Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂԻՑ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ

Ապրիլ 23,2010 00:00

\"\"Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ոստիկանության 4 սպաների՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, արդարացնելով երկու քաղաքացու, որոնց ոստիկանությունը մեղադրանք էր առաջադրել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Քրեական գործով կտրուկ շրջադարձը տեղի է ունեցել՝ այն հատուկ քննչական ծառայություն ուղարկելուց հետո, որտեղ պարզել էին բոլորովին այլ իրողություն: Արդյունքում՝ ոստիկանների կողմից որպես մեղադրյալ ներգրավված քաղաքացիները ՀՔԾ-ի կողմից ճանաչվեցին որպես տուժող, իսկ տուժողի կարգավիճակ ստացած ոստիկանները՝ մեղադրյալ:

Այսպես, նախաքննության տվյալներով՝ 2009թ. հունիսի լույս 27-ի գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչներ Արտակ Մուսայելյանը եւ Արթուր Հակոբյանը վերջինիս անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, նախօրոք պայմանավորվածության համաձայն, Պարոնյան 26 շենքի մոտ սպասել են իրենց ծանոթ աղջիկներին՝ Ա. Համբարձումյանին եւ Ն. Կարապետյանին: Այդ պահին նրանց մոտեցել են նշված վայրում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Արման Չուխաջյանը եւ Հակոբ Ջանյանը:  Արթուր Հակոբյանը Հակոբ Ջանյանին ծանոթ է եղել 2009թ. մարտի 30-ից՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման կապակցությամբ իր նկատմամբ ակտ կազմելու առիթով: Կենցաղային հողի վրա ծագել է վիճաբանություն. լեզվակռիվը՝ տեսուչների ակտիվ դերակատարությամբ, վերածվել է քաշքշոցի: Տեսուչ Արման Չուխաջյանը պարզաբանումներ է պահանջել Արտակ Մուսայելյանից՝ քաշքշելով նրան: Այդ ընթացքում ռադիոկապի օգնության կանչերով դեպքի վայր են ժամանել մի խումբ ճանապարհային ոստիկանության տեսուչներ, այդ թվում՝ Կորյուն Վարդանյանը եւ Մուշեղ Սարգսյանը: Հակոբ Ջանյանը, Արման Չուխաջյանը եւ Կորյուն Վարդանյանը բռնություն կիրառելով՝ Արտակ Մուսայելյանին նստեցրել են ոստիկանության ավտոմեքենան, տարել ոստիկանության Կենտրոնական բաժին: Բերման է ենթարկվել նաեւ Արթուր Հակոբյանը: Բռնությունները երիտասարդների նկատմամբ շարունակվել են նաեւ ոստիկանության Կենտրոնի բաժնի հերթապահ մասում: Հակոբ Ջանյանը հայհոյել է Արտակ Մուսայելյանին եւ Արթուր Հակոբյանին, վերջիններս պատասխանել են հայհոյանքին, որից հետո Արման Չուխաջյանը, Հակոբ Ջանյանը, Կորյուն Վարդանյանը եւ Մուշեղ Սարգսյանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելու հիմքերի բացակայության պայմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասում բռնություն են կիրառել բերման ենթարկվածների նկատմամբ։ Ավելին՝ ոստիկանությունը հետագայում փոխելով դերերը, մեղադրանքներ էին առաջադրել տեսուչների կողմից բռնության ենթարկված քաղաքացիներին, թե, իբր, նրանք են բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, իսկ բռնարարքի հեղինակ տեսուչները ճանաչվել էին որպես տուժող:

Սակայն քրեական գործը, գլխավոր դատախազի ցուցումով ՀՔԾ ուղարկվելուց հետո, նոր ընթացք ստացավ: Ի վերջո՝ հաղթեց արդարությունը եւ ՀՔԾ-ն հիմնավորեց, որ ոչ թե քաղաքացիներն են ոստիկանության տեսուչների նկատմամբ բռնություն գործադրել, այլ հակառակը եւ որ տեսուչների կողմից կիրառված բռնությունների հետեւանքով քաղաքացիները ստացել են նաեւ մարմնական վնասվածքներ: Արդյունքում՝ ոստիկանության վերոնշյալ 4 տեսուչներին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, իսկ քաղաքացիները ստացան դատավարական բոլորովին այլ՝ տուժողի կարգավիճակ:

Ինչպես տեղեկացանք դատախազությունից՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան: 4 ոստիկանների վերաբերյալ քրեական գործով դատավարությունը տեղի կունենա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել