Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱՎՈՐՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ

Ապրիլ 23,2010 00:00

Իսկ արտերկրում սովորողները ստիպված կլինեն վերադառնալ

Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց ԿԳ նախարարության ներկայացրած բակալավրիական եւ մագիստրական կրթական ծրագրերով պետական պատվերի ձեւավորման նոր մոտեցումները: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, մրցակցային դաշտը կարգավորելու նպատակով, կրթական բարեփոխումների շարքում նախատեսվում է, որ 2011-ից մասնավոր բուհերը պետականի նման ընդունելության քննությունները կազմակերպեն կենտրոնացված կարգով: «Մասնավոր բուհերը կզրկվեն առանձին, հեշտացված կամ հարցազրուցային ընդունելություն անցկացնելու արտոնությունից»,- ասում է ԿԳ նախարարը: Պարոն Աշոտյանը նշեց, որ բարձրագույն կրթությունը այս տարի առավել մատչելի է լինելու. «Նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավելացրել ենք 4 հազար հավելյալ տեղ վճարովի համակարգում, եթե նախորդ տարի ընդունելության համար կար 16 500 տեղ, այս տարի այն կհասնի 20 հազար 500-ի՝ մեր պետական եւ միջպետական բուհերում»: Բնականաբար, այդ որոշումն ընդունվել է, որպեսզի մեղմվի 2011-ին բուհերին սպառնացող «ուսանողների դեֆիցիտը»: Հիշեցնենք, որ 2011-ին մեր դպրոցները շրջանավարտ չեն տալու:

Նախարարը նկատեց, որ լիակատար մրցակցային դաշտ ապահովելու համար պետական բուհերը եւս գործող արտոնությունների առումով որոշակի զիջումներ պետք է անեն. «Սրանով է պայմանավորված, որ վճարովի տարկետման իրավունքով համակարգը նոր որոշմամբ այլեւս գոյություն չի ունենալու, վճարովի ուսուցումը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական բուհերում լինելու է առանց տարկետման իրավունքի»: Աշոտյանը նաեւ փաստեց, թե երկար տարիներ պետպատվերի շրջանակներում ուսանելը ձեւավորվել է իներցիոն ճանապարհով. ժամանակին ժառանգված տեղերը տեղափոխվել են հաջորդ տարիների որոշումների մեջ, եւ պետական պատվեր հասկացությունը որպես այդպիսին չի ապահովել տնտեսության, հասարակության եւ պետական քաղաքականության հիմնական գերակայությունները: Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ, նախարարը կարծում է, մեկ այլ կարեւոր խնդիր է լուծվելու, նրա խոսքով. «Պետպատվերով սովորելը երբեմն 4 անգամ էժան է, քան նույն բուհում նույն մասնագիտությամբ սովորող ուսանողն է վճարում, ակնհայտ է, որ պետությունը խտրական գնորդ է եղել եւ պետական բուհերից ի սկզբանե իջեցված գներով է գնում ծառայություն, եւ առաջանում է երկու մեծ խնդիր. պետության թերվճարման բեռը բուհը ստիպված դնում է վճարովի համակարգում սովորող ուսանողի ուսին, խնդիրը լուծվում է վճարովի համակարգի ուսանողի գրպանից, եւ պետությունը իր գնային քաղաքականությամբ ստեղծում է սոցիալական անարդարության դրսեւորում»: Աշոտյանն անդրադառնալով բուհերի շրջանավարտների՝ աշխատաշուկայում պահանջարկ չունենալու խնդրին, ասաց, թե այս տարի պետպատվերի շրջանակներում ավելացրել են բնագիտական, հայագիտական, գյուղատնտեսական ուղղություններով նաեւ մասնագիտություններ՝ ՏՏ եւ տուրիզմի ոլորտից, պետպատվերի շրջանակը մեծացրել են մշակույթի ֆակուլտետներում եւ բուհերում, այնպես որ, խթանվել են պահանջարկ չունեցող մասնագիտությունները: «Սա արվել է տնտեսաիրավաբանական բլոկի մասնագիտությունների հաշվին, այս մասնագիտությունների պահանջարկը մեծ է եւ հավելյալ խթանման կարիք չունի»,- հայտարարել է նախարարը: «Առավոտի» խնդրանքով պարոն Աշոտյանը մեկնաբանեց վերջերս ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հայտարարությունը, թե հայոց պատմության դասագրքերը կազմվում են՝ պայմանավորված ԿԳ նախարարի կուսակցական դիրքորոշումներով. «Մենք պատմության նկատմամբ պետք է ունենանք միասնական մոտեցում, որովհետեւ միայն անցյալի նկատմամբ ունեցած միասնական մոտեցումը թույլ կտա ունենալ միասնական տեսլական ապագայի նկատմամբ… Անցյալի ընկալումները չպետք է փոխվեն՝ կախված նրանից, թե ինչպիսի քաղաքական ուժեր կան տվյալ պարագայում»: Ա. Աշոտյանը նաեւ տեղեկացրեց, որ միջպետական համաձայնագրերով դրսի բուհերում սովորող ուսանողները այսուհետեւ, եթե ցանկություն ունենան ՀՀ չվերադառնալ, ստիպված կլինեն վերադարձնել բոլոր տարիների ուսման վարձը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել