Հայ եւ հոլանդացի վերահսկիչները համատեղ կստուգեն հարկային-մաքսային, բնապահպանական եւ գիտակրթական ոլորտները:
«Երբ Հայաստանն արդեն հանդիսանում էր «քաղաքակիրթ» աշխարհի մաս եւ հզոր պետություն՝ Նիդեռլանդներն ընդամենը ճահճոտ երկիր էր, որտեղ բատավիացիները՝ մեր «բարբարոս» նախնիները, պայքարում էին հռոմեացիների դեմ: Նիդեռլանդներում քրիստոնեություն տարածելու առաջին փորձերն արվեցին մոտավորապես մեր թվարկության 700 թվականին, երբ Հայաստանն արդեն 400 տարի շարունակ քրիստոնյա ազգ էր…»,- իր ելույթում նման՝ մեր ազգային ինքնասիրությունը շոյող տողեր էր ներառել Նիդեռլանդների թագավորության Հաշվիչ (աուդիտորների) դատարանի համանախագահ, դոկտոր Հայս դե Ֆրիսը՝ Նիդեռլանդների աուդիտորների դատարանի եւ ՀՀ Վերահսկիչ պալատի միջեւ համագործակցության ծրագրի մեկնարկին նվիրված կոնֆերանսի ժամանակ, որը կայացավ երեկ՝ Ծաղկաձորում: Նա նաեւ չէր մոռացել պատմական էքսկուրս կատարել հայ եւ հոլանդացի հասարակությունների միջեւ առեւտրատնտեսա-բարոյահոգեբանա-կրթամշակութային կապերի վերաբերյալ, մասնավորապես, հիշեցնելով, որ «հայերեն լեզվով առաջին Աստվածաշունչը տպագրվել է Ամստերդամում՝ 1666թ.», «1714թ. Ամստերդամում կառուցված հայկական եկեղեցին դեռ գործում է», եւ նույնիսկ՝ «նյութապես ապահովված հայերը պատվիրում էին իրենց դիմանկարները հայտնի հոլանդացի նկարիչներին, այդ թվում՝ նաեւ Ռեմբրանդտին»:
Twining՝ «զուգորդում» ծրագրի շրջանակներում (Twining համագործակցության ծրագրի մանրամասներին «Առավոտն» անդրադարձել է «ԵՄ-ն օգնում է կադրերով» հոդվածում, 02.12.2009թ.) Հայաստանի Վերահսկիչ պալատի եւ Նիդեռլանդների համապատասխան մարմնի (որն այնտեղ կոչվում է Հաշվիչ դատարան) միջեւ դեռ 2009-ի հուլիսին կնքվել է համագործակցության համաձայնագիր, որով հոլանդական կողմը հայկական կողմին տեխնիկական եւ գործնական աջակցություն կցուցաբերի 2010-2013թթ. ընթացքում: 700 հազար եվրոյի տեխնիկական աջակցության ծրագիրն իր մեջ ներառում է համատեղ վերահսկողություններ, ռազմավարական փաստաթղթերի մշակում, փորձագիտական եւ գործնական աջակցություններ, ուսուցում եւ վերապատրաստում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Նիդեռլանդներում: Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ «Որքան շփվում եմ նրանց (Նիդեռլանդների Հաշվիչ դատարանի աշխատակիցների) հետ, այնքան համոզվում եմ, որ նրանց փորձը ներառելով՝ մենք ավելի ճկուն համակարգ կունենանք»: Պարոն Զաքարյանը խիստ կարեւորում էր ոչ միայն որոշ ոլորտներում հայ-հոլանդական համատեղ վերահսկողության իրականացումը, այլեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարության եւ համակարգերի մշակումը, որը նույնպես աջակցության ծրագրի բաղադրիչներից է: Ի դեպ, դոկտոր Հայս դե Ֆրիսը երեկ դատարկ ձեռքերով չէր եկել: Նա իր հայաստանցի գործընկերներին նվիրեց ՏՏ ժամանակակից կրիչ, որը բեռնված է «աուդիտորական» համակարգչային IDEA ծրագրով, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել աուդիտի ենթարկվող կազմակերպությունների համակարգչային տվյալները եւ կատարել այդ տվյալների հավաստիության ստուգման թեստեր, ընտրական ստուգումներ եւ այլ տեսակի վերլուծություններ: Իր խոսքում պարոն դե Ֆրիսը նաեւ նշեց, որ բոլոր երկրների քաղաքացիներն էլ ուզում են վստահել իրենց կառավարություններին, եւ դրա համար էլ կարեւոր է վստահելի եւ լավ աշխատող աուդիտորական, վերահսկող մարմիններ ունենալը: Իսկ կառավարություններն իրենց հերթին, ըստ պարոն դե Ֆրիսի, «չպետք է մոռանան, որ ծախսում են հարկատուների փողերը»:
Համատեղ վերահսկողություն իրականացվելու է հարկային-մաքսային համակարգում, բնապահպանական ոլորտում եւ գիտակրթական բնագավառում: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ են ընտրել հատկապես այդ երեք ոլորտները, պարոն Զաքարյանը պատասխանեց, որ մեր հարկային-մաքսային եւ գիտակրթական ոլորտներում կուտակված լուրջ խնդիրներ կան, բացի այդ՝ բնապահպանական ոլորտը նոր, դեռ չհետազոտված ուղղություն է վերահսկողության դաշտում, իսկ Նիդեռլանդները հատկապես այս ոլորտներում լուրջ ուսումնասիրությունների հրաշալի փորձ ունի եւ կարող է փոխանցել: