Ապրիլի 7-ին՝ «26 տարի անց» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի 80-ամյա կենսաթոշակառու, նախկին ոստիկան Վազգեն Մելիքբեկյանը իր որդի Արշակին, 26 տարվա հարսին՝ Բերդի զորամասի ընդունարան-բաժանմունքի լաբորանտ, պայմանագրային ծառայող, սերժանտ Ալվարդ Մարությանին եւ նրանց չորս երեխաներին Բերդի Զորավար Անդրանիկ 4 հասցեում գտնվող տնից վտարելու հայց է ներկայացրել դատարան: Տեղեկացրել ենք նաեւ, որ հայցվորի որդին՝ Արշակը, արդեն մի քանի տարի Ռուսաստանում է, իսկ հայցվորն ինքը 2009-ի հոկտեմբերից առայսօր երկու անգամ հրաժարվել է հայցից, հետո՝ նոր հայց ներկայացրել, մեկ՝ կնոջ հետ, մեկ՝ առանց կնոջ: Ապրիլի 21-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Զոյա Զաքինյան) վճռեց բավարարել հայցը եւ 46-ամյա զինծառայող կնոջը՝ նրա մեկ ուսանողուհի եւ երեք զինծայառող որդիների հետ վտարել հիշյալ բնակարանից:
Հայցվորները դատարանին հայտնել են, որ պատասխանողների հետ իրենց հարաբերությունները չափազանց լարված բնույթ են կրում, մշտապես ծագում են վիճաբանություններ, իրենց հասցեին տեղում վիրավորանքնե, իսկ իրենք «ծեր, թոշակառու մարդիկ են եւ այդ տարիքում առավել, քան երբեւէ, անհրաժեշտ են հանգիստ, խաղաղ պայմաններ»: Ինչպե՞ս կարող է պատասխանող կողմ Արշակ Մելիքբեկյանը վիճաբանել ծնողների հետ, եթե արդեն մի քանի տարի Ռուսաստանում է: Իսկ Ալվարդ Մարությանը դատարանին հայտնել է, որ ինքն այդ տնից բացի՝ բնակվելու այլ տեղ չունի: Դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է, որ թեեւ Ալվարդ Մարությանը հաշվառված է այդ տանը, սակայն նրա՝ բնակտարածության օգտագործման իրավունքը օրենքով սահմանված նոտարական կարգով գրանցված չէ: Հետեւաբար, նա, առանց տան սեփականատիրոջ համաձայնության, չի կարող բնակվել տանը:
Դատարանի վճռից հետո հարցեր են ծագում՝ ազգային բանակում ծառայությունն ավարտելուց հետո որտե՞ղ են ապրելու Ալվարդի երեք տղաները, ուսանողուհի աղջիկը արձակուրդներին ո՞ւր է գալու:
Ալվարդ Մարությանը պատրաստվում է դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ քաղաքացիական դատարանում: