Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԴԺԳՈՀ ՉԷ

Ապրիլ 24,2010 00:00

Անկարան հուսով է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի այն կետից, որտեղ կանգ է առել: Այս մասին, ինչպես հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet թերթը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ՀՀ իշխող կոալիցիայի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու վերաբերյալ որոշումը: «Դա Հայաստանի կողմից ընդունված միակողմանի որոշում է: Ինչպես նշեց վարչապետ Թայիփ Էրդողանը, դա նրանց գործն է եւ որոշելիքը: Բնականաբար, մենք չենք կարող միջամտել նրանց ներքին գործընթացին: Սակայն շատ կարեւոր է գործընթացը շարունակելու շեշտադրումը: Հուսով ենք, որ Հայաստանում եւ Թուրքիայում հնարավորին շուտ կձեւավորվի համապատասխան քաղաքական մթնոլորտ, եւ գործընթացը կշարունակվի այն կետից, որտեղ կանգ է առել»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ավելացնելով, որ գործընթացի շարունակությունը բխում է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի գլխավորությամբ ողջ միջազգային հանրության շահերից:
Դավութօղլուն հայտարարել է նաեւ, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Երեւանի եւ Անկարայի միջեւ ստորագրված արձանագրությունների տառին եւ ոգուն: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հիշեցնելով, որ արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, նշել է. «Համապատասխան պայմանների առկայության դեպքում պատրաստ ենք քայլեր իրականացնել»: Hurriyet-ը տեղեկացնում է նաեւ, որ այսօր Տալլինում հանդիպում է տեղի ունեցել Ահմեդ Դավութօղլուի եւ Հիլարի Քլինթոնի միջեւ: Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ արձանագրությունների առնչությամբ կայացրած որոշումը: Դավութօղլուն եւ Քլինթոնն ընդգծել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու կարեւորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել