Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԽՈՐԱՄԱՆԿՈ՞ՒՄ Է

Ապրիլ 23,2010 00:00

\"\"Երեկ ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում պետք է հրապարակվեր «Առավոտն» ու Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի գործի վճիռը, սակայն դատաքննությունը հետաձգվեց: Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ի օգոստոսի 19-ին «Առավոտը» էլեկտրոնային հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարան եւ խնդրել տեղեկություններ տրամադրել «Այլ նպաստներ բյուջեից» տողով ՀՀ պետական բյուջեից ստացված գումարների ծախսերի վերաբերյալ եւ պատասխան չէր ստացել: Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ Ալիկ Սահակյանը դատարանում ընդունել է, որ հարցումը ստացել են, սակայն պնդում էր, որ էլեկտրոնային հարցումը գրավոր համարվել չի կարող: Լոռու մարզպետարանի դեմ դատական հայցից հետո մարզպետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Էդիկ Հովսեփյանը նախ արձակուրդ է գնացել, ապա, իր դիմումի համաձայն, ազատվել աշխատանքից:

Երեկ, սակայն, մարզպետարանի ներկայացուցիչը դատարանում հայտարարել է, որ տեղեկությունը մեզ տրամադրվել է եւ դրա համար էլ վճիռը չի հրապարակվել եւ դատը հետաձգվել է: Խնդիրն այն է, որ մեր էլեկտրոնային հարցմանը էլեկտրոնային պատասխան ենք ստացել ապրիլի 21-ին, վճռի հրապարակման՝ արդեն նշանակված օրից մեկ օր առաջ, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի փոխարեն հարցումը ստանալուց 245 օր անց: Դատարանը վճռի հրապարակման օրվա մասին հայտարարել էր ապրիլի 10-ին եւ այդ մասին գիտեին Լոռու մարզպետարանում:

240 օր ուշացումով տեղեկությունը մեզ տրամադրելու օրը Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը «Մարշալ Հովհաննես Բաղրամյան» մեդալով է պարգեւատրվել՝ «2009 թվականի աշնանային զորակոչը լավագույն ձեւով կազմակերպելու եւ իրականացնելու համար»: Շնորհավորում ենք պարոն Քոչարյանին եւ մաղթում, որ բոլոր հարցերը զորակոչի նման լավագույն ձեւով կազմակերպի եւ իրականացնի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել