Այսպես է լինում, երբ դիմում ես գուշակներին
Հայաստանում հաճախ կարող ես հանդիպել մարդկանց, ովքեր հավատում են բախտագուշակներին եւ «որակյալ» բախտագուշակներ փնտրում, ու հատկապես այն դեպքում, երբ գործերը վատ են լինում: Ես գործերիցս չեմ դժգոհում, ոչ էլ, առհասարակ, հավատում բախտագուշակներին, բայց որոշել եմ դիմել նրանց: Ծանոթներիցս հետաքրքրվել ու իմացել եմ քաղաքում հայտնի բախտագուշակների հասցեներն ու անցել գործի: Կվարտալցի տատիկ, Երրորդմասցի պապիկ, Մասիվցի աղջիկ, Էջմիածինցի Ռոզիկ, Գավառցի Ռուբիկ… Այս անվանաշարը կարող է անվերջ շարունակվել, բայց ես նշել եմ այն անունները, որոնց մոտ հատուկ եղել եմ ռեպորտաժ պատրաստելու նպատակով: Եթե մի քիչ դյուրահավատ լինեի՝ այժմ չգիտեմ ինձ հետ ինչ եղած կլիներ. նրանց ասածների համաձայն՝ պարզվում է, որ ես այնքան հոգսեր ու խնդիրներ ունեմ, որ միայն գուշակները կարող են լուծել դրանք: Նավսերից ազատվելու համար Կվարտալցի տատիկի մոտ պետք է գնայի, Երրորդմասցի պապիկը ինձ վրա արված թուղթ ու գրերը պետք է բացեր, ըստ Գավառցի պապիկի՝ ես բախտավոր աստղի տակ եմ ծնված եւ ինձ ոչ մի նավս ու թուղթուգիր չի կարող խանգարել, Մասիվցի աղջիկն էլ ասում էր՝ տնից դուրս չգամ նույնիսկ ամենաանհրաժեշտ դեպքում, որովհետեւ ինձ այս շաբաթ ուզում են փախցնել, ու եթե նրանց հաջողվի՝ կդժբախտանամ: Եթե նրանցից միայն մեկի մոտ գնացած լինեի՝ կմտածեի, որ իրոք այդ գուշակի բոլոր ասածները ճիշտ են, որովհետեւ նրանք բոլորն էլ այնքան վստահորեն են խոսում ու անցյալիցդ դեպքեր պատմում, որ քեզ թվում է, թե իրոք քո կյանքում նման դեպք եղել է: Հետագայում վերլուծելով նրանց ասածները՝ հասկանում ես, որ այն, ինչ գուշակներն այդքան վստահորեն պատմում էին, կյանքում գրեթե բոլորի մոտ էլ պատահում է: Ամեն անգամ նրանց մոտ գնալիս հետս ձայնագրիչ էի տանում, որ հետո հիշեմ ու վերլուծեմ նրանց «հեքիաթները»: Նրանցից մեկն ինձ ասաց՝ «Շատ բարի աղջիկ ես, բայց քույրդ լավը չի, հարազատ քույր ունես, չէ՞, այսինքն ոնց չունես, ասացիր 6 երեխա եք, կարճ ասած՝ քրոջիցդ զգույշ կլինես, ինքը քո բախտին ուզում ա քար գցի, քրոջդ հետ էլ նույն սենյակում չքնես…»: Արդեն հավատացել էի այս ամենին, քիչ էր մնում վազեի տուն ու քրոջս սենյակիցս դուրս վռնդեի եւ հանկարծ հիշեցի, որ ես քույր չունեմ:
«Ապրես, հավատքով ես եկել մոտս, թե չէ ոչ մի բան չէի տենա,- ափիս մեջ նայելով՝ ասում էր Մասիվցի բախտագուշակը,- էս ում հետ ես կռվել, մի նեղվի, հաշտվելու եք, բայց առաջին քայլը դու ես անելու»: Սա այն դեպքում, երբ ես ոչ ոքի հետ ոչ կռվել եմ, ոչ էլ պատրաստվում եմ: Իսկ Երրորդմասցի պապիկի համոզմամբ՝ իմ շրջապատում բոլորը նախանձներ են ու ինձ «Ա» տառով մեկը թուղթուգիր է արել, այն էլ՝ երկու անգամ: Հետաքրքիր է, կա՞ մարդ, ում շրջապատում այդ անվանատառով մարդ չկա: Ամեն տեղ բախտս նայելուց հետո 500-1000 դրամ էի թողնում: Որտեղ 500 էի թողնում՝ նրբորեն հասկացնում էին, որ հաջորդ անգամ ամենաքիչը 1000 տամ: Բայց չմոռանամ նշել, որ կան նաեւ այնպիսի գուշակներ, որոնք սպասարկում են միայն էլիտային, հետեւաբար նրանց մատուցած ծառայությունների արժեքը 10 եւ ավելի անգամ թանկ է: Այն գուշակները, որոնց մոտ եղա, համոզված էին, որ իրենց նշանակած օրը ես պետք է գնամ, որովհետեւ նրանք ինձ պետք է փրկեին վտանգներից…
Գուշակների դիմելը շատ մարդկանց համար սովորույթ է կամ անբացատրելի ցանկություն: Այն մարդկանց, ում ես հանդիպեցի գուշակների տանը՝ իրենց հերթին սպասելիս, իրոք հավատով էին եկել: Կվարտալցի Անյա տատիկի հաճախորդներից մեկը համոզում էր ինձ, որ ամենալավ բախտագուշակը այդ կինն է՝ «Գիտե՞ք քանի թուղթուգիր եմ տնիցս հանել նրա օգնությամբ, քանի վտանգից ա ազատել ընտանիքիս: Ես ամիսը մեկ գալիս եմ նրա մոտ: Ասել էր, որ աղջիկս Սամվել անունով տղայի հետ է ամուսնանալու, այդպես եղավ, այնպես որ՝ ամեն ինչը ճիշտ-ճիշտ ասում ա, հանգիստ մտի մոտը»,- վստահեցնում էր Անյայի մշտական հաճախորդը: Բախտագուշակներին այցելելը փրփուրներից կախվելու պես մի բան է, երբ նեղն են ընկնում եւ տվյալ իրավիճակից դուրս գալու ելք չեն գտնում՝ դիմում են գուշակների օգնությանը: Իսկ մեկ անգամ այցելելուց հետո կամ դառնում ես մշտական հաճախորդ, կամ որոշում, որ այլեւս չես դիմելու ոչ մի գուշակի:
Թեմայի վերաբերյալ հոգեբան Ռուզաննա Գրիգորյանը բացատրում է. «Օրինակ, անգամ սուրճի բաժակ նայելը մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա: Քանի որ, երբ նայում են բաժակն ու ինչ-որ բաներ ասում, մարդիկ սկսում են մտածել այդ մասին, իսկ երբ մտածում են, իրենք իրենց մեջ սկսում են համընկեցնել իրադարձությունները: Ու երբ համընկնումները շատ են լինում՝ մարդիկ հավատում են այդ մրուրին: Այդպես էլ գուշակների մոտ է: Շատ մարդիկ նրանց մոտ գնում են այն մեծ հավատով, որ իրենց համար փրկություն է լինելու ու լուծելու են բոլոր խնդիրները: Եվ երբ տվյալ բախտագուշակը ինչ-որ բաներ է ասում, որ համընկնում են իրենց կյանքի անցած փուլերի հետ, նրանք ոգեւորվում են եւ ապագան կապում գուշակի ասածների հետ: Լինում են դեպքեր, երբ մարդիկ կախվածության մեջ են ընկնում գուշակներից եւ կյանքի ամեն փուլում դիմում են նրանց: Իսկ դա արդեն կարելի է համարել հիվանդություն»: