Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Գորոդեցկու «Վերջին ճիչը»

Ապրիլ 23,2010 00:00

Երեկ Թեքեյան մշակութային միությունում «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գրող Սերգեյ Գորոդեցկու «Վերջին ճիչը» բանաստեղծությունների եւ արձակի ժողովածուի հայերեն եւ ռուսերեն հրատարակությունների շնորհանդեսը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցին:

Ըստ «Լոռվա ձոր» միության նախագահ Սերգո Երիցյանի, նպատակը Գորոդեցկի անունը հայերի մեջ ճանաչելի դարձնելն է. «Նա եղել է այն մտավորականներից մեկը, որը Մեծ եղեռնի ժամանակ կանգնել է հայ ժողովրդի կողքին, Թումանյանի եւ նրա որդու հետ փրկել հազարավոր մարդկանց կյանք: Գրքի լույսընծայումով Գորոդեցկու միջոցով հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության 95-րդ տարելիցին, ինչպես նաեւ այդ մեծ հայասերին՝ դրանով ոգեկոչելով պատմության այն փակ էջերը, որոնք կան Գորոդեցկու ստեղծագործություններում»:

«Վերջին ճիչը» հրատարակության մեջ առաջին անգամ հայերեն տպագրվում են Գորոդեցկու «Շամիրամի այգիները» վեպն ամբողջությամբ, ակնարկներ, հոդվածներ, որոնք ժամանակին առգրավված են եղել «Պետհրատի» կողմից, Հ. Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանի՝ «Ս. Գորոդեցկի. Հայաստանի եւ հայ մշակույթի մասին» ժողովածուից հատվածներ: Առաջին անգամ ներկայացվում են դրվագներ գրողի օրագրերից, նոր փաստաթղթեր եւ Արեւմտյան Հայաստանում արված որոշ ճեպանկարներ:

Բանասիրական գիտությունների դոկտոր Ի. Սաֆրազբեկյանը բանաստեղծի մասին գրել է դեռեւս 80-ականներին, բայց, ինչպես ինքն է նշում, մեծ դժվարությամբ է հրապարակել իր ծանոթագրությունները. «Անգամ այդ ժամանակ տեղ չգտան այն ակնարկները, որոնք պատմում էին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած եղելությունների մասին՝ ականատեսի աչքերով: Դրանք 74-80 թվականներն էին: Այսօր այդ նյութերը զետեղված են «Վերջին ճիչը» ժողովածուում»:

Նշենք, որ 1916թ. Ս. Գորոդեցկին որպես արդեն հայտնի բանաստեղծ եւ «Ռուսաց խոսք» թերթի թղթակից, եկել է Հայաստան, այստեղ ծանոթացել Թումանյանի հետ, ում խորհրդով էլ մեկնել է Արեւմտյան Հայաստան եւ փրկել հազարավոր սոված ու լքված մանուկների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել