Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆԸ՝ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլ 23,2010 00:00

Կամ՝ «մինչեւ 15-ը մարդ էին մորթում, հետո՝ հուշարձան»

\"\"

Արեւմտյան Հայաստանի բոլոր կանգուն հայկական կառույցներն այժմ սեփականաշնորհված են թուրք կամ քուրդ տեղաբնակների կողմից: Նմանօրինակ հազար տարվա պատմություն ունեցող մի կառույց՝ Գյավաշի շրջանի Իլի գյուղի գմբեթավոր վանքն էր, որը տարիներ առաջ բնակիչներից մեկի սեփականությունն էր: «Այսինքն, նշանակում է՝ ինչպես կուզի կվարվի, իրենն է, եւ Ստամբուլ փոխադրվելուց առաջ բուլդոզերը դրել-ավերել էր: Համագյուղացիներին էլ ասել էր՝ մի տեսնեմ հայերը գանձերն ուր են պահել»,- պատմում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հ/կ երեւանյան գրասենյակի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա բացատրում է, որ հասկանալի պատճառներով ոչ մի քայլ չի արվել հայկական հուշարձանները պահպանելու առումով: Ժողովրդին բնաջնջել են, հետո էլ հետքերն են վերացրել, որ ասեն՝ այստեղ հայ չի էլ եղել. «Ինչպես մարդասպանն է վերջում արյան հետքերը վերացնում»:

Հայաստանի պատմության թանգարանում ՀՃՈՒ-ի ներկայացրած ցուցահանդեսում ընդամենը մի շարք ավերված կառույցներ են, իսկ իրականում դրանք հարյուրավոր են: «Սրանք ոչ թե ավելի ավերվածները կամ ավելի ակնառուներն են, այլ պարզապես մի քանի օրինակ: Հազարներից հարյուրավորներն են, որ մինչեւ ոչնչացումը գոնե մեկ լուսանկարով անմահացել են: Մոտ 95 տոկոսն արդեն իսպառ անհետացած հուշարձաններ են, 4-5 տոկոսն են, որ բախտ են ունեցել կամ մենք ունենք այդ բախտը, որ թեկուզ մեկ լուսանկար հասել է: Օրինակ՝ Արծափ գյուղի եկեղեցին: Լուսանկարիչը մի ծառ է նկարել՝ արագիլի բույնը վրան, հեռվում էլ ուրվագծվում է եկեղեցին, բայց մասունքի արժեք ունի, 17 թե 18 թվականին ռուսական մի հանդեսում տպագրված բնանկար է»,- պատմում է Ս. Կարապետյանը:

1912 թվականին Արեւմտյան Հայաստանի տարածքում գործող հայկական վանքերի եւ եկեղեցիների թիվը շուրջ 2200 էր, որից 2150-ը Եղեռնի ժամանակ հրկիզվել ու թալանվել են: 1974 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած տվյալներով՝ Եղեռնից հետո կանգուն մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին ոչնչացվել է, 252-ը՝ դարձել փլատակ, իսկ մնացած 197-ը կործանման եզրին է, հարկավոր է վերականգնել:

«Շատ է պատահել, պարզ գյուղացուց սկսած, ընդհուպ ոստիկանության աշխատող կամ զինվորական, ասել են, որ Արեւմտյան Հայաստանի տարածքներում ապրող իրենց բնակչությունը չի կարողանում երկիրը հարազատեցնել իրենց, ամեն անգամ՝ գյուղատնտեսական աշխատանք լինի, թե հողագործական, երբ հողին կպչում են, հայկական մի բան դուրս է գալիս, եւ ամենափոքր հուշարձանն անգամ մի տեսակ սառը ապտակ է բնակչությանը: Ասում են՝ մենք հասկանում ենք, որ ուրիշի տան մեջ ենք: Սրանք թուրքի խոսքեր են, քուրդի խոսքեր են եւ մինչեւ անգամ պաշտոնյայի: Անշուշտ, այս խոսքերը մեզ փոխանցել են ավելի մտերմիկ, ավելի նեղ զրույցի ժամանակ, բայց մի բան պարզ է, որ թե՛ ժողովուրդը, թե՛ իշխանությունները գիտակցում են դա, շատ լավ են գիտակցում»,- հավաստիացնում է պարոն Կարապետյանը:

Թուրքական կառավարությունները հիմնական ավերը գործել են 1940-60-ականներին՝ պետական ծրագրով եւ բանակի գործադրմամբ: Հիմա էլ ավերվում են ոչ թե պետական ծրագրով, այլ անհատների միջոցով: «Մշակույթը մեր ազգի համար ուղղակի հենք է, պատվանդան, այսինքն՝ հիմա մեր հիմքն են խարխլում: Ազգը պահող մեկ սյան վրա լարախաղացի պես մեզ պահում ենք: Մեր նախնիների ողջ ժառանգության տերն ու կրողը չենք: Նորից գալիս ենք հիմնականին՝ հայրենաճանաչությունը առաջնահերթություն է, պետք է դրան գնալ»,- բացատրում է Սամվել Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել