Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Ապրիլ 23,2010 00:00

Ազգային նոր պահպանողական շարժումը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ապրիլի 15-17-ը ՀՀ եւ Վրաստանի ԿԳ նախարարների հանդիպմանը. «ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը Վրաստանի նախարար Դ. Շաշկինի հետ, ի թիվս այլ հարցերի՝ պայմանավորվածություն ձեռք բերեց նաեւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վրացերեն լեզվի ամբիոն բացելու մասին: Առաջին հայացքից ողջունելի այս փաստին հետեւեց պարոն Աշոտյանի հայտարարությունը, ըստ որի՝ «Ջավախքում հայկական պետական բուհի բացման կարիք այլեւս չկա, հետեւաբար՝ խնդիրը, որը երկկողմ հարաբերություններում համարվում էր ցավագին հարց, այժմ լուծված է»: Մենք չգիտենք, թե ՀՀ ԿԳ նախարարին ինչն է ստիպել անելու նման հայտարարություն, սակայն պարզորոշ են մի քանի հանգամանքներ. Ջավախքում հայկական կամ հայ-վրացական պետական բուհի հիմնումը ջավախահայության հարատեւ պահանջն է, եւ այդ հարցը «լուծված» կամ «փակված» կարող է համարել միմիայն նա: ՀՀ պաշտոնյաների, այդ թվում՝ Ա. Աշոտյանի խնդիրն է օժանդակել ջավախահայության կողմից առաջադրված հարցերի լուծմանը, այլ ոչ թե վերջինիս փոխարեն հանդես գալ ինչ-ինչ նախաձեռնություններով կամ անպատասխանատու հայտարարություններով: Ջավախքում հայկական պետական բուհի հիմնումը միայն վրացերենի ուսուցման ապահովում չէ, այլ՝ ջավախահայ երիտասարդությանը հայրենի հողում պահելու, Ջավախքում կրթամշակութային կյանքը զարգացնելու միջոց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել