Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ապրիլ 22,2010 00:00

\"\"
ՌԴ կրկնակի արծաթե մեդալակիր Մարգարիտա Հովակիմյանը:

15-ամյա լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանի կրկնակի արծաթե նվաճումը Տյումենում անցկացված ՌԴ հաշմանդամային լողի բաց առաջնությունում Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի առաջին միջազգային հաջողությունն էր:
Այս նվաճման հիմքերը տարիների ընթացքում կատարած ու վերջին մեկ տարում համակարգված աշխատանքի արդյունքն է:
Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիան ստեղծվել է 2009-ին՝ «Հայկական ճամբար» հ/կ-ի կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում: Եվրոպական միությունը 127 հազար եվրո է տրամադրել երկու տարվա ծրագրի համար: Ֆեդերացիայի աշխատանքները համակարգող Վարդուհի Արամյանի խոսքերով, գումարը տրամադրվել է նորաստեղծ ֆեդերացիային՝ երկրի ներսում ծախսելու համար, այլ ոչ թե՝ արտասահմանյան մրցումների մեկնելու: Ուստի ֆեդերացիան գումարն ուղղորդում է հատուկ սպորտային հաշմանդամային գույքի ձեռքբերմանը: Արդեն 2011 թվականին Եվրոպական միության ֆինանսավորումը կավարտվի ու ՀՍՀԱՖ-ը ակնկալում է պետական աջակցություն:
Ինչպես հենց ֆեդերացիայում են նշում, հաշմանդամային սպորտն այսօր երեք հիմնական խնդիր ունի լուծելու Հայաստանում, որոնք առաջին հերթին պետական աջակցության բացակայությունից են առաջանում: Նախ, Հայաստանում գոյություն չունի հաշմանդամային սպորտի զարգացման պետական քաղաքականություն, կառավարության որոշումները չեն գործում եւ չկա բավարար ֆինանսավորում: Այդպես, 2010-ին հաշմանդամային սպորտի համար պետբյուջեից հատկացվել է 9-12 մլն դրամ, որը բաշխվել է 4 կազմակերպությունների՝ «Հատուկ օլիմպիադաներ» հ/կ-ի, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի, խուլերի հայկական սպորտային կոմիտեի եւ «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության միջեւ:
«Պարալիմպիկ կոմիտեն 2009 թվականին ընդամենը մի փառատոն է կազմակերպել: Մինչդեռ գումարները պետք է ուղղորդել հենց սպորտի զարգացմանը, այլ ոչ միայն տոներ կազմակերպել հաշմանդամի համար, ասես՝ նա երեխա է, ում անընդհատ զվարճանք է պետք»,- ասում է Վարդուհի Արամյանը:
Ու չնայած այս բոլոր դժվարություններին, ՀՍՀԱՖ նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Ռոստոմյանի խոսքերով, ֆեդերացիան բազմաբեւեռ հաջողություններ է գրանցել իր գործունեության մեկ տարվա ընթացքում: Այդպես, օրինակ, անցած տարի ՀՍՀԱՖ-ը կազմակերպել եւ անցկացրել է ութ ուսումնամարզական հավաք, գոլբոլի եւ սեղանի թենիսի ցուցադրական մրցաշարեր, ֆեդերացիայի լեռնադահուկային սպորտի առաջնություն: Ցուցադրական մրցաշարերից բացի, առաջին անգամ մեր երկրում հաշմանդամների միջեւ անցկացվել է գոլբոլի Հայաստանի առաջնություն: Ավելին, արդեն առաջիկա ամռանը Ռուսաստանի գոլբոլի լավագույն թիմերից մեկն այստեղ համատեղ հավաք կանցկացնի Հայաստանի գոլբոլի հավաքականի հետ: Ինչ վերաբերում է լողին, ապա անցկացվել են լողի որակավորման մրցումներ, որոնք թույլ են տվել հաշմանդամ մարզիկներին սպորտային կարգեր ստանալ: Այսօր արդեն երեք լողավազանում ֆեդերացիան ունի հաշմանդամ մարզիկների խմբեր, ֆեդերացիայի լողի հավաքականը մասնակցել է հանրապետական ոչ հաշմանդամային երեք առաջնությունների՝ մշտապես բացելով մրցումները: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սկզբում հաշմանդամներին լողավազաններին նույնիսկ մոտ չէին թողնում: Այս ամենը, անշուշտ, մեծ ձեռքբերում է: Սակայն ՀՍՀԱՖ-ն ունի բազում չիրականացված նպատակներ ու խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Դրանք են թե՛ հաշմանդամային սպորտի զարգացումը Հայաստանում, թե՛ առաջնությունների ու մրցումների կազմակերպումը, թե՛ այն, որ, վերջապես, հաշմանդամ մարզիկները սպորտային բուհերում մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ստանան… Նպատակները շատ են, անելիքը՝ նույնպես, հույսն էլ՝ անմար: «Մենք հույս ունենք, որ 2012թ. պարալիմպիկ խաղերին ֆեդերացիան իր մասնակիցը կունենա: Գոնե լողում մենք դա պիտի անենք»,- համոզված է Վարդուհի Արամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել