Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵՑ

Ապրիլ 24,2010 00:00

«Թուրքիան պետք է գիտակցի, որ հարեւան երկրի հետ չի կարելի խոսել նախապայմանների լեզվով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հստակ քաղաքականության արդյունքում միջազգային հանրությունը դա գիտակցել է, իսկ Թուրքիան, հավանաբար, հասկացավ նախագահի ուղերձից»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողները հարցրին, թե ինչո՞ւ Հայաստանը որոշեց կասեցնել հայ-թուրքական գործընթացը հիմա, չէ՞ որ Թուրքիան նախապայմանների լեզվով խոսել է հենց արձանագրությունները ստորագրելու սկզբից: Ըստ պատգամավորի. «Արձանագրություններում նախապայմաններ չկան, իսկ Էրդողանն ու Դավութօղլուն խոսում են արձանագրությունների հետ կապ չունեցող բաների մասին: Մեր համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ Վաշինգտոնում նախագահների հանդիպումից հետո Էրդողանն ասաց, որ մինչեւ ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի»: ՀՀԿ մամուլի խոսնակը շեշտեց, որ Հայաստանը կասեցրեց գործընթացը, քանի որ Թուրքիան պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները, հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ հայկական կողմը չի ուզում ամեն գնով հարաբերություններ հաստատել: Էդուարդ Շարմազանովը նաեւ նշեց. «Մենք գտնում ենք, որ մեր դիրքորոշումը ամբողջական է եւ արդարացի եւ բխում է պետության շահերից: Հայկական կողմը դուրս չի գալիս հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացից: Մենք կողմնակից ենք, որ գործընթացը շարունակվի, եթե թուրքական կողմը կարողանա գործնական քայլեր անել: Ապրիլի 24-ից առաջ Սերժ Սարգսյանի ուղերձը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը դեմ է ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի եւ ավելացնի իր ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել