Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարելու են մրցակիցների եւ «միմյանց դեմ»

Ապրիլ 23,2010 00:00

\"\"Մայիսի 16-23-ը Վալենսիայում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որի ավարտից հետո էլ կորոշվեն մեր այն երկու տղաները (պատանեկան օլիմպիական խաղերում առավելագույնը թույլատրվում է մասնակցել երկու հոգով), ովքեր ամռանը Սինգապուրում անցկացվելիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերում կներկայացնեն մեր հանրապետությունը:

Մինսկի եվրոպական մրցահարթակը ցույց տվեց, որ Հայաստանում մարզաձեւը ներկայումս մեծ մասսայականություն է վայելում եւ տեղերում աճում են մի շարք հեռանկարային ծանրորդներ, որոնք արդեն սկսել կամ պատրաստ են իրենց ծանրակշիռ խոսքն ասել միջազգային ասպարեզներում: Դրա լավագույն առիթներից մեկն էլ եկող ամիս Իսպանիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությունն է:

Վալենսիա մեկնող հավաքականի վերջնական կազմն ընտրելու նպատակով օրերս Վանաձորում կազմակերպվեց ծանրամարտի հանրապետության պատանիների առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցեց 130 (9 աղջիկ) ծանրորդ: Նրանցից շատերի ցույց տված արդյունքները գոհացրին մարզիչներին, իսկ լավագույնները հրավիրվեցին հավաքական եւ ներկայումս Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում: Մարզիչների ընտրությամբ Վալենսիա մեկնելու են հետեւյալ մարզիկները.

Տղաներ:

56 կգ՝ Սմբատ Մարգարյան,

62 կգ՝ Վարդան Միլիտոսյան,

Վլադիկ Կարապետյան,

77 կգ՝ Արեն Ներսիսյան,

Րաֆֆի Մելիքյան,

94 կգ՝ Համլետ Պողոսյան,

+94 կգ՝ Գոռ Մինասյան,

Միշա Մուրադյան:

Աղջիկներ:

53 կգ՝ Իզաբելա Յալյան:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ «Առավոտին» ասաց. «Մեզ համար յուրաքանչյուր միջազգային պաշտոնական մրցում կարեւոր է ու աշխատում ենք հաջող մրցելույթներով ուրախացնել մեր ժողովրդին: Բացառություն չէ նաեւ Եվրոպայի պատանեկան այս առաջնությունը: Սակայն սա մյուսներից պայքարի առումով էապես տարբերվելու է, քանի որ հենց Վալենսիայում ցույց տված կիլոգրամներով են մարզիչներն ընտրելու Սինգապուր մեկնող երկու մարզիկներին: Ստացվել է մի այնպիսի վիճակ, որ մեր պատանիները մեդալների համար պայքարելու են ոչ միայն այլ երկրների մարզիկների, այլեւ «միմյանց դեմ»: Կարծում եմ՝ դրան հետեւելը հետաքրքիր կլինի»:

Հարցին, թե այսօր ծանրորդներից որեւէ մեկին նախապատվություն տրվո՞ւմ է, Ս. Խաչատրյանը պատասխանեց: «Հավանաբար, նկատի ունեք Սմբատ Մարգարյանին եւ միջազգային մրցումների արդեն բավականին փորձ ունեցող մյուս ծանրորդներին: Սակայն տիտղոսները տվյալ դեպքում ոչ մի նշանակություն չունեն: Օլիմպիական խաղեր կմեկնեն նրանք, ովքեր Իսպանիայում լավագույնը կլինեն հավաքականում: Ու այս առումով դժվար է որեւէ մեկին առանձնացնել: Տղաներից մի քանիսից, իրոք, ակնկալիքները մեծ են: Բայց արի ու տես, որ Վանաձորում մեզ համար էլ գրեթե անհայտ Գոռ Մինասյանը ցույց տվեց հասուն կիլոգրամներ եւ նվաճեց հաղթողի կոչումը: Բացառված չէ, որ այդ պատանին Վալենսիայում գերազանցի իր իսկ արդյունքները: Այնպես որ, հարկավոր է սպասել»:

Հետաքրքրվեցինք. եթե Սմբատ Մարգարյանը հանդես գա՝ ինչպես Եվրոպայի մեծահասակների առաջնությունում եւ ընդգրկվի օլիմպիական հավաքական, միմյանց հետեւից այդքան խոշոր ու դժվար մրցումների մասնակցել կկարողանա՞: Պատասխանը հետեւյալն էր. «Նա այդպիսի ծանրաբեռնվածությունների սովոր է: Օրինակ, անցած տարի մասնակցել է չորս խոշորագույն մրցման ու բոլորում էլ գերազանց է հանդես եկել՝ նվաճելով Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը, իսկ աշխարհի պատանիների առաջնությունում դարձել արծաթե մեդալակիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել