Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՉԻ ՈՒՐԱԽԱՑԵԼ

Ապրիլ 24,2010 00:00

Սակայն, Միացյալ Նահանգներում ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի հրամանագրից հետո իրենք պարզապես հանգստացած շունչ են քաշել:

– Երեկ ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Ինչպե՞ս դա ընդունեց Միացյալ Նահանգներում ապրող հայկական սփյուռքը:
– Թվում էր, թե հայկական համայնքը պետք է ուրախանար այդ ուղերձով, բայց մեզ դա ավելի շատ հանգստացրեց, քան ուրախացրեց, որովհետեւ մենք շատ անհանգստացած էինք այդ արձանագրությունների ստորագրմամբ, որտեղ հստակ նախապայմաններ կային՝ կապված Ցեղասպանության եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ: Մենք չէինք բացառում, որ հայկական եւ թուրքական կողմերի միջեւ համաձայնություն կար՝ ուշադրություն չդարձնել Թուրքիայի կողմից արվող հայտարարություններին, առաջադրված նախապայմաններին, բայց հետո պարզվեց, որ դրանք ավելի լուրջ են ու իրական, եւ կարծում եմ՝ ՀՀ իշխանություններն էլ հասկացան դա: Ինձ թվում է, որ այս վերջին զարգացումները եւ Սերժ Սարգսյանի քայլը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունք էին: Դրան, իհարկե, նպաստեցին մի քանի գործոններ: Նախ՝ Թուրքիան սկսել էր նախապայմանների լեզվով խոսել ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային հանրության, նաեւ ԱՄՆ-ի հետ: Թուրքիան փորձում էր այս երկրների վրա ճնշումներ բանեցնել միանգամից երկու, մի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, մյուս կողմից՝ Ցեղասպանության ճանաչումը կասեցնելու ուղղությամբ: Հիշում եք՝ ԱՄՆ-ում Թուրքիայի հայտարարությունները, դեսպանին ետ կանչելը, Վաշինգտոն գալուց հրաժարվելը: Թուրքիան գերագնահատեց իր դերն ու կշիռը, եւ այն, որ ե՛ւ Ֆրանսիայում, ե՛ւ Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի որոշումը քննադատության չենթարկվեց, վկայում է մի բանի մասին՝ միջազգային հանրությունն էլ, ի դեմս նաեւ Միացյալ Նահանգների, Թուրքիային իր տեղը ցույց տալու մեսիջ ուղարկեց՝ հասկացնելով, որ իրենց հետ նախապայմաններով խոսել եւ ճնշումներ բանեցել հնարավոր չէ: Կարծում եմ, Թուրքիան սխալվեց եւ իր վարած մաքսիմալիստական քաղաքականության արդյունքում այսօր շատ նեղ կացության մեջ է հայտնվել:
Մյուս կողմից, շատ ուշագրավ է, որ ՀՀ նախագահը ուղերձով հանդես եկավ Մոսկվայից վերադառնալուց հետո, եւ ֆուտբոլային դիվանագիտությունն էլ սկսվել էր Մոսկվայից: Կարծում եմ, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումը պայմանավորված է նաեւ Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխությամբ: Ռուսաստանը, մանավանդ Ուկրաինայում տեղի ունեցած փոփոխությունների եւ Ղրղըզստանում կատարվածի ֆոնի վրա, հիմա իրեն ավելի ամուր է զգում եւ փորձում է ընդլայնել իր ազդեցության շրջանակը: Մենք միշտ էլ ասել ենք, որ տարածաշրջանային խնդիրներ լուծելիս ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Թուրքիան իրենք չեն որոշումներ կայացնում: Դա անում են տարածաշրջանում շահեր ունեցող մեծ տերությունները: Եվ այն արձագանքը, որ հնչեց Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից, նշանակում է, որ նրանք համաձայն են եղել Ս. Սարգսյանի քայլին: Մենք, իհարկե, ողջունում ենք Սերժ Սարգսյանի կատարած քայլը:
– ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Սերժ Սարգսյանի հրամանագրի առնչությամբ հիասթափություն կամ մտահոգություն չհայտնեցին ու փոխարենը շեշտեցին հայ-թուրքական երկխոսությունը շարունակելու կողմերի պատրաստակամության հանգամանքը: Չե՞ք կարծում, որ ԱՄՆ վարչակազմը շարունակում է այդ փաստը օգտագործել նաեւ այս ապրիլի 24-ին:
– Անկախ ամեն ինչից, կարծում եմ, Օբաման պատճառ կգտներ Ցեղասպանություն բառը չարտասանելու համար: Այս անգամ նա, գուցե, Ցեղասպանությանը ավելի մոտ բառ ասի, բայց այս անգամ էլ դա կպատճառաբանի ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այլ, ասենք՝ դրանք չսրելու ցանկությամբ:
Մյուս կողմից, մեր դժբախտություններից մեկն էլ այն է, որ այդ հարցի շուրջ կրքեր բորբոքելուն նպաստում է Թուրքիան: Նա չափազանց գերագնահատում է այդ բանաձեւի ընդունումը: Նման բանաձեւեր շատ են եղել, եւ նախկինում 3 անգամ այդպիսի բանաձեւեր նույն մակարդակում ընդունվել են, բայց դա պարտադրող փաստաթուղթ չէ եւ օրենքի ուժ չունի: Ընդունվելու դեպքում էլ դա միայն առաջարկ է, բարոյական խնդիր, հորդոր առ այն, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը Ցեղասպանություն ձեւակերպումն ասի: Նույնիսկ եթե Օբաման այդ բառն օգտագործի, դրանից ոչինչ չի փոխվի, ուղղակի մենք ենք համարում, որ ԱՄՆ-ն Ցեղասպանություն բառն ասի՝ ինչ-որ բան կփոխվի։ Աժիոտաժը շատ է, որովհետեւ Թուրքիան է դրան մեծ նշանակություն տալիս, բայց, ըստ իս, դա էլ արվում է քաղաքական նպատակներով: Նման փաստաթղթերին, այդ բառի արտաբերմանը Թուրքիան ընդդիմանալով՝ հասնում է միանգամայն այլ հարցերի արծարծման: Մենք էլ չափից ավելի մեծ կարեւորություն տալով Օբամայի կողմից այդ բառն արտասանելուն՝ թերանում ենք շատ այլ կարեւոր հարցերում, օրինակ՝ ժամանակ չենք թողնում մտածելու համար հաջորդող քայլերի մասին, ոչ էլ Հայաստանն է մտածում: Այս հարցում չկա փոխհամաձայնեցված մարտավարություն:
– Մեզ մոտ՝ այսօր, իսկ Միացյալ Նահանգներում վաղը հայ համայնքը նշելու է Ցեղասպանության 95-րդ տարելիցը: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված:
– Լայնածավալ միջոցառումներ կլինեն բազմաթիվ նահանգներում եւ քաղաքներում՝ նաեւ մի շարք քաղաքապետերի, կոնգրեսականների մասնակցությամբ: Դրանց հիմնական նախաձեռնողը հայ երիտասարդությունը, ուսանողներն են: Այս տարի առաջին անգամ այդ միջոցառումների շրջանակներում մարդկանց բաժանվելու են Ցեղասպանությանը նվիրված անգլերեն լեզվով գրքույկներ, որի հեղինակը ամերիկահայ պրոֆեսոր է, որը պնդում է, որ Թուրքիան ինքն է Ցեղասպանության փաստը ճանաչել, եւ դա են ապացուցում հենց թուրքական աղբյուրները՝ Ցեղասպանությունից անմիջապես հետո թողած իրենց գրավոր վկայություններով: Միջոցառումները հիմնականում լինելու են անգլերենով, եւ այնտեղ հանդես է գալու նաեւ ամերիկացի կոնգրեսական, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի հեղինակ Ադամ Շիֆը: Միջոցառումներ են լինելու մասնավորապես նաեւ Լուիզիանա նահանգում, ուր պատրաստվում եմ մեկնել նաեւ ես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել