Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ Մհեր ասեք, ո՛չ թե Մգեր»

Ապրիլ 23,2010 00:00

Մհեր Մեսրոպյանի մենահամերգն անցավ լեփլեցուն դահլիճում

\"\"Երգիչ Մհեր Մեսրոպյանի օրերս կայացած մենահամերգը կրում էր «Սիրո նոկտյուրն» խորագիրը: Դա պատահական չէր ընտրված, քանի որ համերգի ընթացքում հնչեցին միայն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Երգիչը ասաց, որ Առնո Բաբաջանյանի երգերը կատարելը իր համար երազանք է եղել, ինչն էլ ի կատար է ածել:

Համերգը լի էր անակնկալներով: Բեմում պարբերաբար հայտնվում էին հայ էստրադայի ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց երգացանկը անպակաս է եղել Առնո Բաբաջանյանի երգերից:

Ի դեպ, Մհերը սիրո խոստովանություն էլ արեց, սա էլ չափի ու ձեւի մեջ: Ասաց, որ նշանվել է ու շուտով հարսանյաց հանդեսը կլինի: Դահլիճում էին նաեւ երգչի մայրն ու տատը: Վերջինս, ինչպես արտահայտվեց Մհերը, իր գաղտնի ագենտն է. «Տատիկս միշտ հետեւում է իմ հեռուստաեթերներին, ներկա է լինում գրեթե բոլոր համերգներին»: Երգիչը խնդրեց, որ իրեն այլեւս չանվանեն Մգեր՝ ռուսական արտասանությամբ: Վերջինիս համար Մհերը պարտական է Քսենիա Սոբչակին, ով բեմից հնչեցրեց «Մգեր՝ Արմենիա» անունը եւ տարածեց աշխարհով մեկ… Այն ժամանակ Մհերը մասնակցում էր «Նովայա վոլնա» մրցույթին:

Հիշեցնենք, որ Յուրմալայում երգիչը արժանացել է պրոֆեսիոնալ ժյուրիի ու հանդիսականի համակրանքին: Յուրմալայում նա բոլորին ցնծեց իր «Հայաստան» երգով: Երեւանյան համերգին էլ այն կատարեց՝ հանդիսականի խնդրանքով: Մհերի կատարմամբ այդ երգը շատ երկրպագուներ ունի: Երգչուհի Նունե Եսայանն էլ է սիրում այն: Նա եւս դահլիճում էր, իսկ քիչ հետո նաեւ բեմում հայտնվեց: Մհերի հետ նրանք կատարեցին «Երեւանի սիրուն աղջիկը»:

Համերգի ընթացքում առաջին անգամ Ա. Բաբաջանյանի «Նոկտյուրնը» հնչեց հայերեն: Խոսքերի հեղինակը Վրեժ Շահրամանյանն է, ով երգչի ընկերներից է: Դահլիճը ողջ համերգի ընթացքում ձայնակցում էր Մհերին: Այնպիսի տպավորություն էր, թե դահլիճում երգչախումբ էր նստած: Յուրաքանչյուր երգից հետո հանդիսատեսը չէր զլանում ծափահարել, ծաղկեփնջեր ու համբույրներ նվիրել, համերգասրահն էլ լեփլեցուն էր: Իսկ դա նշանակում է, որ երգչի վարկանիշը բավական բարձր է, եւ նրա անվան շուրջ պտտվող էժանագին ասեկոսեները չեն խանգարում Մհերին սիրված լինել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել