Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արտահերթ իրավիճակում ենք»

Ապրիլ 24,2010 00:00

Կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պահանջելով նոր ընտրություններ կամ երկխոսություն

«Հայաստանը, մեր հանրապետությունը, մեր ժողովուրդը գտնվում է արտահերթ իրավիճակում: Այդ վիճակը մենք կարող ենք հաղթահարել առաջիկա ամիսների ընթացքում՝ կամ նոր ընտրություններով, կամ էլ շրջադարձային, համակարգային, բեկումնային նոր փոփոխություններով, որը ենթադրում է այն քաղաքական կամքը, որը մինչեւ հիմա չի երեւում ոչ իշխանության դաշտում, ոչ էլ ընդդիմադիր դաշտի որոշ հատվածներում: Ամեն մեկը նախընտրում է մենախոսել իրեն հարազատ, իրեն հավատարիմ, իրեն համախոհ լսարանում, բայց ոչ մեկը չի ցանկանում գնահատել այդ ազգային, տագնապային եզրագիծը, որը մենք հատել ենք այսօր թե արտաքին, թե ներքին առումներով»,- երեկ «Հայացք» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Չնշելով հստակ ժամկետ՝ նա ակնկալում է, որ փոփոխությունները պետք է տեղի ունենան մինչեւ սեպտեմբեր:
Նկատենք, որ համանման ժամկետներում փոփոխություններ է ակնկալում նաեւ Հայ ազգային կոնգրեսը: Գնահատելով նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այն ստեղծված իրավիճակում համարեց «լավ մարտավարի քայլ», բայց համոզված է, որ «լավ ռազմավարը չպետք է թույլ տար այս իրավիճակի ստեղծումը»: Ըստ բանախոսի, նախագահ Սարգսյանի ուղերձում «խոսքերը շատ դիպուկ էին, համոզիչ»: Բայց՝ «մնում է ստորագրությունը, գործը, Հայոց իշխանության կնիքը, եւ այդ ստորագրությունը նշանակում է մեր հայրենազրկման ընդունում, Ցեղասպանության հետեւանքների վավերացում»: Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ եթե չլիներ այդ նախաձեռնությունը, եւ «մեր մեղսակցությամբ այդ պատրանքը չստեղծվեր, որ կա գործընթաց», միջազգային հանրությունն իր շահերի համապատասխան ավելի դյուրին կճանաչեր Ցեղասպանությունը: Նրա կանխատեսմամբ՝ եթե հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն առաջ գնա, ապա արձանագրությունների ստորագրումից եւ, Աստված չանի, վավերացումից հետո, այլեւս միջազգային օրակարգում Ցեղասպանության ճանաչում չի լինելու:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ի՞նչ կարող է հետեւել նախագահ Սարգսյանի հայտարարությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սա մշակված սցենար է, որը թույլ կտա, որ Թուրքիան ինչ-ինչ քայլերի միջոցով իրենց ընտրությունների նախաշեմին, թե դրանք հաղթահարելով, վերադառնա սեղան՝ ընդունելով այդ արձանագրությունների փաստը որպես արդեն փոխզիջում»: Քաղաքական գործչի գնահատմամբ՝ այս ընդմիջումը թուրքերը կգործադրեն արցախյան ճակատում ճնշումներ բանեցնելու համար, սակայն այստեղ նույնպես Հայաստանը պետք է ներքուստ կազմակերպված լինի. «Հայաստանն այլեւս բարի, խելոք, համեստ նստելու բարդույթը պետք է հաղթահարի: Չպետք է անպայման ծայրահեղացնի իր մոտեցումները: Պետք է կարողանա իր խնդիրներն ամբողջական դնել սեղանի վրա՝ թե՛ Թուրքիա-Հայաստան հարաբերություններից իր ակնկալիքը, Ցեղասպանության խնդիրների հիմնական լուծումը, թե՛ ԼՂՀ ինքնիշխանության եւ ճանաչման հրամայականի խնդիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել