Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուկրաինան դարձավ ոչ թե ֆորպոստ, այլ՝ «ռազմավարական ճորտ»

Ապրիլ 23,2010 00:00

\"\"Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Վիկտոր Յանուկովիչի միջեւ օրեր առաջ գազի մատակարարման գնի զեղչերի եւ Ստավրոպոլում ռուսական Սեւծովյան նավատորմի ներկայության շուրջ ստորագրված համաձայնագիրը կարող է ուկրաինական հասարակության ներսում ճաքեր առաջացնի եւ ընդդիմությանը համախմբող ազդակ դառնա: «Newsru»-ի մատուցմամբ, նման կարծիք հայտնում են ե՛ւ ռուս, ե՛ւ ուկրաինացի վերլուծաբանները: Հիշեցնենք, որ Ուկրաինան առաջիկա 10 տարիների ընթացքում ռուսական գազի դիմաց 30 տոկոս զեղչով վճարման համաձայնություն է ձեռք բերել: Ըստ համաձայնագրի, գազի գնի հաշվարկման բանաձեւը մնում է նույնը, բայց չեղյալ է համարվում տուգանքների համակարգը: 2010-ին Ռուսաստանը Ուկրաինային 30 մլրդ խմ, իսկ 2011-2019թթ.-երին՝ 40 մլրդ խմ գազ կմատակարարի՝ զեղչված գներով: Դրա շնորհիվ Ուկրաինան այս տարի կտնտեսի $3 մլրդ, իսկ 2011-ին՝ $4 մլրդ: Փոխարենը դրանից որոշակիորեն կտուժի ՌԴ բյուջեն: Ռուսաստանի պետբյուջետի վնասը առաջիկա 10 տարիներին կկազմի $40 մլրդ, բայց, փորձագետների ասելով, այդ կորուստները կփոխհատուցվեն 2017թ.-ից հետո, գազի գնի զեղչերը կհաշվարկվեն Սեւծովյան ռազմական հենակետի վարձակալության գումարից: Հիշեցնենք, որ զեղչված գներով գազ ստանալու փոխարեն Ուկրաինան ռուսական կողմին խոստացել է երկարաձգել Ղրիմում Սեւծովյան նավատորմի ներկայության ժամկետը, որը սպառվում է 2017թ.-ին, եւս 25 տարով՝ մինչեւ 2042-ը: Ավելին, երկկողմ պայմանավորվածության համաձայն, այդ 25 տարի ժամկետը սպառվելուց հետո էլ, եթե որեւէ այլ որոշում չընդունվի, ռուսական նավատորմը Ստավրոպոլում կմնա եւս 5 տարի:

Ուկրաինայում արդեն սպասում են կնքված պայմանագրից դժգոհ ուկրաինացի ազգայնականների բողոքի ակցիաներին: APA-ի մատուցմամբ, երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի գլխավորած «Մեր Ուկրաինան» կուսակցությունը պահանջում է գործող նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսել: Այդ կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է, թե՝ գործող իշխանությունը ռուսիֆիկացիայի եւ ազգային շահերի ոտնահարման հստակ ուղեգիծ է իրականացնում. «Ռուսիֆիկացվում է տեղեկատվական տարածքը, վերանայվում են պատմական հիշողության վերականգնման ուղղությամբ ձեռքբերումները, երկրի ազգային շահերին ջախջախիչ հարված է հասցնում Ուկրաինայում ՌԴ Սեւծովյան նավատորմի ներկայությունը 25 տարով երկարաձգելու մասին համաձայնագրի ստորագրումը: Ակնհայտ է, որ Յանուկովիչի թիմը պատրաստվում է ռուսներին հանձնել նաեւ Ուկրաինայի վերջին ռազմավարական ռեսուրսները՝ ավիաարդյունաբերությունը, ատոմային էներգետիկան եւ գազի ստորգետնյա պահեստները: Ցավոք, Յանուկովիչը Մոսկվայի հետ հարաբերություններում Խարկովում «ռազմավարական գործընկերությունից» միանգամից անցում կատարեց «ռազմավարական ճորտի» մակարդակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել