Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ «ԿԱՊՈՒՏ»

Ապրիլ 23,2010 00:00

\"\"Երեկ այդ մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին՝ հայտարարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ զույգ արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին՝ ղեկավարվելով ԱԺ-ում իշխանական կոալիցիայի կողմից՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում դեռ 2 ամիս առաջ արված փոփոխություններով, եւ «ի լուր աշխարհի» հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 2008թ. սեպտեմբերից սկսված «ֆուտբոլային դիվանագիտությունը» Հայաստանի համար այլեւս ավարտված փուլ է:

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը ոչ այլ ինչ է, քան, այսպես կոչված, «նախաձեռնողական» քաղաքականության սնանկության խոստովանումն ու արձանագրումը»,- երեկ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը: «Թե՛ բարոյական, թե՛ քաղաքական տեսակետից անընդունելի այս գործարքի ստորագրումը Ս. Սարգսյանի վարչախմբի կողմից ծառայեց միայն մեկ նպատակի՝ կեղծված նախագահական ընտրություններով եւ մարտի 1-ի սպանդով իշխանությունը բռնազավթած ռեժիմի համար միջազգային հանրության կողմից լեգիտիմացմանը եւ աջակցության ապահովմանը: Մինչդեռ իրականացան ՀԱԿ-ի բոլոր նախազգուշացումները՝ Հայաստանի համար այդ գործընթացի վտանգավորության մասին: Հակառակ հռչակված նպատակներին, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերածվեց հայ-թուրքական առճակատման գործընթացի»,- արձանագրել է ՀԱԿ-ը: Վերջինիս համոզմամբ, խճճվելով սեփական «նախաձեռնողական» քաղաքականության սարդոստայնում՝ Ս. Սարգսյանը «այլեւս ի վիճակի չէ չեզոքացնել իր քաղաքականության վնասները: Մի կողմից՝ կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից՝ արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը, ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ, այլեւս չունի հետագա քայլերի ծրագիր եւ զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային եւ անհետեւողական գործողությունների միջոցով սեփական հասարակության եւ միջազգային հանրության առջեւ իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով: Քաղաքական սխալ հաշվարկների վրա հիմնված, հակասական եւ անիրականանալի պարտավորություններ ստանձնելով՝ իշխանությունները խաթարում են Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ, վարկը եւ հնարավորություն ստեղծում Հայաստանը միջազգային ասպարեզում ապակառուցողական ներկայացնելու համար»:

«Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ՀՀ գործող նախագահի հրամանագիրն ու իշխանական կոալիցիայի ավելի վաղ արած հայտարարությունը գնահատեց որպես բացասական, նաեւ այն իմաստով, որ «Հայաստանը պարտավոր էր ռացիոնալ դիրքորոշում որդեգրել եւ հարգել իր երկկողմ եւ միջազգային պարտավորությունները՝ անկախ Թուրքիայի այսօրվա վարքագծից: Հայաստանը պարտավոր էր վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, եւ դա միակ ճանապարհը կլիներ միջազգային հանրությանը ցույց տալու, որ մենք պոզիտիվ դիրքորոշում ունենք, եւ դա միակ ճանապարհն էր նաեւ Թուրքիային զրկելու մանեւրելու հնարավորությունից»: Ս. Սուրենյանցի ասելով, այսօր փաստն այն է, որ Հայաստանը պաշտոնապես՝ երկրի նախագահի մակարդակով, հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը սառեցնելու մասին, մինչդեռ Անկարան, անկախ իր ղեկավարների ոչ կառուցողական հայտարարություններից, նման պաշտոնական հայտարարություն չի արել. «Ճիշտ է, Թուրքիան ոչ կառուցողական դիրքորոշում էր որդեգրել՝ ԼՂ հիմնախնդիրը նախապայման համարելով, բայց հիմա Հայաստանը եւս հանդես եկավ նախապայմանով՝ օրակարգ բերելով Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացնելու խնդիրը: Մինչդեռ իրեն հարգող երկիրը կատարում է նախ՝ իր ստանձնած պարտավորությունը, հետո նույնը պահանջում դիմացինից: Հայաստանը նախ՝ պետք է վավերացներ արձանագրությունները, հետո ի լուր աշխարհի հայտարարեր Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման մասին: Հիմա, երբ Թուրքիան եւ Հայաստանը արձանագրությունների վավերացման հարցում գտնվում էին, ըստ էության, նույն փուլում՝ երկու երկրներում էլ փաստաթղթերը գտնվում էին խորհրդարաններում, նման հայտարարություն Հայաստանը չպետք է աներ, որովհետեւ դրանով նա դարձավ առաջինը, ով հայտարարեց արձանագրությունների սառեցման մասին»:

Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ արձանագրեց, որ Ս. Սարգսյանի հրամանագրից միայն մեկ հետեւության կարելի է հանգել՝ «ՀՀ դիվանագիտությունը հայտնվել է խորը փակուղում, եւ ՀՀ դիվանագիտության համար սա լուրջ պարտություն էր: ՀՀ իշխանություններն ու դիվանագիտական կորպուսը հիմա կռիվ են տալիս հողմաղացների դեմ: Նրանք պայքարում են այն խնդիրների դեմ, որն իրենք են ստեղծել: Դա պարտվողական, շփոթված, ձախողված իշխանության քայլեր են: Նրանց հայտարարությունների մեջ ես որեւէ իմաստ չեմ տեսնում: Իշխանությունները երեկ ամբողջ օրը փորձել են մկից փիղ ծնել, ինչը հնարավոր չէ անել»: Անդրադառնալով Ս. Սարգսյանի հրամանագրում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքին հղում կատարելուն՝ Հովհ. Հովհաննիսյանը նաեւ արձանագրեց, որ իշխանությունները «շատ վաղուց էին հասկացել, որ իրենց վարած դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը փակուղի է մտել, եւ ԱԺ-ում կատարված փոփոխությունների արդյունքում փորձում էին իրենց վայրէջքի համար փափուկ ներքնակ գտնել, եւ դեռ փետրվարին արված օրենսդրական այդ փոփոխությունները հենց այդ ներքնակն էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել