«Փողոցային» ներկայացումների կուլտուրան վերադարձնելու փորձ
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին Համազգային թատրոնի դերասան Կարապետ Բալյանը, թատերականի ուսանողներ Նունե Սուքիասյանն ու Տիգրան Ավետիսյանը: Մի խումբ էնտուզիաստներ, Կարապետ Բալյանի ղեկավարությամբ, պատրաստվում են գրավել երեւանցիների ուշադրությունը բացօթյա էտյուդներով, խենթ ու խելառ մտահղացումներով: Կարապետ Բալյանը նշեց, որ Հայ շրջիկ թատրոնը կազմավորվել է 2008 թ., իրենք ցանկանում են վերականգնել Հայաստանում շրջիկ թատրոնի գաղափարը: «Առավոտի» այն հարցին՝ արդյո՞ք իրենց չեն վախեցնում բացօթյա շփումները եւ արդյո՞ք ձեւավորվել է բացօթյա ներկայացումների կուլտուրա Հայաստանում: Հիշեցինք, որ «Միհր» թատրոնը փորձ է ունեցել Էրեբունի արգելոց-թանգարանի մոտակայքում, բայց ստիպված է եղել դադարեցնել ներկայացումը, որովհետեւ, մեղմ ասած, պաշտպանել է դերասաններին խուլիգան անցորդներից: Կ. Բալյանն ասաց, որ այս հարցում էլ հեռատես են եղել, ունեն պայմանավորվածություն Երեւանի քաղաքապետարանի հետ: Շրջիկ թատրոնի ելույթները կհսկեն շրջիկ ոստիկանները:
Շրջիկ թատրոնի խաղացանկում ընդգրկված կլինեն տարբեր ժանրեր՝ էտյուդ, կրկեսային, պարային ու երաժշտական համարներ, մանկական բեմադրություններ, գրոտեսկ, սատիրա եւ այլն: Թատերախումբը տարեկան ունենալու է 20-25 ներկայացում, որոնցով հանդես է գալու յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ քաղաքի բացօթյա վայրերում: Առաջիկա ծրագրերում մանկական ներկայացումներն են: Խոսելով կազմավորված թատերախմբի մասին, Բալյանն ասաց, որ խումբը բաղկացած է 8 անդամից: Դերասանները ուսանողներ են, հետագայում ներմուծելու են նաեւ պրոֆեսիոնալ դերասանների: Այնտեղ հնարավոր է ընդգրկվել՝ առանց պրոֆեսիոնալ դիպլոմի, բայց որոշակի դերասանական հմտությունների տիրապետելու դեպքում: Ասուլիսին նշվեց, որ թատրոնը դեռ չունի հովանավորներ: Առայժմ ինքնաֆինանսավորվում է: Եվ չունի միտումներ՝ աշխարհում ընդունված տարբերակով գումար հավաքել անցորդներից: Հետագայում թատերախումբը ելույթներով հանդես է գալու ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մարզերում, նաեւ մանկատներում, մանկապարտեզներում ու ծերանոցներում: Ներկայացումների ընթացքում տեղադրված է լինելու բողոք-առաջարկների, ինչպես նաեւ դրամական օժանդակությունների արկղ: Ներկայացումներից ստացված գումարը թատերախումբը պարբերաբար հատկացնելու է մանկատներին: Թատերախումբը նախատեսում է ունենալ իր սեփական տրանսպորտային միջոցը (ավտոբուս կամ ֆուրգոն), որի վրա գրված կլինի թատերախմբի անունը: Շրջիկ թատրոնի առաջին ներկայացումը կայացավ երեկ՝ Հյուսիսային պողոտայում: