Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 24,2010 00:00

Այսօր աշխարհի 21 երկրներ 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն: Այս 21 երկրները տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս քարտեզում մուգ գույնով ներկված երկրներն իրենց խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության իսկությունը ճանաչած պետություններն են: Իսկ բաց գույնով ներկված պետություններում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մասամբ: Որոշ նահանգներում այն ընդունվել է, սակայն ընդհանուր պետության կողմից՝ ոչ:
Աշխարհում հայտնի մի շարք ցեղասպանագետներ եւ գիտական լայն շրջանակներ 1915թ. իրադարձությունները որակում են որպես ազգի ոչնչացման նպատակով կանխամտածված գործողություններ, այսինքն՝ ցեղասպանություն: Բացի այդ, Եվրախորհրդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեայի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակահատվածներում ընդունված որոշումների համաձայն՝ ընդունվել է Հայոց ցեղասպանության պատմական իսկությունը: «Թեեւ ոչ բոլոր պետություններն են ընդունել Ցեղասպանության իսկությունը, սակայն, չընդունած երկրների ազդեցիկ լրատվամիջոցները, անդրադառնալով 1915թ. դեպքերին, այն որակում են որպես Հայոց ցեղասպանություն: Այդ պարբերականներն են. «The New York Times», «Associated Press», «Los Angeles Times», «The Times ve The Independent»,- գրում է «ntvmsnbc» թուրքական կայքը:
Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով՝ սկսած առանձին մտավորականներից մինչեւ պետությունների ղեկավարներն ու օրենսդիր մարմինները: Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձեւերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել է 1987, 1998, 2000, 2001, 2002 եւ 2005թթ.:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են.
Ռուսաստանի Պետդուման. 1995 թվականի ապրիլի 14-ին՝ 1915-1922 թվականներին ցեղասպանություն իրագործողներին դատապարտող եւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:
Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ 1982 թվականին Կիպրոսի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Ցեղասպանության փաստը:
Հունաստանի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ին՝ 1915 թվականի ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր ճանաչելու մասին որոշում է ընդունել:
Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը:
Իտալական 33 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2000 թվականի ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Իտալիայի խորհրդարանում:
Լիբանանի Ազգային խորհուրդը 1997 թվականի ապրիլի 3-ին բանաձեւ է ընդունել, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր: Բանաձեւը կոչ է անում Լիբանանի ժողովրդին՝ ապրիլի 24-ին միասնական լինել հայ ժողովրդի հետ: Իսկ 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը:
Հարավավստրալիական Նոր Ուելս նահանգի խորհրդարանը, ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, 1997 թվականի ապրիլի 17-ին դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը, որակելով դրանք որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն եւ ապրիլի 24-ը հռչակել Հայոց եղեռնի զոհերի հիշատակման օր՝ կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար քայլեր ձեռնարկել: 2009 թվականի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը Ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձեւ է ընդունել:
Բելգիայի Սենատը 1988 թվականին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել եւ դիմել է ներկա Թուրքիայի կառավարությանը՝ Ցեղասպանությունն ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչեւ մեկ տարվա ազատազրկում։
Ֆրանսիայի Ազգային խորհուրդը 1988 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թվականի նոյեմբերի 7-ին բանաձեւի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը: Սակայն սենատորները որոշ չափով փոփոխել են բանաձեւի տեքստը, փոխարինելով սկզբնական՝ «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում Հայերի ցեղասպանության փաստը»՝ «Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915 թվականին ցեղասպանության զոհ են դարձել» տեքստով: 2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Իսկ 2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:
Արգենտինայի Սենատը 1988 թվականի ապրիլի 22-ին Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրագործվող հանցանք ճանաչող որոշում է ընդունել:
Շվեդիայի խորհրդարանը 2000 թվականի մարտի 29-ին հաստատել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որը դատապարտում եւ ճանաչում է 1915 թվականին թուրքերի իրագործած ոճիրը, պաշտոնապես ճանաչել է 2010թ.:
Մեծ Բրիտանիա. Ուելսի Ազգային ժողովը 2002 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը:
Նիդեռլանդներ. Հոլանդիայի խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը 2004 թվականին:
Սլովակիայի խորհրդարանը Ցեղասպանության փաստը ճանաչել է 2004 թվականին:
Գերմանիայի Բունդեստագը 2005 թվականին առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է «1915թ. ապրիլի 24-ի կոտորածի 90-րդ տարելիցի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձեւը, որում նշվում է, որ Գերմանիան պետք է աջակցի թուրքերի եւ հայերի համերաշխությանը: Փաստաթղթում նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները չեն որակվում «ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց ցեղասպանություն»:
Լիտվայի խորհրդարանը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը դատապարտող բանաձեւ ընդունել է 2005թ. դեկտեմբերին: Բանաձեւն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, որի օգտին քվեարկել է Լիտվայի խորհրդարանի 48 պատգամավոր, երեք պատգամավոր ձեռնպահ է մնացել քվեարկությունից, դեմ ձայներ չեն եղել: Քննարկման ժամանակ պատգամավորները նշել են, որ պատմական փաստերը ժխտելն անիմաստ է եւ անհնար:
Վենեսուելայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունել է 2005 թվականի հուլիսի 14-ին: Հայ համայնքի նախաձեռնությամբ փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը եւ փաստաբան Ժանետ Մադրիսը:
Չիլիի Սենատը 2007 թվականի հուլիսին միաձայն որոշում է կայացրել, որում կառավարությանը կոչ է անում՝ աջակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա դեմ իրականացված Ցեղասպանությունը:
Շվեյցարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումը հետապնդող խումբ է գործում: Խումբը պարբերաբար բարձրացնում է Ցեղասպանությունը ճանաչելու հարցը եւ հասել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության գործընթացի ճանաչմանը: Պատմական փաստը ժխտելու համար Շվեյցարիայում նույնպես քրեական պատասխանատվություն է սահմանված:
Բրազիլիայի ամենամեծ նահանգի՝ Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006 թվականին ապրիլի 24-ը «1915 թվականի Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերի հիշատակման օր» ճանաչելու մասին օրենք է ընդունել: Օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է միաձայն: Բրազիլական հաջորդ նահանգը, որի խորհրդարանում կրկին միաձայն ընդունվել է Ցեղասպանությունը ճանաչող օրենք, Սեարան է:
ԱՄՆ-ի 50 նահանգից 42-ը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել է Ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
2000 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է 596 բանաձեւը, որով ընդունում N1915–1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: 2007 թվականի հոկտեմբերի 10-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 27 կողմ եւ 21 դեմ ձայնով ընդունել է բանաձեւը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո է դրել՝ այն ԱՄՆ Սենատի օրակարգ ներառելու վրա։ 2009 թվականի մարտի 19-ին Հայերի ցեղասպանությունը ճանաչող նոր՝ 252-րդ բանաձեւ է ներկայացվում ԱՄՆ-ի Կոնգրես: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու վերաբերյալ բանաձեւը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց 2010թ. մարտի 4-ին:
Սակայն ԱՄՆ-ում մոռացության են մատնել այն հանգամանքը, որ 57 տարի առաջ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը մի փաստաթղթով, որը ներկայացվել էր Արդարադատության միջազգային դատարան, ինչը նաեւ հայտնի է որպես Համաշխարհային դատարան:
Հայոց ցեղասպանությանն անդրադարձող կեսդարյա վաղեմության այս փաստաթուղթը հայտնաբերել է պրոֆեսոր Ուիլիամ Ա. Շաբասը, ով 2008թ. հունիսի 4-ին այն տեղադրել էր «PhD Studies in Human Rights» կայքէջում: Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացված այս փաստաթուղթը ընդգրկված է Արդարադատության միջազգային դատարանի 1951թ. մայիսի 28-ի զեկույցում, որը վերնագրված է. «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիային ուղղված վերապահում»:
Հայոց ցեղասպանության մասին խնդրո առարկա հիշատակումը գտնվում է Արդարադատության միջազգային դատարանի զեկույցի 25-րդ էջում. «Ցեղասպանության մասին կոնվենցիան արդյունք է անմարդկային եւ բարբարոսական գործողությունների պրակտիկայի, որը տարածված է եղել որոշ երկրներում՝ մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական եւ ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր գտնվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի տակ եւ ենթարկվել են կանխամտածված ոչնչացման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել