Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ ՔԱՅԼՆ Է»

Ապրիլ 23,2010 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը \"\"կասեցնելու մասին իշխանության որոշումը երեկ այսպես գնահատեցին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:

Հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների երեկվա հավաքի ընթացքում ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ինչպես տեսնում եք, հոռետեսների կանչերը, թե ոչի՜նչ հնարավոր չէ անել, մենք ոչ մի բանի չե՜նք կարող հասնել՝ ի վերջո, ճիշտ չէին, քանի որ մենք կամաց-կամաց, դանդաղ, սահմանադրական մեր պայքարով հաջողությունների, այնուամենայնիվ, հասնում ենք եւ հասնելու ենք»: Եվ այս շարքում անդրադառնալով կոալիցիայի երեկվա հայտարարությանը՝ պրն Հովհաննիսյանն ասաց. «Նրանք հասկացան ու ընդունեցին՝ մենք ճիշտ էինք ի սկզբանե: Եվ հասկացան, որ ա՛յս ձեւով, ա՛յս նախապայմաններով, ա՛յս ձեւաչափով, ա՛յս թելադրանքների տակ, ա՛յս օրակարգով Թուրքիայի հետ բանակցել ու աշխատել հնարավոր չէ»: Արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու կապակցությամբ ՀՅԴ բյուրոյի անդամն ասաց. «Համարել, որ սա մեր շարժման ամբողջական հաղթանակն է՝ դեռեւս, իհարկե, չի կարելի: Վստահ եմ, սա հերթական կիսատ-պռատ քայլն է: Եվ մենք չենք կարող ամբողջությամբ բավարարված լինել դրանով՝ այն պարզ պատճառով, որ ԱԺ նախագահի մի քանի հայտարարություններով արդեն հասկանալի էր դարձել, որ Հայաստանի կողմից գործընթացի շարունակությունը կասեցված է, այսինքն՝ որ ՀՀ խորհրդարանը չի քննարկելու արձանագրությունները, վավերացման որեւէ քայլ չի կատարելու, մինչեւ չվավերացնի Թուրքիան: Մեր կողմից այդ կասեցումը, նույնիսկ ինչ-որ տեղ պաշտոնական առումով, տեղի էր ունեցել»: Եվ ՀՀ նախագահի հայտարարությունը Վահան Հովհաննիսյանը «ընդամենը կեսքայլ» որակեց. «Ճիշտ ու վերջնական քայլը ստորագրությունների հետ վերցնելն է, եւ մենք հենց դա էլ պահանջելու ենք»:

Հավաքի ընթացքում այս թեմային անդրադարձավ նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ նշելով, թե ոչ ոք չգիտի՝ ի՞նչ էր ցանկանում Սերժ Սարգսյանը. «Հերոսաբար մտավ փակուղի, հիմա հերոսաբար դուրս է գալիս փակուղուց ու հերոսաբար ասում, որ մենք հաղթանակ ենք տանելու: Վիլսոնի գերեզման եւ այլն…շատ լավ է, որեւէ մեկը դեմ չի, ամեն ինչ ճիշտ է, բայց վերջիվերջո եկեք մի անգամ հարց տանք՝ այս ամենն ինչի՞ համար էր։ Նրա համա՞ր, որ հիմա ուզում են Թուրքիայից այնտեղ աշխատող հայերին դուրս քշե՞լ, կամ որ Ադրբեջանը հիմա իր ռազմական հռետորությունն ավելացրե՞լ է»։ ՆԺԿ ղեկավարը, սակայն, առաջարկեց չմոռանալ, թե «մի քանի ամիս առաջ հորթի ի՜նչ հրճվանքով էին բոլորն ասում, որ այս ամենը լավ է լինելու՝ սահմանները բացվելու են, ապրանքները լցվելու», եւ անգամ հույս ունեին, թե Սերժ Սարգսյանը կստանա Նոբելյան մրցանակ: Հավելեց, թե բոլորը համոզում էին, որ չկան նախապայմաններ. «Հիմա մեկին հարցնենք՝ կա՞ն այդ նախապայմանները, թե՞ չկան: Եթե չկան՝ ինչի՞ են կասեցնում. թող դնեն՝ վավերացնեն: Ուրեմն՝ կա՛ն այդ նախապայմանները՝ վերջը եկան հասան դրան, դրա համար էլ կասեցնում են»:

Հավաքում ընդունվեց համատեղ հայտարարություն, որտեղ այս քաղաքական ուժերը ՀՀ նախագահից պահանջում են դադարեցնել արձանագրությունների կնքման գործընթացը՝ հետ կանչելով հայկական կողմի ստորագրությունը: Հակառակ դեպքում պահանջում են իրականացնել Սահմանադրական դատարանի որոշումը եւ հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնել առանց առաջարկվող վերապահումների. «Միաժամանակ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից պահանջում ենք վերանայել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ բացասական դիրքորոշումը: ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք ընդունել Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը: Ներկայացված պահանջները չկատարելու դեպքում մենք՝ արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերս, պատրաստակամություն ենք հայտնում ազգային շահերին սպառնացող ստեղծված վտանգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու մինչեւ ստեղծված վտանգների լիակատար վերացումը»:

Հայտարարությանն այս անգամ չմիացավ «Ժառանգություն» կուսակցությունը, որի վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առավոտին» ասաց. «Իհարկե, ողջունում ենք այդ հավաքը: Մենք դուրս չենք գալիս «ՈՉ»-ի շարժումից: Բայց չմիացանք հայտարարությանը, քանի որ այն տեքստում, որն ուղարկվել էր «Ժառանգությանը», մեզ համար անընդունելի կետեր կան: Հայտարարության մեջ խոսք կար վերապահումների եւ ՍԴ որոշման մասին, իսկ հայտնի է, որ «Ժառանգությունն» ընդհանրապես է դեմ արձանագրությունները վավերացնելուն՝ նույնիսկ վերապահումներով, ու ՍԴ որոշումն էլ գնահատում ենք բացասական: Միակ պատճառը դա է եղել, որ չենք մասնակցել այդ հավաքին»: Սակայն «Ժառանգությունն» այսօր կմասնակցի «ՈՉ»-ի շարժման ցույցին, որը կնախորդի ջահերով երթին:

Ինչպես եւ այդ շարժման այլ մասնակիցները՝ «Ժառանգությունը» նույնպես համարում է, թե արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելը գործի լոկ կեսն է, կիսաքայլ, եւ անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը: Արմեն Մարտիրոսյանը նաեւ հավելեց. «Ափսոս, որ կոալիցիային մեկ տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել