Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

62-ամյա Վալմարը

Ապրիլ 22,2010 00:00

\"\"Ամեն տարի ապրիլի 21-ին, ինչպես երեկ, «Վալմար» պատկերասրահը մարդաշատ է: Առիթը պատկերասրահի տնօրեն, ՀՀ վաստակավոր նկարիչ, արմատներով գյումրեցի Վալմարի՝ Վոլոդյա Մարգարյանի ծննդյան օրն է, 62-ամյակն է լրանում: Նկարիչն այս անգամ ներկայացել էր իր 2009 թվականին ստեղծած գեղանկարներով: Նկարիչը խոստովանեց. «Ամենաթանկ բանն ինձ համար այն է, երբ լուսավոր մարդիկ ջերմացնում են քեզ՝ փոխադարձաբար ջերմանալով քո աշխատանքներով: Որքան Աստված ինձ տվել է, փորձում եմ տեսնել լույսն ու քայլել դեպի նա: Հավատով եմ ստեղծագործում, ու բոլոր դրական լիցքերը փորձում եմ վերարտադրել իմ արվեստի միջոցով»:
Նշենք, որ Վալմարի աշխատանքները շրջել են ամբողջ Եվրոպայով՝ դեռեւս 1988 թվականից. գրանցվել է 40-ից ավելի անհատական ցուցահանդես: Վալմարի փոխանցմամբ, կարեւորը ցուցահանդեսների քանակը չէ, այլ այն, թե մարդուն ինչ զգացական աշխարհ կտաս մի պատկերով: Բնութագրելով իր աշխատանքներում ժամանակի ընկալումը, նկարիչն ասաց. «Յուրաքանչյուր մարդ պետք է փորձի ապրել ժամանակի մեջ: Եթե անձը ժամանակից առաջ ընկավ եւ ռոմանտիկ պատկերացումներով ապրեց՝ տեղում կդոփի, եթե անցյալով ապրեց՝ էլի կդոփի տեղում, իսկ եթե ժամանակի մեջ լինես՝ դրանում առկա իմպուլսներով կլիցքավորվես, դրանք քեզ կհղիացնեն՝ «կծննդաբերես»:
Ըստ ԵՊՀ հայ արվեստի պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանի՝ Վալմարի արվեստն ունի հայկական դիմագիծ եւ տրամադրություն. «Եթե նրա ակոսով անցնեին նաեւ մեր մյուս նկարիչները, ապա շատ ավելի մեծ հնարավորություն կունենայինք հայ արվեստով թնդացնելու ողջ աշխարհը»:
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Աշուղյանը նկարչի ստեղծագործություններին ծանոթացել է Լիբանանում, երբ նրա ռեժիսորական աշխատանքը թատրոնում՝ համընկել էր Վալմարի լիբանանյան ցուցահանդեսներին. «Մեծ հպարտությամբ էի տեսնում, թե օտարերկրացիները, արաբ ժողովուրդը որքան բարձր են գնահատում նրա ստեղծագործությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել