Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԿԱԽՎԵՑԻՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ապրիլ 23,2010 00:00

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի օրվանից երկու օր առաջ ՀՀ նախագահը եւ քաղաքական մեծամասնությունը որոշեցին առկախել հայ-թուրքական արձանագրությունները:

\"\"

«ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես՝ վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից: Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը եւ որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի՝ դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը՝ մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման»,- երեկ օրվա առաջին կեսին խորհրդարանի տարածած այս հայտարարությունը նախորդեց ՀՀ նախագահի հերթական ուղերձին: Իսկ ուղերձում հստակ նշվեցին այն փաստարկները, որոնք հիմք են հանդիսացել հայ-թուրքական արձանագրությունների առկախման համար: Քաղաքական ուժերի մի մասը երեկվա ընթացքում գտնում էր, որ ավելի ճիշտ կլիներ, եթե Հայաստանն ընդհանրապես դուրս գար գործընթացից՝ ետ վերցնելով ստորագրությունը արձանագրությունների տակից, ուրիշները ուղղակի ցնծության մեջ էին. «Տեսա՞ր ինչ արեցինք, դե, թող թուրքերը գնան եւ մտածեն»: Երրորդները փաստեցին, որ այս առկախմամբ արձանագրվեց այն, ինչ իրականում կար մինչ այս՝ տեւական ժամանակ արձանագրությունների վավերացման գործընթացը ուղղակի սառեցված էր հենց թուրքական խորհրդարանում: Իսկ ուրիշների կարծիքով, սրանով ակնհայտ դարձավ, որ ապրիլի 24-ն էր այն ողջամիտ ժամկետը, մինչեւ երբ հայկական կողմը կարող էր սպասել: ՀՀ նախագահը մինչ Վաշինգտոն մեկնելը՝ Տավուշում հայտարարել էր, որ արդեն կա որոշում, որի մասին կոնկրետ կխոսի վաշինգտոնյան այցից հետո, որոշ հարցեր ճշտելուց հետո: Փաստորեն այդ հարցերն արդեն ճշտված են, այլ ելք երեւի չկար, եւ առկախումը գտնվեց որպես այս պահի հարմար որոշում: Կոալիցիայի մաս կազմող ուժերի ներկայացուցիչները երեկ միաձայն գովերգեցին այս որոշումը: ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, թե ինքը ինչ էր ասել օրեր առաջ՝ գնդակի եւ Թուրքիայի դարպասի մասին: Հիշեցնենք, ասել էր, որ գնդակն այժմ ոչ թե Թուրքիայի դաշտում է, այլ կախված է այդ երկրի դարպասից, եւ եթե դարպասապահը գնդակը բռնի, արձանագրությունները կվավերացվեն: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի. «Խնդիրը նրանում է, որ մենք բոլոր տեսակի քննարկումներն արել ենք եւ պատասխաններն արդեն տվել ենք թուրքական կողմին, առավել եւս՝ ողջամիտ ժամկետներն անցել են: Խնդրել ենք երկրի նախագահին, որպեսզի կասեցնի խորհրդարանում այդ հարցի քննարկումները: Դա նշանակում է, որ երբ Թուրքիան պատրաստ կլինի արձանագրությունները վավերացնել, գործընթացը նորից առաջ կգնա»:

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Մինչ Վաշինգտոն մեկնելը՝ արդեն հստակ էր, որ հանրապետության նախագահն ունի իր որոշումը, ինչը ամրապնդվեց Թուրքիայի վարչապետի՝ լուրջ քաղաքական գործչին ոչ հարիր վերջին իրարամերժ հայտարարություններով։ Այո, միանշանակ ճիշտ որոշում է կայացրել քաղաքական կոալիցիան՝ քառօրյայի օրակարգից ետ կանչելով արձանագրությունները։ Այժմ գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է միայն եւ բացառապես Թուրքիան, որի քաղաքական էլիտան ողջ այս գործընթացի ընթացքում հետեւողականորեն խեղաթյուրեց արձանագրությունների բովանդակությունը։ Մեկ բան հստակ է՝ հայ-թուրքական հարաբերությունները բնականոն ընթացքի մեջ դնելու գործընթացը տորպեդահարվում է բացառապես Թուրքիայի ոչ կառուցողական եւ ավանտյուրիստական քաղաքականության պատճառով։ Իր այս շառլատանական քաղաքականությամբ Թուրքիան կորցնում է քաղաքակիրթ պետություն դառնալու իր շանսը։ Կարծում եմ՝ դրանում համոզվեց նաեւ միջազգային հանրությունը»:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծիքով, արձանագրությունների վավերացման առկախումը շատ ճիշտ քայլ է. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդիրը մնում է օրակարգում, եւ առկախումը կշարունակվի այնքան, քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների շարունակելու գործընթացը: Ես այս կասեցումը համարում եմ մեր կողմից սկզբունքայնության դրսեւորում, որովհետեւ ի սկզբանե մենք ասել էինք, որ գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների»: Հեղինե Բիշարյանը վստահ է, որ այս առկախումը չի նշանակում գործընթացի տապալում, այլ նշանակում է սկզբունքայնություն այս գործընթացի նկատմամբ:

Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով եւս գործընթացը չի կարելի համարել տապալված. «Ինչպես ցանկացած նորմալ պետություն, Հայաստանը բոլոր պետությունների հետ պետք է հաստատի բարիդրացիական փոխշահավետ հարաբերություններ: Այդ տեսակետից առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի: Արձանագրությունների ստորագրման պահից Հայաստանի դիրքորոշումը եղել է հավասարակշռված եւ կառուցողական, ինչը բացարձակապես չի կարելի ասել Թուրքիայի մասին: Հայաստանի որդեգրած դիրքորոշումը աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից: Անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի իրականացրած նախաձեռնողական քաղաքականությունը ինչպես կհանգուցալուծվի, նրա կատարած աննախադեպ քայլով նոր էջ բացվեց հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ: Հայաստանի այսօրվա եւ վաղվա ղեկավարները հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված իրենց հետագա քայլերն իրականացնելիս տրամաբանորեն, թերեւս, պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը: Հայաստանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի առկախումը միանգամայն համարժեք արձագանք է Թուրքիայի որդեգրած ապակառուցողական քաղաքականությանը: Կատարելով այս քայլը՝ Հայաստանը դուրս չի գալիս ընդհանուր գործընթացից, այլ ժամանակավորապես կասեցնում է այն: Չի այրում կամուրջները եւ թողնում է գործընթացը շարունակելու որոշակի շանս: Ի դեպ, անգամ քաղաքականության հետ կապ չունեցողներն են գիտակցում, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը իրականացնելիս Հայաստանը որոշ իմաստով չպետք է ելակետային դարձնի այդ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի հնարավոր դիրքորոշումը, որը կնշանակեր քաղաքական հիմնախնդիրների նկատմամբ ոչ քաղաքական մոտեցում»:

Հ. Գ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքելով Հայաստանի այս քայլին, ասել է. «Հայաստանում իրենք գիտեն, թե ինչպես կարգավորեն գործընթացը, դա իրենց գործն է, սակայն ես կարծում եմ, որ գործընթացը պետք է շարունակել: Ես սրանից առաջ էլ բազմիցս հայտարարել եմ, որ մենք հավատարիմ ենք ստորագրված արձանագրությունների տառին եւ ոգուն: Այդ ուղղությամբ իմ հատուկ ներկայացուցչին ուղարկեցի Հայաստան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել