Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չկայացավ ուսանողական ցույցը

Ապրիլ 23,2010 00:00

Երեկ ԵՊՀ կենտրոնական շենքի մոտ նախատեսված էր ուսանողական բողոքի ցույց՝ ընդդեմ կառավարության այն որոշման, որով կրկնակի նվազել են առկա ուսուցմամբ ասպիրանտական տեղերը: Մագիստրատուրայի «մասով» համապատասխան որոշում դեռեւս չի կայացվել, սակայն շատերը դրա համար էլ են պայքարում: Քաղաքապետարանի կողմից արտոնված ցույցը չկայացավ, բայց «Առավոտին» հաջողվեց զրուցել ուսանողների հետ: Նրանք դժգոհում էին, որ մագիստրատուրայի համար համալսարանին հատկացված 180 տեղից մնալու է ընդամենը 70 կամ 80-ը:

Ըստ մեր տեղեկությունների, ցույցի չկայանալու մի քանի պատճառ կա. նախ համալսարանում ժամը 11-ից հետո դասերը դադարեցվել են եւ ուսանողներին ստիպողաբար ուղարկել տուն, որոշ ֆակուլտետներից էլ տարել են Ցեղասպանության հուշահամալիր՝ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցելու: Ըստ ցույցի կազմակերպիչներից՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դանիել Իոաննիսյանի. «Որոշ ֆակուլտետներում ասացին, որ գազի հոտ է գալիս, «տարականի» դեղ են ցանել, ամենազարմանալին այն է, որ տարականի դեղն ու գազի հոտը չէին ազդում դասախոսների վրա, իսկ հուշահամալիր գնալու համար երեւի օրացույցն են խառնել, ամսի 24-ի փոխարեն ամսի 22-ին են որոշել գնալ»: Ցույցի կազմակերպիչները, որոնք հիմնականում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներն էին, որպես ակցիան չկայանալու պատճառ նշում էին այն, որ նախորդ օրը հանդիպում է եղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, որն էլ «փափուկ բարձ» է դրել իրենց գլխի տակ, խոստացել կառավարության՝ ապրիլի 29-ի նիստի ժամանակ ընդառաջել: Նախարարը ուսանողներին մասնավորապես խոստացել է չկրճատել բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով մասնագիտություններին տրվող տեղերի քանակը:

Ի դեպ, տեղեկություններ կան, թե ԵՊՀ-ի ռեկտորը դեկաններին նախօրոք զգուշացրել է ակտիվ երիտասարդներին իրենց «տեղը դնել», վերջիններս էլ բնականաբար կատարել են «շեֆի» հրահանգը եւ հատուկ հանդիպել ուսանողների հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել