Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սրբագրում են իրենք իրենց

Ապրիլ 24,2010 00:00

Կամ՝ հետողորմյա արին

Երեկ տնտեսական մրցակցության հանձնաժողովը անվավեր է ճանաչել դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար տուգանված յոթ ընկերությունների նկատմամբ տուգանքի որոշումը (93-Ա): Հիշեցնենք, որ այդ որոշումն ընդունվել էր նախորդ տարի դեկտեմբերին: Համաձայն արդեն իսկ անվավեր ճանաչված որոշման՝ «Վարույթի նյութերը հիմնավորել են, որ ուսումնասիրված դեղերի՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից ձեռք բերման գների անփոփոխ մնալու կամ ոչ զգալի փոփոխության պարագայում զգալիորեն, ոչ համարժեք եւ միեւնույն ժամանակահատվածում՝ սեպտեմբեր-հոկտեմբերին բարձրացվել են իրացման գները: Տնտեսվարողների այս վարքագիծը, որը ուղղակի կամ անուղղակի հանգեցնում կամ կարող է հանգեցնել որեւէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, հակամրցակցային համաձայնություն է: ՏՄՊՊՀ-ն հակամրցակցային համաձայնության եւ մրցակցության սահմանափակման համար վերոհիշյալ ընկերություններից յուրաքանչյուրին տուգանեց յուրաքանչյուրի նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով (բայց յուրաքանչյուրին ոչ ավելի, քան 300 միլիոն դրամով)»: Հիշեցնենք նաեւ, որ տուգանված յոթ ընկերությունները մեծ աղմուկ բարձրացրին, պնդեցին, թե ՏՄՊՊՀ որոշումն անհիմն է, անգամ դիմեցին դատարան: Այդ ժամանակ «Առավոտի» թղթակիցը ՏՄՊՊՀ-ից հետաքրքրվել էր՝ ճի՞շտ է, որ տնտեսվարողների հանդեպ տուգանքը կիրառվել է առանց հիմնավոր փաստերի, հանձնաժողովից պարզաբանել էին. «Ի թիվս այլ փաստաթղթային ապացույցների, փաստացի ապացույց են նաեւ դեղերի գները: Եթե որեւէ տնտեսվարող կասկած ունի, ապա կարող է հարցնել դեղ օգտագործող ցանկացած քաղաքացու»:
Բայց նկատենք, որ այդ ժամանակ հանձնաժողովի նախագահն ուրիշն էր՝ Դավիթ Հարությունյանը, որը հանկարծակի հրաժարական տվեց ու հեռացավ: Դրան հաջորդեցին լուրերն այն մասին, որ պարոն Հարությունյանին սպառնացել են, անգամ ինչ-որ տեղ գրվեց, թե զենք են պահել վրան, խոսում էին, որ այս ամենում իր դերն ունի վարչապետը եւ այլն, եւ այլն… Սակայն փաստը, որ պարոն Հարությունյանի հրաժարականը կապված էր հենց դեղորայքի շուկայի պատմությունների հետ՝ հաստատվեց այն ժամանակ՝ մարտի 19-ին, երբ ՏՄՊՊՀ որոշմամբ կասեցվեց վարույթը դեղորայքի շուկայի մյուս ընկերությունների հանդեպ: Այն ժամանակ դեռ «Առավոտը» կեսկատակ-կեսլուրջ ենթադրել էր, որ այս յոթ ընկերությունների հարցն էլ որեւէ ձեւով կլուծեն, ու դեղերի շուկայի հարցը կհամարվի փակված («Մեղա եկան», 20.03.2010թ.): Սակայն կարծում էինք, որ դա կարվի դատարանի որոշմամբ, քանի որ այդ ընկերությունները դիմել էին դատարան, դե, իսկ դատարաններն էլ մեր երկրում… ավելի լավ է չխոսենք…
Սակայն ՏՄՊՊՀ-ն՝ իր նոր նախագահով, որը, բնականաբար, աչքի առաջ ունի նախորդի փորձը, որոշել է այդքան չսպասել ու միանգամից այդ հարցն էլ լուծել: Եվ բերել է հետեւյալ պատճառաբանությունը, թե ինչու է անվավեր ճանաչում իր իսկ կայացրած որոշումը. «Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով դատարան ներկայացված հայցադիմումներում նշվել են որոշ հանգամանքներ, այդ թվում՝ ապացույցների վերաբերյալ, որոնք հիմք են Հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու համար»:
Թե սրանից հետո էլ ով է խելքը հացի հետ կերել, որ հավատա, թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողովը պաշտպանում է տնտեսական մրցակցությունը եւ մասնավորապես՝ պայքարում է հակամրցակցային համաձայնությունների դեմ՝ դժվար է ասել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել