«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախաձեռնությունները
«Մենք ապրում ենք փայփայելով մեր ինքնությունը եւ մեր սերն արտահայտում ենք՝ ծառայելով դրա պահպանմանը»,- ապրիլի 9-16-ը ԱՄՆ կատարած այցի ընթացքում նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերությունն իր անցած դժվարին ուղին ներկայացրել է Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում եւ Լոս Անջելեսում:
«Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կարգավիճակը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ուսերին զգալի պատասխանատվություն է դնում՝ ազգային ինքնության պահպանման ջանքերին աջակցության առումով: Յուրաքանչյուր հայի՝ աշխարհի որ անկյունում էլ որ նա լինի, մենք պետք է ասենք, թե որքան մեծ է մեր հայրենիքը եւ որքան մեծ է մեր պատասխանատվությունը դրա զարգացման եւ բարգավաճման գործում»,- ԱՄՆ-ում տարբեր տարիքի եւ մասնագիտության հայերի հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ նշել է պարոն Ռալֆ Յիրիկյանը: Հայկական դպրոցները եւ կրթական այլ հաստատությունները՝ թե՛ արեւելյան, եւ թե՛ արեւմտյան ափերում, դռնբաց էին դիմավորում նրա եւ նրա թիմակիցների «Բիզնես, որն ունի առաքելություն» նախագիծը: «Հայաստանում մեկնարկած նախագիծը բերեց մեզ սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների՝ ձեզ մոտ, մեր երկրում բարգավաճման հնարավորությունները ձեզ ներկայացնելու վճռականությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը վառ օրինակ է, որի հաջողություններն անհնարին են առանց հայ երիտասարդ նորավարտ մասնագետների եւ տաղանդավոր վարչական աշխատակիցների»,- նշեց Ռ. Յիրիկյանը Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում:
Վաշինգտոնում եւ Ֆիլադելֆիայում տեղի ունեցած հանդիպումներին մասնակցեցին տարբեր մասնագիտությունների եւ տարիքի հայեր, որոնք եկել էին առավել մոտիկից ծանոթանալու սիրելի հայրենիքում հաջողակ բիզնեսի անցած ուղուն:
«Մենք ժողովրդին ծառայող օպերատոր ենք, որովհետեւ ինքներս էլ ժողովրդի ներկայացուցիչ ենք եւ աշխատում ենք հանուն ժողովրդի՝ ոչ միայն հայրենիքում, այլեւ ողջ աշխարհում՝ ամեն տեղ, ուր հայ կա: Եվ մենք ուրախ ենք ծառայություններ մատուցել մեր կորպորատիվ պատասխանատվության գաղափարին համահունչ»,- հավելեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը:
Առաքելության հաջորդ կանգառը Լոս Անջելես քաղաքն էր, ուր առանձնահատուկ պատրաստակամությամբ էին սպասում շատերի մոտ արդեն ճանաչում ստացած բրենդի՝ Հայաստանից բերված ուղերձին:
Հավելենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը արդեն հինգերորդ անգամ ստանձնում է նաեւ «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնի գլխավոր հովանավորությունը: Փառատոնը եզակի իրադարձություն է, որտեղ դասական երաժշտությունը կատարվում է միջնադարյան արվեստի ոգեշնչող մթնոլորտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Որպես փառատոնի գլխավոր հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 12 միլիոն դրամ է տրամադրել փառատոնի կազմակերպման համար: Մշակույթն ընդունելով որպես իր գործունեության ամենակարեւոր ուղղություններից մեկը՝ ընկերությունն աջակցում է ավանդույթների, սովորույթների, պարարվեստի, երաժշտության, երգարվեստի, թատրոնի եւ ընդհանրապես ազգային ինքնության եւ հպարտության հիմքում ընկած արժեքների պահպանմանն ուղղված ծրագրերին: «Որպես հայ ազգային դարավոր մշակույթի կրող, մենք ձգտում ենք ապրել նախնիներից ստացած ժառանգությունը աչքի լույսի պես փայփայելու եւ դրա անկրկնելի գեղեցկությունն աշխարհին ներկայացնելու վճռականությամբ»,- ասում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը: Ընկերությունն աջակցում է բազմաթիվ մշակութային այլ նախաձեռնությունների եւս, որոնց թվում՝ Վերադարձի փառատոնն է, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը, Բաց երաժշտություն փառատոնը եւ այլն: