Աբխազիայի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում, որի պատճառը Սուխում ժամանած թուրքական պատվիրակության եւ Աբխազիայի կառավարության միջեւ բանակցությունների անհաջող ընթացքն է: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Բանն այն է, որ ապրիլի 21-ին Սուխում էին ժամանել Թուրքիայի ԱԳՆ Հարավային Կովկասի վարչության ղեկավար Նուրդան Բայրաքթարն ու Թբիլիսիում Թուրքիայի դեսպան Լեւենթ Բուրհանը՝ քննարկելու երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները:
Թուրքական կողմը, սակայն, վերջին պահին փոխել է բանակցությունների օրակարգը, վարչապետ Սերգեյ Շամբային (նկարում) հանձնելով Աբխազիայի խնդրի լուծման՝ Վրաստանի իշխանությունների կողմից մշակված ծրագիրը: Այս քայլը, բնականաբար, խիստ զայրացրել է Աբխազիայի իշխանություններին: Սրանով, փաստորեն, Թուրքիան փորձում էր միջնորդական առաքելություն ստանձնել Սուխումի եւ Թբիլիսիի միջեւ:
Երբ թուրք դիվանագետները հայտարարել են, որ ցանկություն ունեն միասնական պլատֆորմ ձեւավորել, որը կնպաստեր Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ առկա խնդիրների լուծմանը, Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան աներկբայորեն պատասխանել է. «Աբխազական կողմը այս հարցի շուրջ կբանակցի միայն Վրաստանի հետ, իսկ Անկարայի հետ Աբխազիան կխոսի միայն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»: Շամբան նաեւ հիշեցրել է, որ Թուրքիան չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, ուստի՝ նման բանակցություններն անհնար են:
Այս միջադեպից հետո Աբխազիայի վարչապետը հայտարարել է, որ այսուհետեւ պաշտոնական Սուխումին մուտքի արտոնագիր չի տրամադրելու երրորդ պետությունների՝ Թբիլիսիում հավատարմագրված դեսպաններին: