Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ ինքնությունն ու խառնամուսնությունները

Ապրիլ 23,2010 00:00

Տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ՝ ապրիլի 25-26-ին Երեւանում կանցկացվի «Հայ ինքնության որակների պահպանումը խառնամուսնություններում» գիտագործնական համաժողով:

ՀՀ Սփյուռքի նախարարության հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանից տեղեկացանք, որ համաժողովին մասնակցելու են տեղացի եւ Լեհաստանից, Վրաստանից, Ռուսաստանից ժամանած մասնագետներ: Հայտնի է, որ հայկական ամենամեծ գաղթօջախները Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում են: ԱՄՆ-ից, սակայն, մասնակիցներ չկան:

Համաժողովը կարող է շատ հարցերի պատասխան տալ: Օրինակ, այս պահին դեռ պարզ չէ, թե որ երկրում ազգությամբ հայ աղջիկների եւ տղաների քանի տոկոսն է կյանքի ընկեր ընտրում օտարազգի մեկին, պարզ չէ, թե որ երկրում է մերոնց շրջանում առավել տարածված օտարազգի տղային, որ երկրում՝ օտարազգի աղջկան նախապատվություն տալը: Պարզ է, որ Ռուսաստանում ավելի հաճախ հայ տղաներն են ամուսնանում ռուսի կամ այլ ազգի ներկայացուցչի հետ, քան հայ աղջիկները:

Երկօրյա համաժողովի ընթացքում հետաքրքիր ելույթներ են լինելու: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դոկտոր Էդուարդ Մելքոնյանը Երեւանից կնայի խառնամուսնություններին եւ հայ ինքնությանը, հայ աշխատանքային միգրանտների շրջանում խառնամուսնություններին կանդրադառնա մեկ այլ պատմաբան՝ Միհրան Գալստյանը: Հայ մնալու գաղտնիքը կբացահայտի Ռուսաստանից՝ Արմեն Ռոնովը, իսկ Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ տեղեկատվության պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի տնտեսագիտության ամբիոնի վարիչ Եվգենի Պոնոմարյովը բոլորին կասի, թե ինչու է ամուսնացել հայի հետ: Եթե փիլիսոփա Հասմիկ Գեւորգյանը փիլիսոփայորեն է նայելու խառնամուսնություններում ազգայինին եւ համամարդկայինին, ապա Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը կոնկրետ ներկայացնելու է Խորհրդային Հայաստանի ղեկավարների օտարազգի կանանց եւ մեր հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում նրանց դերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել