Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծափերի ժամանակը չէ

Ապրիլ 23,2010 00:00

Հայ-թուրքական արձանագրություններին «դեմ» ուժերը ցնծության մեջ չեն կոալիցիայի որոշումից

«Իմ գնահատմամբ՝ հայ-թուրքական «հաշտության» քաղաքականությունը բոլորովին կանգ չի առել եւ չի մեռել, քանի դեռ չի փոխվել Սերժ Սարգսյանի աշխարհայացքը՝ իբր պետական, իսկ ավելի ճշգրիտ՝ իր խմբակային եւ անհատական շահերի համար պայքարը եւ իշխանության մեջ նրա հարատեւելու տենչը»,- երեկ, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ կարելի՞ է արձանագրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փուլը մեռավ, ասաց «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, ավելին, չի էլ կամենում ունենալ. «Նա գերադասում է, ի հաշիվ հայոց պետականության արմատական շահերի, անտեսելով հայկական հարցը եւ ՀՀ անվտանգությունը, կարգավորել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական իրականում միասնական խնդիրը, կառուցել, իր պատկերացմամբ, բայց իրականում անիրագործելի, կայուն իրավիճակ, երբ Հայաստանն իր թուրքական շրջապատի հետ ոչ մի խնդիր չի ունենա, իսկ իր իշխանությունն իր որակներով կհարատեւի»: Անդրադառնալով երեկվա հայտարարությանը՝ Ա. Քանանյանը կարծում է, որ եթե ինչ-որ բան ձախողվել է, ապա դա Թուրքիայի բացարձակ անզիջողականության պատճառով է, եւ Սերժ Սարգսյանն էլ քաջ գիտակցում է, որ եթե զիջի Թուրքիայի ու Ադրբեջանի ակնկալած չափով, ապա դա իր իշխանությունն ավելի մեծ վտանգի կենթարկի, ուստի որոշել է իրավիճակն առկախել: Հետաքրքրվեցինք՝ փաստորեն, վա՞ղ է ծափահարություններ հնչեցնելը: Պատասխանը եղավ. «Իհարկե, կարող ենք գոհունակությամբ փաստել, որ գործընթացն այնքան հակատրամաբանական եւ վնասակար է Հայաստանի շահերին, որ Սերժ Սարգսյանի ճանապարհին առաջացող ցանկացած բնական խոչընդոտ՝ խնդիրներն իր պատկերացրած եղանակով կարգավորելու, միանգամայն դրական է: Բայց ամբողջապես ապահով լինել եւ հաղթանակ տոնել՝ դեռ վաղ է: Հաղթանակ կտոնենք այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանության կգան այնպիսի ուժեր եւ հանրության մտքում կգերակայի այն հայեցակարգը, որ հայոց պետականության շահն ու անվտանգությունը, մեր պետության անկաշկանդ զարգանալու հնարավորությունը գերագույն եւ անփոխարինելի արժեքներ են»: Նրա համոզմամբ, աշխարհը եւս մեկ անգամ համոզվել է, որ անգամ ունենալով ամեն ինչի պատրաստ եւ համարյա ամեն ինչ զիջող ՀՀ նախագահ՝ Թուրքիայի կեցվածքն այնքան կոշտ եւ անզիջում է, որ վկայում է մի պարզ ճշմարտություն. «Թուրքիան եւ Ադրբեջանն այսօր նույնպես սկզբունքորեն իրենց պետականակերտ մոդելի կաղապարի եւ ընդհանրական գիտակցության մեջ պարզապես չեն ուզում հայոց պետականությանը շնորհել գոյություն ունենալու իրավունք: Այլ բան է, որ ներկայիս իշխանությունն ունակ չէ Թուրքիայի ակնհայտ ցեղասպանական վարքագիծն օգտագործել ի նպաստ հայկական շահերի ամրապնդմանը եւ բացահայտել Թուրքիայի իրական դեմքը, որպես պետություն»:

ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանն էլ կոալիցիոն հայտարարության առիթով «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ իշխանությունը «շարունակում է իր նույն խաղը՝ աչքակապություն»: Նա միաժամանակ կարծում է, որ «խաղի կեսից դուրս գալը լավ բան չէ»: «Առավոտի» տարակուսանքին՝ անգամ այն պարագայում, երբ գործընթացը զուգորդվում էր ձեր նկատած աչքակապությամբ, եւ Թուրքիան գնալով ավելի էր կոշտացնում իր դիրքորոշումը՝ Հայաստանը պետք է շարունակե՞ր խաղը, ՀՀՇ վարչության անդամը պատասխանեց. «Թուրքական կողմն իր կոշտ դիրքորոշումը սկզբից ասել էր: Հիշեք արձանագրությունների կետերը, որոնց տակ ստորագրեց այս իշխանությունը. դրանցից արդեն պարզ էր, թե ինչ է հետեւելու: Մենք ասում էինք նախապայման կա՝ իրենք հակառակն էին պնդում: Հետո տեսան նախապայմանները, հոխորտացին, հիմա էլ հետքայլ են անում»: Թե այս ամենն ինչ իրավիճակ կստեղծի Հայաստանի համար՝ թե միջազգային ասպարեզում, թե ներքին կյանքում, հնարավո՞ր է խորհրդարանի ինքնալուծարում լինի՝ Վահագն Հայոցյանը նկատեց. «Միջազգային ասպարեզում ընդհանրապես վատ է՝ եթե մի բան ես խոստանում ու չես անում: Եթե մինչեւ հիմա ասում էին գնդակը թուրքերի դաշտում է, հիմա մեր դաշտում է: Մնացածը՝ սպասենք հետագա զարգացումներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել