Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԴԵՄ ԷՐ

Ապրիլ 23,2010 00:00

Գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների կապակցությամբ, որոնցով հնարավորություն է ընձեռվում Հայաստանում հիմնել օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ՝ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Մերի Հարությունյանն «Առավոտին» ասաց. «Երբ ժամանակին՝ մոտ 10 տարի առաջ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը (հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել այն ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը.- Ա. Ի.) օրինագիծ էր մշակել ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խիստ զայրացել էր: Նա ասում էր, որ բավականին երկար ժամանակ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ իր հետ, շահագրգիռ անձինք փորձել են նման զրույցներ ունենալ, սակայն ոչ ոք այդպիսի քայլի չի գնացել ու չի համաձայնել՝ անթույլատրելի համարելով անկախ Հայաստանում նման թեմայով զրույցն անգամ, ու կարողացել են դիմակայել ճնշումներին: Դիմացինի համար իրենց փաստարկներն ու մոտեցումը ընդունելի են եղել: Մոտեցումը ոչ թե հատկապես ռուսերենին է վերաբերել, այլ առհասարակ ցանկացած օտար լեզվի: Իբրեւ կուսակցության ղեկավար՝ Անդրանիկ Մարգարյանը ՀՀԿ խմբակցությանը հրահանգել էր անհրաժեշտ պահին կոշտ հակահարված տալ այդ նախաձեռնությանը եւ մեծամասնության կողմից այնպես տապալել այն, որ հետագայում որեւէ մեկի մտքով անգամ չանցնի նման քայլի գնալ: Նախկին վարչապետը, հատկապես նոր սերնդի համար, չափազանց կարեւորելով օտար լեզուների իմացությունը՝ դա ոչ մի կերպ չէր ուզում տեսնել հայապահպանության կարեւորագույն երաշխիքներից մեկի՝ հայոց լեզվի հաշվին: Անդրանիկ Մարգարյանը համարում էր, որ հայկական դպրոցներում ու բուհերում օտար լեզուների ուսուցման որակն էապես պետք է բարձրացվի, արտերկրում հայ երիտասարդների ուսումը պետական օժանդակությամբ շարունակելու հնարավորությունները՝ մեծացվեն, սակայն հայոց լեզուն, իբրեւ պետական լեզու, պետք է լինի առաջնահերթ ուշադրության կենտրոնում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել