Թբիլիսիում տեղի իրենց հասակակիցների հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը Բաքվում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար հարեւան երկիր պետք է մեկներ ապրիլի 20-ին, ԱԻԲԱ-ի եւ կազմակերպիչների՝ առաջնության մեկնարկը ապրիլի 25 տեղափոխելու որոշումից օգտվելով, Բաքու ժամանելը հետաձգել էին երկու օրով: Մեր պատվիրակությունը Թբիլիսիից Բաքու մեկնեց այս գիշեր: Որոշումը ճիշտ է ու միանգամայն արդարացված, քանի որ Ադրբեջանում անցկացրած ամեն մի օրը մեր տղաների համար անցնելու է նյարդերի ավելորդ լարվածության պայմաններում: Հետեւաբար, նախապես որոշված օրը մեկնելու եւ այդ լարվածությունը մեծացնելու անհրաժեշտություն բացարձակապես չկար:
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկներին մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկային օրը մի քանի մարզումներ անցկացնելու հնարավորություն կընձեռվի: