Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղի կեղեւի որոշակի մասի մագնիսական խթանումն ազդում է տարբեր գործողությունների բարոյական գնահատականի վրա: Հետազոտությունները իրականացրել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից մի խումբ մասնագետներ՝ Ռեբեկա Սաքսի գլխավորությամբ: Գիտնականներն օգտագործել են տրանսկրինիալ մագնիսական խթանումը ուղեղի աջ կիսագնդի քունքային շրջանում: Մասնակիցների գլխին ամրացված էլեկտրոդները ստեղծում են թույլ մագնիսական դաշտ, որը ժամանակավորապես խախտում է նյարդային ազդակների հաղորդումը կեղեւի այդ մասում, որն էլ պատասխանատու է արարքների բարոյական գնահատականի համար: Կամավորներին առաջարկվել է գնահատել մարդկանց վարքագիծը մի շարք իրադրություններում:
Օրինակ, փորձի մասնակիցներին հարցրել են, թե, արդյոք, մարդը կարո՞ղ է իր ընկերուհուն թույլ տալ անցնել երերուն կամրջով, անգամ եթե համոզված լինի, որ նա բարեհաջող կանցնի: Եթե այսպիսի իրադրությունում մարդիկ ղեկավարվեն միայն արդյունքով, ապա մարդու վարքը կարդարացվի, եթե անգամ նա ուզում է վնաս պատճառել իր ընկերուհուն:
Փորձերից մեկի ժամանակ կամավորներին 25 րոպե շարունակ ենթարկել են տրանսկրինիալ մագնիսական խթանման՝ մինչեւ նրանց առաջարկվել է գնահատել մարդկանց գործողությունները մի քանի նկարագրված իրավիճակներում: Երկրորդ փորձի մասնակիցներին ենթարկել են կարճ մագնիսական խթանման՝ անմիջապես տարբեր գործողությունների գնահատման ընթացքում: Արարքները պետք է գնահատվեին 1-7 բալանոց սանդղակով. 1-ը որպես անթույլատրելի գործողություն, 7-ը՝ ամբողջովին թույլատրելի:
Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է, որ ձախ կիսագնդի կեղեւի մագնիսական խթանման արդյունքում մասնակիցները առավել հաճախ թույլատրելի են համարել մարդկանց այն արարքները, որոնք ինչ-որ մեկին վնաս պետք է պատճառեին: doctors. am-ը նշում է՝ հետազոտողները ենթադրում են, որ տրանսկրինիալ մագնիսական խթանումը խանգարել է մասնակիցներին գնահատել արարքը բարոյականության տեսանկյունից՝ ստիպելով նրանց ուշադրություն դարձնել գործողության արդյունքին: