Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ «ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ»

Ապրիլ 23,2010 00:00

Եվ այսպես, հայտնի դարձան մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՀՀ գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները:

\"\"

Այս տարի, ինչպեսեւ 2009-ին, «Անկախության» գավաթը միմյանց միջեւ կվիճարկեն «Փյունիկն» ու «Բանանցը»: Ընդ որում, երկու թիմերն էլ կիսաեզրափակչում հաղթանակ տոնեցին իրենց նախորդ տարվա մրցակիցների հանդեպ. «Փյունիկը»՝ «Ուլիսի», իսկ «Բանանցը»՝ «Միկայի»: Ավելի ուշագրավ է, սակայն, փաստը, որ 2006 թվականին վերջին անգամ Հայաստանի գավաթը նվաճած «Միկան» բոլոր հաջորդ խաղարկություններում դուրս է մնացել հենց կիսաեզրափակիչ փուլից ու հենց «Բանանցի» թեթեւ ձեռքով: Ու թեեւ առաջնության մեկնարկային տուրում Արմեն Ադամյանի թիմն էր նոկաուտային հաղթանակ տոնել «Բանանցի» նկատմամբ, սակայն վերջինս ուշքի եկավ, որպես փոխհատուցում՝ շարունակեց արդեն չորրորդ տարին գործող գավաթային «ավանդույթը»: Եվ դա այն դեպքում, երբ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը այս թիմերի միջեւ ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ խաղն էլ ընթանում էր «Բանանցի» հարկի տակ:

Ուստի, որոշակի առավելություն պատասխան խաղից առաջ ուներ հենց «Միկան»: Բայց Կուզմանոսկու թիմը երկրորդ խաղում հնարավորություն չթողեց տանտերերին՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով Կլեւինսկասի պաշտպանած դարպասը՝ հենց առաջին խաղակեսում վճռելով խաղի ելքը:

Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ երկրորդ խաղակեսում «Միկան» թվային առավելություն ուներ մրցակցի նկատմամբ եւ կարող էր օգտվել դրանից, ինչն այդպես էլ չհաջողվեց: Կարելի է ենթադրել, որ այս պարագայում վճռորոշ դեր կատարեց միկացիների ոչ միայն ֆիզիկական, այլեւ՝ հոգեբանական պատրաստության թերի լինելը:

Ինչ վերաբերում է եզրափակչի մյուս մասնակից «Փյունիկին», ապա չեմպիոնը առանց մեծ դժվարությունների երկու խաղերում էլ հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ՝ պատասխան խաղում նույնիսկ ուժերը փոքր-ինչ պահպանելով հետագա հանդիպումների համար: Առաջին խաղի 2:0 հաշվով հաղթանակին հաջորդեց 1:0-ն «Հանրապետականում», եւ «Փյունիկը» եզրափակչում է: Իսկ «Ուլիսին» այդպես էլ չհաջողվեց գտնել չեմպիոնի դարպասի բանալին՝ երկրորդ տարին անընդմեջ կանգ առնելով նույն հանգրվանում:

Այսքանը՝ հանդիպումների վիճակագրության մասին: Ինչ վերաբերում է բուն խաղերին, ցավով պետք է նշել, որ գավաթային կիսաեզրափակիչ չորս հանդիպումներից եւ ոչ մեկը աչքի չընկավ այն գրավիչ ու դիտարժան ֆուտբոլով, որը հատուկ է գավաթային պայքարին: Ու դժվար է դա վերագրել ֆուտբոլային մրցաշրջանի՝ միայն մեկուկես ամիս առաջ սկսվելուն: Ֆուտբոլը Հայաստանում վերածվել է աշխատանքի, երբ ամեն օր նույն դեմքերն են շրջապատում ու ամեն օր նույն մեխանիկական՝ կրեատիվ գործոնից զուրկ գործողություններն են կրկնվում:

Գրավչության ու դիտարժանության մասին այս դեպքում կարելի է նույնիսկ չմտածել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել