Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԸ ԿՀԱՍՆԻ ԵԴ

Ապրիլ 24,2010 00:00

Գազի սակագնի բողոքարկման հետ կապված որոշակի մանրամասներ հաղորդելու նպատակով երեկ ՀԱԿ-ի Գյումրու տարածքային գրասենյակում մամուլի ասուլիս էին հրավիրել ՀԱԿ-ի իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ու փաստաբան Վահե Հովսեփյանը: Նրանց ասելով, քանի որ ամենաշատ հայցվորները Գյումրիից են, իրենք առաջին հերթին հարկ են համարել հաշվետու լինել գյումրեցիներին: Նրանց ներկայացրած տվյալներով՝ վարչական դատարան դիմել է 7300 քաղաքացի, որոնցից 1900-ը Շիրակի մարզից են, իսկ 1300-ը՝ Գյումրիից: «Առավոտի» հարցին՝ կա՞ հույս, որ հարցը հօգուտ ժողովրդի կլուծվի, դատարանն անվավեր կճանաչի՞ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «2 տարուց ավելի մենք առիթ ենք ունենում դատական իշխանության հետ «ջերմ» հարաբերվելու, ու էդ ընթացքում հայաստանյան արդարադատությունը սկսեց փայլել, մասնավորապես Գյումրի քաղաքում՝ Պետրոս Մակեյան-Աշոտ Զաքարյան-Շոթա Սաղաթելյան դատավարությամբ, երբ որ գործող իշխանությունը դատական համակարգը վերջնականապես վերածեց կամակատարի, եւ էդ համակարգը սկսեցին աշխատեցնել բռնաճնշումներ իրականացնելու համար: Եկել է մի պահ, երբ որ մենք անցել ենք քրեական, ընտրական գործերով բազմաթիվ դատավարություններ, հիմա եկել հասել ենք վարչական դատարանին՝ տնտեսական հայցով: Բոլոր դատերից առաջ բոլոր լրագրողներին հուզել է՝ արդյոք հույսեր ունե՞նք արդարադատության, պատասխանը միշտ մեկն է եղել՝ եթե անգամ կա 1%-ի հնարավորություն, մենք պարտավոր ենք օգտագործել դա: Հիմա տվյալ դեպքում ի՞նչ կլինի, եթե վարչական դատարանը անի այն, ինչ որ միշտ անում է՝ կատարի պատվեր: Մենք, բնականաբար, կբողոքարկենք, մեր պետական ատյաններում կսպառենք հայցի բողոքարկումը եւ կպատրաստվենք Եվրոպական դատարան դիմելու»: Նա նաեւ հույս հայտնեց, որ Եվրադատարանում այս հարցի քննարկումը երկար չի ձգձգվի, այսինքն՝ ժողովուրդը 6-7 տարի չի սպասի, հատկապես որ «ՀայՌուսգազարդը» գազի սակագինը բարձրացնելուց առաջ ոչ մի անվիճելի փաստարկ, ապացույց չի ներկայացրել: Ի դեպ, փաստաբան Վահե Հովսեփյանը դատարանի՝ գործը գրավոր ընթացակարգով քննելու որոշումը բողոքարկել է վարչական դատարան: Ըստ նրա՝ հարցը հանրային մեծ հնչեղություն ունի, եւ դատարանը, ըստ Վարչական դատավարության օրենսգրքի 138 հոդվածի, իրավունք չունի հայցվորներին զրկել դատին մասնակցելու հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել