերեւ արեց իշխանության հնարավոր բարեփոխման հույսերը: Ենթադրվում էր, որ քաղաքական օրակարգում բարդ խնդիրների առկայությունը՝ իշխանություններին կմղի բարեփոխումների, որոնց նպատակը՝ ավելի արդյունավետ ու բաց համակարգի ստեղծումն է: Իշխանություն պահելու մեխանիկական պահանջը Սարգսյանին ազատում է նաեւ այս «գլխացավանքից»: Վախենամ՝ կրկին ռեգիոնալ գործընթացների լուսանցքում հայտնվող ՀՀ իշխանության մեջ ավելի խորանան ավտորիտար միտումները:
Սերժ Սարգսյանը կարող էր պատմական ֆիգուր դառնալ, եթե ունենար քաղաքական խիզախություն եւ վավերացներ Արձանագրությունները՝ անկախ Թուրքիայի վարքագծից: Դրանով՝ Հայաստանը կապացուցեր, որ վստահելի գործընկեր է, որը հարգում է իր երկկողմ ու միջազգային պարտավորությունները: Հիմա ՀՀ նախագահը հայտնվել է միանգամայն այլ իրավիճակում՝ ակամայից պատասխանատու դառնալով ռեգիոնալ լարվածության, հնարավոր պատերազմի վերսկսման համար:
Հոդվածը զետեղված է surenyants.livejournal.com բլոգում: Ակնկալում եմ շահագրգիռ քննարկում եւ բանավեճ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել