Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ մի զիջում՝ թշնամուն

Ապրիլ 22,2010 00:00

Անանդ-Տոպալով մրցամարտի կազմկոմիտեն «չորով» մերժեց մեկնարկը հետաձգելու՝ Անանդի խնդրանքը:

Սոֆիայում կայանալիք աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով մրցամարտը դեռ չմեկնարկած՝ կրքերը բորբոքվում են, իսկ անհաշտ մրցակիցների հեռակա պայքարը թեժանում է:
Իսլանդիայում ժայթքած հրաբխի պատճառով (այն, փաստորեն, մի քանի օրով կաթվածահար էր արել ամբողջ Եվրոպայի օդագնացությունը) այդ օրերին Գերմանիայում գտնվող աշխարհի գործող չեմպիոնը ժամանակին մրցավայր ներկայանալու հարցում դժվարությունների հանդիպելով՝ դիմել էր կազմկոմիտե եւ խնդրել մեկնարկը հետաձգել երեք օրով: Այս մասին «Առավոտը» տեղեկացրել է:
Սակայն, ինչպեսեւ սպասվում էր, կազմակերպիչ կողմը կտրականապես հրաժարվեց խնդրանքը բավարարել՝ դա հիմնավորելով հետեւյալ կերպ. «Մրցամարտի մեկնարկային օրը որոշելիս Բուլղարիան առաջարկում էր ապրիլի 5-ը: Սակայն հենց Անանդի խնդրանք-պնդումներով բացման օր ընտրվեց ապրիլի 21-ը»:
Կազմկոմիտեն կոմերցիոն բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել տարբեր ընկերությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների հետ եւ պայմանների ցանկացած խախտում խոշոր տուգանքների է բերելու, ինչին իրենք չեն կարող գնալ: Բացման հանդիսավոր արարողության հրավերները վաղուց ուղարկվել են քաղաքական, գործարար աշխարհի ներկայացուցիչներին: Նրանք եւ հրավիրված բոլոր մարդիկ պետք է բացման հաջորդ իսկ օրը շախմատիստների առաջին պարտիային պարտադիր հետեւելու հնարավորություն ունենան: Այնպես որ, ժամանակին Սոֆիա չհասնելու պարագայում, անգամ բնակլիմայական աղետի առաջացրած բարդությունների պատճառով, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Վիշվանաթան Անանդի վրա:
Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ս. Սերգիեւն իր հերթին ՖԻԴԵ-ի ներկայացուցչին հղած պաշտոնական նամակում Անանդի նամակ-առաջարկն անընդունելի համարելուց զատ՝ հավելել է, որ իրենք պատրաստ են հետաձգել գրոսմայստերի մամուլի ասուլիսը, սակայն մրցամարտը հետաձգելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մեկնարկը մեկ օր տեղափոխելը հնարավոր է միայն մի՝ կազմկոմիտեի նախագահ, Բուլղարիայի վարչապետ Բ. Բորիսովի համաձայնության դեպքում:
Բարեբախտաբար, բոլոր խնդիրները, կարծես, արդեն ետեւում են մնացել: Chessdom.com-ը տեղեկացնում է, որ Անանդը տիկնոջ հետ Գերմանիայից մեքենայով քառասուն ժամ ճանապարհ է անցել եւ արդեն ժամանել է Սոֆիա: Ըստ նույն աղբյուրի, աշխարհի գործող չեմպիոնը երեկ երեկոյան պետք է ներկա լիներ մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչ վերաբերում է բուն մրցամարտի կանոնակարգին, գրոսմայստերները խաղալու են 12 պարտիա: Հաղթող ճանաչվում է այն շախմատիստը, ով կվաստակի 6,5 միավոր: Հավասարության դեպքում անցկացվելու է թայ-բրեք՝ 25 րոպեանոց չորս պարտիա: Եթե այստեղ էլ ավելի ուժեղը չորոշվի, կնշանակվի բլից մրցամարտ: Կրկին հավասարության դեպքում կկայանա վճռորոշ պարտիան, որում սպիտակներին հաղթելու համար հատկացվելու է հինգ, սեւերին՝ չորս րոպե ժամանակ: Ոչ-ոքի արձանագրվելու պարագայում հաղթանակը շնորհվելու է սեւերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել