Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռեինկարնացիայի» «Մի գդալ սերը»

Ապրիլ 23,2010 00:00

\"\"«Ռեինկարնացիա» խումբը հայկական առաջին եւ դեռեւս միակ ռեգի խումբն է, որը կազմավորվելով 2000 թվականին, իր գործունեության սկզբնական շրջանում հանդես էր գալիս որպես ռոք խումբ:

2007 թվականին, համալրելով կազմը նոր երաժիշտներով, «Ռեինկարնացիան» բռնեց նոր երաժշտական ուղղություն՝ ռեգի ոճը:

Օրերս «Mezzo» ակումբում «Ռեինկարնացիա» խմբի ղեկավար, վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը եւ խմբի մենեջեր Արամ Սուջյանը ներկայացրին իրենց նոր ձայնասկավառակը, որ կոչվում է «Մի գդալ սեր»: Այն ձայնագրվել է «S\’Harmony» ստուդիայում: Ձայնասկավառակում զետեղված է 11 երգ, որոնց հեղինակը Ռոլանդն է:

«Մի գդալ սեր» երգի հիման վրա «Ռեինկարնացիան» նկարահանել է տեսահոլովակ: Հաշված օրերի ընթացքում այն կհանձնվի հեռուստադիտողի դատին: Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է: Ռ. Գասպարյանի խոսքերով, «Ռեինկարնացիայի» համար սկզբունքային է ուրիշի երգ չկատարելը: Դա նույնն է, թե ուրիշի կնոջը տուն բերես»:

«Ձայնասկավառակում տեղ են գտել նաեւ այնպիսի երգեր, որոնցում բարձրաձայնում ենք սոցիալական թեմաներ»,- ասում է երաժիշտը: Հարցին՝ արդյո՞ք երաժիշտները ընդունում են կորպորատիվ միջոցառումների մասնակցության հրավերներ, խմբի մենեջեր Արամ Սուջյանն ասաց՝ չենք մերժում, բայց թելադրում ենք խաղի մեր կանոնները: Կանոններից առաջինը՝ լավ տեխնիկայով ապահովելն է: Ռ. Գասպարյանն էլ հավելեց, որ առաջիկայում «Մի գդալ սեր» ալբոմից մի քանի երգ կթարգմանվի անգլերեն եւ կձայնագրվի Միացյալ Նահանգներում՝ ամերիկացի ռեփերների հետ համատեղ:

Ըստ նրա, հայկական ռեգին ամենուր հաջողություն ունի: Գրավականը, ըստ Ռոլանդի, անկեղծ ու պարզ լինելն է: Ամռանն էլ «Ռեինկարնացիան» մեծ համերգ կունենա Երեւանում, կմասնակցեն նաեւ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած երաժիշտներ, որոնք եւս ստեղծագործում են ռեգի ոճում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել