Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԴԱԿԸ ԴԱՐՁՅԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ Է

Ապրիլ 24,2010 00:00

Իսկ Թուրքիան դեռ լռում է

«Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակեցնում է, որ Հայաստանը չի դադարեցրել գործընթացը, այլ առկախել է այն՝ մինչեւ թուրքական կողմը պատրաստ լինի առաջ շարժվելու: Մենք բարձր ենք գնահատում նախագահ Սարգսյանի որոշումը՝ շարունակել ջանքերը հանուն խաղաղության հեռանկարի, հանուն կայունության եւ հաշտության: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ դռները բաց պահել հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար»,- արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախորդ օրը հնչեցրած ելույթին՝ երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նույնաբովանդակ հայտարարություններ են արել նաեւ ամերիկյան այլ պաշտոնյաներ: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին անգամ հայտարարել է, որ նախագահ Սարգսյանի հայտարարությունից իրենք անակնկալի չեն եկել. «Նման բան Հայաստանն ակնարկել էր մեզ»:
Նշելով, որ երկու կողմերն էլ հավաստիացնում են, թե գործընթացը չի տապալվել, Քրոուլին հավելել է. «Դա մեզ որոշ լավատեսություն է ներշնչում, որ երկար ժամանակահատվածում մենք կարող ենք վերադառնալ դրան՝ ճանապարհներ գտնելու եւ նորից փորձելու առաջ մղել արձանագրությունները»: «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով այս գնահատականը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ ՀՀ նախագահն անընդունելի է համարում ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցերի լուծումը մեկ փաթեթում, ինչը ընդունելի է նաեւ ԱՄՆ-ի համար: Ըստ նրա՝ ՌԴ-ն էլ դեմ չէր այդ քայլին, քանի որ մինչ ուղերձը Սերժ Սարգսյանը խորհրդակցեց Մեդվեդեւի հետ: Մեր զրուցակիցը բնական է համարում, որ Հայաստանն այլեւս պարտավոր էր ինչ-որ քայլեր անել, քանզի մեզ համար շատ կարեւոր, մեր անվտանգությունը շոշափող հարցերում նախաձեռնությունն անցել էր Թուրքիայի ձեռքը. «Մենք հասկանում էինք, որ եթե ցանկանում ենք Թուրքիայի հետ հարաբերություններն ակտիվացնել, ապա այդ երկիրը կփորձի ակտիվացնել ԼՂ հարցի լուծումը, եւ ինչ-որ չափով աշխարհում կսառեցվի Ցեղասպանության ճանաչման խնդիրը, քանի որ այդ ճանապարհով գնացող Հայաստանը չէր կարող Ցեղասպանության հարցի ճանաչման ակտիվ մասնակիցը լինել: Միայն Սփյուռքն էր ակտիվ աշխատում»: Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանն առաջարկել էր, որպեսզի Հայաստանը միակողմանի վավերացնի արձանագրությունները՝ փաստի առջեւ կանգնեցնելով Թուրքիային: Բայց նա նաեւ այս կիսատ քայլն է Թուրքիայի համար «սառը ցնցուղ» որակում, քանի որ կարծում է, որ ի չիք են դառնում Թուրքիայի բոլոր նկրտումները՝ կապված ԼՂՀ հարցի արագ կարգավորման հետ: Ու ոչ պակաս է կարեւորում այն հանգամանքը, որ այսպիսով Հայաստանն աշխարհին ազատում է Ցեղասպանությունը ճանաչելու խոչընդոտներից:
Իսկ ինչո՞ւ Հայաստանը համարձակվեց այս քայլին, ի վերջո, մենք փոքր երկիր ենք եւ սահմանափակ ռեսուրսներով՝ հարցի պատասխանն այսպիսին է. «ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցերում կոնսենսուս կա»: Ըստ փորձագետի՝ թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ը, թեպետ տարբեր պատճառաբանություններով, բայց եկել են միեւնույն եզրահանգման. «ԼՂՀ հարցը չի կարող արագ լուծվել: Հարցի արհեստական արագացումը կբերի պատերազմի: Չնայած Մինսկի խմբում լուրջ պրոցեսներ են գնում, բայց ՌԴ-ն դեռ չի հասկանում, թե հարցի կարգավորումից հետո իր ազդեցությունը տարածաշրջանում ինչպիսին կլինի, իսկ ԱՄՆ-ը հասկացավ, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները խորը հակասության մեջ են, եւ այս անվստահության մթնոլորտում նորմալ լուծում ստանալ չի հաջողվի: Նրանք հասկացան նաեւ, որ ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցերի կարգավորումը պետք է տարանջատվի: Անհնար է երկու ծանրագույն խնդիրները լուծել մեկ փաթեթում, որոնք տասնյակ երկրների շահերի են բախվում»: Ու քանի որ այս հարցերն ուղղակիորեն համընկնում էին Հայաստանի շահերի հետ, ըստ Ստեփան Գրիգորյանի, Հայաստանի համար բարդություն չէր ներկայացնում արձանագրությունների վավերացումը կասեցնելը:
ՌԴ արտաքին գերատեսչության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանն ուսումնասիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը։ Մոտավորապես մեկուկես տարի առաջ Ստեփան Գրիգորյանն էլ էր հայտարարում, որ Հայաստանը կարող է նախաձեռնել Թուրքիայի անդամակցությունը Մինսկի խմբում: Այս դիտարկումներին ի պատասխան՝ փորձագետը նկատում է, որ դա խնդիր չէր առաջացնի, եթե Թուրքիան բացեր սահմանը եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ ստեղծեր Հայաստանի հետ: «Հիմա թուրքերը ցանկանում են մտնել Մինսկի խումբ եւ այնտեղից կարգավորել ԼՂՀ հարցը: Ոչ: Թուրքիան չի կարող դառնալ Մինսկի խմբի համանախագահ, քանի որ իր դիրքորոշումը ԼՂ հարցում կողմնակալ է՝ հօգուտ Ադրբեջանի: Ինչպե՞ս կարող է կոնֆլիկտի կողմը միջնորդ դառնալ: Մեկուկես տարի առաջ Թուրքիայի մոտեցումներն ավելի մեղմ եւ հավասարակշռված էին, եւ նման հնարավորություն կար»,- ասում է փորձագետը: Այս հարցն այսօր մեր զրուցակիցն օրախնդիր չի համարում. «Իսկ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը նորմալ է: Իրանին եւ Թուրքիային ընդգրկելու առաջարկներ կան, պետք է քննարկվեն: Դա զուտ դիվանագիտական նյուանս է»: Իհարկե, մեր զրուցակիցը չի բացառում, որ ՌԴ-ն փորձի օգտագործել այս փաստը՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը փոքր-ինչ բարձրացնելու համար՝ հանուն այս գործընթացում ԱՄՆ-ի դերի նվազեցման. «Ներքին խմորումներ կլինեն, բայց ակնհայտ է, որ ՌԴ-ն էլ դեմ կլինի, որպեսզի Թուրքիան դառնա համանախագահող երկիր»:
«Անկարայի ու Երեւանի համար հիմա լավագույն քայլ կարող է լինել այն, որ ժամանակավորապես մի կողմ դրվեն արձանագրությունների առավել դժվարին դրույթները եւ առաջ մղվի քիչ վիճարկելի մասը։ Չնայած ընթացիկ դժվարություններին, նրանք կարող են դիվանագիտական կապեր հաստատել ու փոխադարձաբար ճանաչել միմյանց միջեւ սահմանը։ Սա խորհրդարանի հաստատման կարիք չունի, չի առնչվում Լեռնային Ղարաբաղի գործընթացի հետ, պարզապես վերաբերում է երկկողմ հարաբերություններին»,- օրերս առաջարկել էր Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Արդյոք սա պատահակա՞ն բարձրաձայնված կարծիք էր: Ստեփան Գրիգորյանը կարծում է. «Սաբինա Ֆրեյզերը շատ լուրջ փորձագետ է, եւ այդ խմբի դերը ԼՂՀ կարգավորման վերջին երկու մոտեցումների մեջ՝ պրահյան եւ մադրիդյան, մեծ է: Իրենք լավ գիտեն տարածաշրջանը, ուրեմն պետք է ուշադիր լսել, թե ինչ են ասում: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց այդ դիրքորոշումը տեղափոխվի պաշտոնական դաշտ: Հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է, բայց կարծում եմ, որ մեր դիրքերն էլ ավելի ուժեղ կլինեին, եթե ՀՀ ԱԺ-ն միակողմանի վավերացներ արձանագրությունները: Այս պարագայում Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն է ստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել