Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ»

Ապրիլ 24,2010 00:00

ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները երեկ երեկոյան Մատենադարանի մոտ հայտարարեցին, որ հավաքվել են ոչ թե սգո, այլ պայքարի տրամաբանությամբ:

\"\"

Մատենադարանի մոտ երեկ կրկին մարդաշատ էր. այս անգամ այստեղ էին հավաքվել ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները, նաեւ հարյուրավոր անկուսակցականներ, տարիքով մարդիկ, երեխաներ, կանայք եւ աղջիկներ: Այստեղից սկսվեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը դեպի Մեծ եղեռնի հուշահամալիր: Մարդկանց ջահեր էին բաժանում, ցուցապաստառներ, Մատենադարանի ողջ տարածքում տարածվել էր նավթի հոտը: Ցուցապաստառները Ցեղասպանության ճանաչման, միասնության, պայքարի եւ հաղթանակի մասին էին: Հանրահավաքում կարճ ելույթներ հնչեցին: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարեց. «Այն, ինչ թուրքական իշխանություններն իրականացրեցին 15-ին, եւ այն, ինչ այսօր Թուրքիայում իրականացվում է այսօրվա իշխանության կողմից, ապացուցում է, որ ոչ միայն 15 թվականի իշխանություններն էին ցեղասպան, այլեւ նրանք, ովքեր մշակութային եղեռն են իրականացնում այսօր Արեւմտյան Հայաստանի տարածքում, ովքեր այսօր էլ անհանդուրժող են, ովքեր այսօր էլ կարող են օրը ցերեկով սպանել Հրանտ Դինքի նմաններին»: «Ոչ»-ի շարժման մասնակից ՌԱԿ-ի կենտրոնական վարչության անդամ Հարություն Առաքելյանը հայտարարեց, որ թուրքական կառավարությունը նոր դավեր է նյութում, եւ «ավանդական կուսակցությունների դերը պետք է բարձրանա, որպեսզի ամբողջ աշխարհում չկարողանան գտնել ներքին բաշիբոզուկների, որոնք կգնան թուրքերի հետ մերձեցման` ի հաշիվ մեր միջազգային իրավունքների: Ժամանակն է, որ Հայաստանում նույնպես ազգային կազմակերպությունները որդեգրեն միմիայն ազգային գործունեություն, որովհետեւ կարող է, այո, Ցեղասպանության ճանաչման հարցը դառնալ միավորիչ գործոն»: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ցեղասպանության ճանաչման մասին ոչ մի խոսք չասաց, նրա խոսքը հետեւյալի մասին էր. «Պիտի մի մարդու նման գնանք եւ կանգնենք, թե չէ՝ այս իշխանությունը երբեւէ մի հայանպաստ քայլ չի արել: Մենք կանգնած ենք լինելու մինչեւ վերջ: Չի՞ անելու, ուրեմն ասելու ենք. «Սերժ Սարգսյան, Էդիկ Նալբանդյան եւ մնացածը իրար հետ, հեռացեք: Շնորհակալություն»:
«Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ Ցեղասպանության հարցի հետ են կապված հայկական մնացած բոլոր հարցերը, դրանից են բխում թե Ղարաբաղի հարցը, թե Սփյուռքի հետ կապված մնացած հարցերը, Հայ դատի խնդիրները, եւ չի կարելի, հնարավոր էլ չի դրանք իրարից տարանջատել»,- հայտարարեց ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Վերջինս հայտարարեց նաեւ. «Մենք մեկ տարի առաջ շատ ավելի տխուր վիճակում էինք, քան հիմա, եւ այս մեկ տարվա ընթացքում կարողացանք ցույց տալ, որ մեր պայքարը ճիշտ ուղղությամբ է, ապացուցել նախ եւ առաջ մեր իշխանություններին, որ եթե ուզում են չսխալվել, պետք է ամուր կանգնեն մեր ազգային-ռազմավարական շահերի դիրքերում, ցանկացած շեղում բերելու է լուրջ կորուստների»: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության վարչության անդամ Արթուր Ղազարյանը հայտարարեց. «Այսօր այստեղ, հենց այս պահին մենք մեր ջահերի բոցը խառնելու ենք պահանջատիրության, մեր պայքարի եւ սրբազան դատի երթին»:
Մինչ կսկսվեր երթը՝ երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը եւ մի ցուցապաստառ, որի վրա պատկերված էին Թուրքիայի նախագահ Գյուլը, վարչապետ Էրդողանը եւ ԱԳ նախարար Դավութօղլուն: Հավաքվածները այս «խարույկը» դիմավորեցին հրճվանքով։ Հետո սկսվեց երթը: Մեկ ժամից ավելի Բաղրամյան պողոտան գրավել էին երթի մասնակիցները, ջահերը բարձր պահած, հայրենասիրական երգեր երգելով եւ վանկարկելով՝ «Ճանաչում», «Մահ թուրքերին»: Երթը հասավ մինչեւ Ծիծեռնակաբերդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել