Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լենինը 140 տարեկան է

Ապրիլ 23,2010 00:00

Հայաստանից արտագաղթում են նաեւ կոմունիստները, իսկ մնացողները պնդում են, որ անհրաժեշտության դեպքում  մի կոչով ժողովրդին ոտքի կհանեն:

\"\"Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքը նշանավոր դարձավ այն օրը, երբ Էջմիածնի իր պատվանդանից գահընկեց եղած Վլադիմիր Իլյիչի կիսանդրին հայտնվեց կոմունիստ մեծամասնությամբ բնակչություն ունեցող այս գյուղի կենտրոնում: Դա 1997 թվականն էր: Այդ տարվանից սկսած, Լենինի ծննդյան տարեդարձի ու մահվան տարելիցի օրերին հայ կոմկուսի հավաքատեղին Լեռնամերձն է:

\"\"Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Լեռնամերձը իր հնարավորությունների սահմաններում պատրաստվել էր Վլադիմիր Իլյիչի 140-ամյակին: Պատրաստվել էր նախապես: Լեռնամերձի ակտիվը լվացել, մաքրել էր պրոլետարիատի առաջնորդի կիսանդրին, կարմիր դրոշներով զարդարել գյուղի գլխավոր ու միակ ասֆալտապատ ճանապարհը, հոգացել, որ պիոներ-դպրոցականների շարքերն անխախտ լինեն: Ամեն ինչ գրեթե նույնն էր՝ սցենարը, դեմքերը, ելույթ ունեցողները: Միակ տարբերությունը կոմունիստների նոսրացած շարքերն էին, որին լեռնամերձցի ամենաակտիվ կոմունիստ Ազատ Բարսեղյանն իր բացատրությունն ունի՝ օր օրի ավելանում են արտագաղթող ընտանիքները: «Երեք հոգանոց կոմունիստ մի ընտանիք էլ օրեր առաջ կողպեց դուռն ու գնաց Ռուսաստան: Տուն, այգի թողեցին ու գնացին»,- ասաց Ազատ Բարսեղյանը:

Չդատապարտելով գնացողներին, ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը մեղքի սլաքն ուղղեց գյուղի եւ գյուղացու նկատմամբ պետության անտարբեր վերաբերմունքի վրա. բարձր տոկոսով տրվող վարկերը հողի մշակին թույլ չեն տալիս ծնկած վիճակից բարձրանալ: «Մարտահրավերները շատ են, բայց Հայաստանի կոմկուսն իր անելիքը գիտի, ունի այդ մարտահրավերներին դիմակայելու իր ծրագիրը: Մենք հավասարակշռված, ճշգրիտ քաղաքականություն ենք տանում եւ անհրաժեշտություն դեպքում մի կոչով ժողովրդին ոտքի կհանենք»,- ասաց ընկեր Թովմասյանը: Նրա խորին համոզմամբ՝ սոցիալիստական հեղափոխությունը դեռ շարունակվում է, եւ իրենք՝ կոմունիստները, պետք է վերականգնեն այդ կարգերը Հայաստանում:

Որ ապագան սոցիալիզմինն է, դրանում համոզված են նաեւ Իլյիչի տարեդարձին հրավիրվածները: «Ես հավատում եմ դրան, որովհետեւ հավատում եմ արդարությանը: Առաջ ես աշխատում էի, որ ապրեի, իսկ հիմա չեմ աշխատում: Սա միայն իմ պրոբլեմը չի, բնականաբար՝ երկար ձգվել չի կարող: Մի օր արդարությունը գլուխ կբարձրացնի: Մենք՝ կոմունիստներս, այդ լավատեսությամբ ենք ապրում: Թող լինի սոցիալիզմ, թող լինի ազատ Հայաստան, բայց լինի օրինական»,- «Առավոտի» հետ կիսվեց Ջավախքում ծնված, Էջմիածնում բնակվող Հմայակ Չոբանյանը:

Լենինի տարեդարձը կնշվի նաեւ Լեռնամերձից դուրս: Շրջանային կուսկազմակերպությունները հանդիսավոր երեկոներ են նախաձեռնել, իսկ կենտկոմում ընդունելություն կլինի, խորհրդային համակարգում մեծ ներդրում ունեցած կոմունիստներին կհանձնվեն Լենինի 140-ամյակին նվիրված մեդալներ:

Առաջին մեդալը հանձնվեց Լեռնամերձի գյուղապետ Սահակ Միրզոյանին՝ պրոլետարիատի առաջնորդի արձանը անվնաս պահպանելու համար: Բայց գյուղապետ Միրզոյանը հիվանդ էր եւ ներկա չէր Իլյիչի տարեդարձին: Սա չխանգարեց, որ մայրաքաղաքից Լեռնամերձ հասած կուսակցապետն ինքը այցելեր համայքի ղեկավարին եւ մեդալն անձամբ հանձներ նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել