Լրահոս
Օրվա լրահոսը

31. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Ապրիլ 23,2010 00:00

\"\"
Տեսարան «Գնունու» շուկայից:

\"\"
Գետառ հեղեղատարը Երեւանում:

\"\"
«Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը:

«Քրջի շուկայից» անցա «Գնունի» կոչվող շուկայի տարածքը, որտեղ անհատ մարդիկ, վարձակալելով շարքով տեղադրված մետաղական բեռնարկղերն ու վաճառասեղանները, տարբեր տեղերից շինանյութեր, զանազան ծորակներ, տնտեսական իրեր կամ տան նորոգման համար անհրաժեշտ առարկաներ ու գործիքներ են հայթայթում ու վաճառում: Այն, ինչ որ չեն հանդիպում խանութներում, գնորդներն այստեղ անպայման գտնում են: Հաճախ են վաճառողները տարբեր իրեր ձեռք բերելու համար մեկնում արաբական երկրներ, Թուրքիա, երբեմն էլ՝ Չինաստան: Ես մոտեցա մի վաճառասեղանի, որտեղ տարբեր տրամաչափի հին ծորակներ ու փականներ էին շարված: Կախկխված էին ավտոմեքենաների ամենատարբեր փոկեր, միջադիրներ:

– Ինչպե՞ս են գործերը, մի բան վաճառե՞լ ես,- դիմեցի վաճառողին՝ Սամվել Սարգսյանին:

– Չէ, լավ չեն գործերը,- պատասխանեց նա,- առաջ վատ չէր, հիմա հաճախորդ չկա: Խանութների առատությունն է պատճառը, թե ինչ՝ չգիտեմ: Հիմա եթե օրվա հացի փող աշխատում եմ՝ գոհ եմ լինում:

– Ինչքա՞ն ժամանակ է, ինչ այստեղ վաճառքով ես զբաղվում:

– Այն օրվանից, ինչ Վանոն Զուրաբյանի հետ եկավ, հիմնեց շուկան:

– Զուրաբյանն ո՞վ է:

– Թաղապետն էր… Բայց ինչո՞ւ ես հարցնում:

– Լսի, Սամվել, դու այս մարդուն չես ճանաչի,- ասաց սեղանին նոր իրեր տեղադրող երիտասարդը,- որովհետեւ դու «Առավոտ» թերթ չես կարդում, ահա թերթի ուրբաթ օրվա համարը, ես գիտեմ, ճամփորդում է, ինչ հարց տալիս է՝ պատասխանիր, դրանից քեզ ոչ մի վնաս չի լինելու:

– Հա, պատասխանեմ, Աշոտ ջան, միայն թե՝ չնկարի ինձ:

– Ինչ որ անում է՝ մեզ համար է անում:

– Մինչ այս շուկան գալը որտե՞ղ էիր աշխատում,- կրկին դիմեցի ես:

– Քաղխորհրդի նորոգման գրասենյակի պահեստապետն էի:

– Դե ասա՝ լավ ես եղել, էլի,- ասաց Աշոտը:

– Տո չէ մի, ես մաքուր աշխատող եմ եղել, ռոճիկով նորմալ ապրում էինք:

– Լավ, շուկայի տեղի, հարկայինի ի՞նչ ծախսեր եք ունենում:

– Էստեղ երկու շուկա կա, կողքինը «ղարաբաղցիներինն» է:

– Հա, ձերը «երեւանցիներինն» է, հա՞:

– Եսիմ: Բայց զրուցելու համար Աշոտը ավելի հարմար է, ճարտարապետ է, կրթված մարդ:

– Լավ,- համաձայնեցի ես,- Աշոտ, որտե՞ղ ես սովորել:

– Երեւանի ճարտարապետա-շինարարական պետական համալսարանն եմ ավարտել, որն էլ համընկավ հեղափոխության հետ, գործ ճարելն անիմաստ էր, հիմա «Քրջի շուկայում» եմ, գետնին փռած մասեր, ծորակներ, ինչ ասես վաճառում եմ: Սամվելի հետ էլ եմ համագործակցում, տարբեր առարկաներ եմ բերում իրեն՝ վաճառքի համար:

– Կարողանո՞ւմ ես վաճառել:

– Կիրակի օրերը, ոչինչ, վատ չի, մյուս օրերը առեւտուր չկա:

– Սամվել, մոռացանք վճարումների մասին խոսել:

– Հա, օրական տեղի համար շուկայի տիրոջը երեք հազար դրամ եմ վճարում, ամսվա ընթացքում՝ 30 հազար դրամ, կենսաթոշակային ֆոնդին՝ հինգ հազար դրամ, նույնքան էլ՝ հաշվապահին, 15 հազար հարկայինին եմ մուծում: Անցյալ օրը հարկայինից եկել էին, թե՝ ինչո՞ւ ոչ մի մուծում չկա հսկիչ դրամարկղային սարքի մեջ: Ասում եմ՝ վաճառք չի եղել, ի՞նչ անեմ: Տուգանքը 170 հազար է…

Գծի վերջում դիմեցի առույգությամբ ու ճարտասանությամբ աչքի ընկնող վաճառորդին.

– Ո՞նց է գնում առեւտուրը:

– Ի՞նչ առեւտուր, բոշայություն է սա, առեւտուր չի,- պատասխանեց Պետրոս Բադալյանը,- էսպիսի իշխանություն ունեցող երկրի հալն ի՞նչ կլինի:

– Ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը,- ասացի ես:

– Դու սխալ ես ասում, ժողովուրդը ոչ մի կապ չունի:

– Ժողովուրդն է ընտրում իր պառլամենտը, նախագահին:

– Կեղծած է, ժողովուրդը ոչ ոքի չի ընտրել:

– Լավ, ինչո՞ւ է ժողովուրդը թույլ տվել, որ կեղծեն ընտրությունները:

– Ժողովրդին ո՞վ է հարցնում, այ ընկեր, լրագրող ես, չէ՞, որտեղացի՞ ես:

– Ղարաբաղից:

– Տեսնո՞ւմ ես, թողել, եկել ես այստեղ ու…

– Հայաստանը, ողջ պատմական Հայաստանն իմ հայրենիքն է,- ասացի ես:

– Ոչ, ղարաբաղցին իրավունք չունի թողնել Ղարաբաղը,- պնդեց Պետրոսը:

– Այ մարդ, գործովդ զբաղվիր,- Պետրոսին հանդիմանեց հարեւան վաճառորդը,- ի՞նչ գործ ունես քաղաքականության հետ:

Դուրս եկա շուկայից: Վարդանանց փողոցի մյուս մասում շինանյութերի խանութների շարքն է: Իհարկե, դժվար է թե խանութների եւ թե շուկաների վաճառորդներին: Մրցակցությունը օր օրի ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում: Մինչեւ փողոցն անցնելը՝ նկատեցի, որ Գետառին եմ հասել: Գետի բաց մասից մի քանի տեսարաններ լուսանկարելուց հետո շտապեցի հանդիպել Երեւանի գլխավոր ճարտարապետին, քանի որ նա խոստացել էր Գետառի խնդիրների մասին զրուցել ինձ հետ:

– Տասը րոպե ժամանակ ունեմ, փորձենք հասցնել,- առաջարկեց Սամվել Դանիելյանը:

– Ես աշխատել եմ Գերմանիայում, Լայպցիգ քաղաքում փոքրիկ գետակի վրա հսկայական ջրամակերեսներ էին ստեղծել, ու այն բնության հետ միաձուլվել էր, հազարավոր թռչուններ են իջնում լճակների մոտ, իսկ մարդկանց համար դրանք իսկական հանգստավայր են դարձել: Ու դրանք 100-150 տարվա պատմություն ունեն: Այսինքն, այդ մշակույթը խորքերից է գալիս: Գետառը կարելի՞ էր, գետնի տակ փակելու փոխարեն, նման մակերեսներ ստեղծելու նպատակով օգտագործել:

– Եթե Գետառը գետ լիներ, անպայման կօգտագործեինք,- պատասխանեց ճարտարապետը,- ցավոք, այն միայն հեղեղատար է, իսկ հեղեղատարները պետք է բնակավայրերից դուրս լինեն: Գետառի այն հատվածները, որոնք բաց են կամ փակվել են, ունեն հեղեղների հեռացման անհրաժեշտ կտրվածք: Մինչեւ 60-ականները քաղաքում ջրհեղեղներ էին լինում: Հիմա քաղաքում կա սելավատարների ցանց: Բացի այդ, քաղաքը շրջանցող հեղեղատար է նախատեսված, որը դուրս է քաղաքային տարածքից: Հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը մանրազնին ուսումնասիրել է խնդիրը եւ իր առաջարկություններն արել: Կարծում եմ, որ այնտեղ լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է անհապաղ լուծվեն:

– Լավ, պարոն Դանիելյան, ես կզրուցեմ համապատասխան մասնագետների հետ, եթե հարց լինի, կրկին կդիմեմ ձեզ:

Դուրս եկա քաղաքապետարանից ու քիչ անց արդեն «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտում դիմեցի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանին.

– Գիտեմ, որ դուք տասնյակ տարիներ զբաղվում եք հանրապետության գետերով, այդ թվում՝ Գետառով: Լուծվա՞ծ է Գետառի վտանգի խնդիրը:

– Իսկ դուք տեղյա՞կ եք 1946 թվականի ջրհեղեղի մասին:

– Ոչ, տեղյակ չեմ:

– Մայիսի 25-ն էր, ժամը հինգը, բակում խաղում էինք, հանկարծ տեղատարափ անձրեւ սկսվեց: Ալավերդյան, Նալբանդյան, Աբովյան փողոցները, Այգեստանի լանջերը հեղեղվել էին: Ալավերդյանով մեկ մետր բարձրության ջուր էր հոսում: Մարդիկ առաջին հարկից իրերը վերին հարկերն էին բարձրացնում: Հեղեղը հսկայական քարեր էր լցնում քաղաքն ու նկուղները: Տեսանք, թե ինչպես ջրի երեսին մի թախտ՝ լողալով եկավ ու թափով հարվածեց ամերիկյան «Ստուդեբեկեր» մեքենային, վնասեց ռադիատորը, մեքենան հեղեղի բերանն ընկած ետ քշվեց: Կենդանաբանական այգու մոտ հեղեղը երեք մետր տրամագծով 120 տոննա ծանրության ապառաժ էր տանում քաղաք: Նալբանդյան ու Խանջյան փողոցների անկյունում, լեռներից եկող ջրերի հարվածից տրամվայի գծի ռելսերը պոկվել էին, փայտաշարի հետ երկու մետր բարձրությամբ կախվել: Տներ էլ էր քանդել, տարել: Անատոմիկումի շենքերից մեկը ավերեց: ԽՍՀՄ հիդրոմետինստիտուտի մեր զոնային վերաբերող կատալոգում պաշտոնական տվյալներ կան Գետառի ու այդ հեղեղի մասին: Հեղեղը տեւել է 5,5 ժամ, հզորությունը՝ 200 մետր խորանարդ ջուր՝ մեկ վայրկյանում: Անձրեւից առաջացած սելավը, միանալով Գեղամա լեռների հալոցքաջրերին, Գետառի հունով սլանում է դեպի քաղաք: Խորհրդային միությունում ընդունված չէր զոհերի մասին տեղեկություն հաղորդել, չնայած զոհեր էին եղել: Անմիջապես միութենական հանձնաժողով ստեղծվեց՝ ակադեմիկոս Իվան Եղիազարովի գլխավորությամբ: Կառավարությունից հրահանգ եկավ մեր ինստիտուտին՝ նախագիծ մշակել ու լուծում գտնել հեղեղների դեմն առնելու համար: Հայրս՝ Հակոբ Մանուկյանն էր «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտի տնօրենը: Ավան-Առինջ թաղամասից ոչ հեռու Գետառը թասի նման լայնացում ունի, որտեղ էլ որոշվեց պատվար կառուցել՝ հեղեղի ուժը մարելու համար, իսկ ջրերը թասից Եգանարխի հատուկ ջրանցքով պետք է թափվեին Հրազդան գետը՝ առանց քաղաք մտնելու: 50-ականների վերջերին կառուցվեց սելավատարը, ու քաղաքին այլեւս նման վտանգ չէր սպառնում: Գետառի հետ կապված մեծ ջրհեղեղներ են եղել 1873, 1923, 1924, ինչպես նաեւ 1946, 1947 ու 1950 թվականներին:

– Ուրեմն լուծված է խնդիրը,- ասացի ես:

– Ես տարիներ շարունակ զբաղվում եմ Հայաստանի գետերի խնդիրներով, իսկ Գետառի մասին այլեւս չէի մտահոգվում: Օրինակ, Լոռու մարզում մի հեղեղի ժամանակ կովը տան չորրորդ հարկում էր հայտնվել: Մենք ուսումնասիրում ենք իրավիճակն ու լուծումներ առաջարկում, նախագծում: Պակաս խնդիրներ չէր առաջացնում Ողջի գետը: Ղափանը հեղեղի տակ էր մնացել: Ի վերջո, հայտնի է, թե աշխարհում կլիմայական ինչ գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, որոնց առաջին արտահայտությունը կործանարար ջրհեղեղներն են: Ինչ վերաբերում է Գետառին, ապա երկուսուկես տարի առաջ լսեցի, որ Ավան-Առինջին կից սելավատար թասի տարածքը վաճառվում է՝ առանձնատներ կառուցելու համար: Բուն թասի մեջ անընդհատ աղբ է լցվում, որպեսզի վերջում էլ հող լցնեն ու հարթեցնեն, վաճառեն: Պատվարը աղբի տակ է մնացել: Սպասվող հեղեղը դեպի Հրազդան տանող ջրանցքն արդեն գոյություն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել