Ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով Հայաստան են ժամանել այլազգի արվեստագետներ: Թեեւ Գերմանիայից ճանաչված դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերը այս առիթով չէ Հայաստանում, սակայն քաջածանոթ է հայերի ողբերգությանը: «Առավոտի» հետ զրույցում երիտասարդ արվեստագետը փաստեց, որ Ցեղասպանությունը ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրների ու միջազգային կազմակերպություններ, նաեւ ասաց. «Մենահամերգս մաեստրո Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ ապրիլի 26-ին է: Վստահ եմ, որ մինչ այդ հնարավորություն կունենամ ավելին իմանալու Եղեռնի մասին»: Հավելեց նաեւ, որ իր առաջին բեմելը կայացել է 13 տարեկանում, եւ բախտն էլ բերել է պրոֆեսորների առումով. Վայմարում սովորել է Զիգրիդ Լեհմշտեդի, Հանովերի երաժշտանոցնում՝ Բերնդ Գյոթսկեի, Փարիզում՝ Ժակ Ռուվյեի մոտ: Վարպետության դասերի է մասնակցել աշխարհահռչակ Բելուչիի, Ռինգեյզենի, Ռիգուտոյի, Բաշկիրովի դասարաններում: Դասեր է առել Տոկիոյի երաժշտական քոլեջում, նաեւ երաժշտագիտություն ուսումնասիրել Սորբոնի համալսարանում: «Մտերիմ եմ Մեծ Բրիտանիայում ստեղծագործող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ, որի շնորհիվ ծանոթ եմ հայ թե կոմպոզիտորական եւ թե կատարողական դպրոցին: Մասնակցել եմ Կիպրոսում նրա ղեկավարությամբ ավանդաբար անցկացվող միջազգային փառատոնին»,- հայտնեց Կատարինա Թրոյթլերը: