Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յոդուած՝ դասական ուղղագրության մասին

Ապրիլ 22,2010 00:00

Բանավիճում են մասնագետները

Վերադառնա՞լ, թե՞ ոչ՝ ավանդական ուղղագրությանը: Երեկ «Հայելի» ակումբում այս թեմայով բանավիճեցին ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը եւ գրականագետ Արթուր Անդրանիկյանը:
Վերջինս փաստում է՝ ՀՀ սահմանադրության մեջ գրված է՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է: Անդրանիկյանի խոսքով. «Լեզուն ենթադրում է ուղղագրություն, առաց որի լեզու չի լինում»: Նա ասում է, որ 1922-ին սովետական քաղաքականության հատկանիշներից մեկն էլ, բացի եկեղեցիներ ու տաճարներ ավերելը, մեր ուղղագրություն փոխելն էր, ինչի մեջ մեղադրում են Մանուկ Աբեղյանին: Բանախոսի ձեւակերպմամբ, դասական ուղղագրությանը վերադառնալով՝ մեր ազգային հիշողությունն ենք վերականգնում: Նա համամիտ չէ այն տրտունջներին, թե դասական ուղղագրությունը բարդ է. «Հայ մարդը չտարբերի՞ սիրելու սէրը կաթի սերից»: Պատասխանելով «Առավոտի» դիտարկմանը, որ դասական ուղղագրության վերադառնալու դեպքում անգրագիտությունը կաճի, մանավանդ փաստ է, որ դիմորդները ընդունելության քննությունների ժամանակ օտար լեզվից ավելի բարձր միավորներ են հավաքում, քան հայերենից, Ա. Անդրանիկյանն ասաց. «Ասում էինք՝ անկախությունը գործընթաց է, դասական ուղղագրության վերականգնումն էլ գործընթաց է եւ մի ստորագրությամբ, միանգամից չի լինի»:
Վ. Դեւրիկյանը, ընդհակառակը, գտնում է, որ չարժե նման քայլի գնալ. «Դա ոչ թե լեզվամշակութային հարց է, այլ պետության ամենօրյա կենսագործունեությանն է վերաբերում, որովհետեւ առնչվում է անմիջականորեն պետական գրագրության հետ: 1940 թվականի ուղղագրությամբ, կարող ենք ասել, որ Մանուկ Աբեղյանը դարձավ հայ ժողովրդի երկրորդ Մաշտոցը»: Նրա համոզմամբ, դասական ուղղագրության վերադառնալու դեպքում՝ հսկայական վարագույր կքաշվի խորհրդային սփյուռքի եւ Հայաստանի միջեւ, դասական ուղղագրությունը կիրակնօրյա դպրոցի, ոչ թե անկախ պետականություն ունեցող ժողովրդի լեզու է: Անդրանիկյանի ասելով, ռուսաստաններում ծվարած հայերը ընդամենը երրորդմասցիներ են, հանուն որոնց՝ չարժե սրբազան քայլից հրաժարվել: Նա մերժում է Դեւրիկյանի այն բոլոր փաստարկները, թե ինչու չպետք է անցնել ավանդական ուղղագրության, նաեւ գտնում, որ մինչեւ 20-ականներն ապրած գրողներին ու սփյուռքահայ մտավորականներին պետք է տպագրել այնպես, ինչպես իրենք են գրել:
Վ. Դեւրիկյանին խնդրեցինք կարծիք հայտնել «Baghinyan ART VIDEO»-ի «Յարութիւն» ֆիլմի մասին, որտեղ անգամ այդ բառն է սխալ ստուգաբանված, չհաշված դասական ուղղագրությանն անցնելու «փաստարկների» ոճը: Գրականագետն ասաց, որ «Յարութիւն» ֆիլմում 37թվի ոճով քննադատվում է 37 թիվը. «Ասվում է՝ ովքեր համաձայն չեն, բոլշեւիկ են»: Նաեւ նկատեց ծիծաղելի մի միտք՝ իբր Թումանյանը դեմ էր ավանդական ուղղագրությանը, դրա համար էլ մահացել է, մինչդեռ ամենայն հայոց բանաստեղծը քաղցկեղ ուներ եւ խորհրդային իշխանությունն էլ ամեն ինչ արել է նրան փրկելու համար: Իսկ այն, որ հարություն բառը ստուգաբանվում է որպես դարձ դեպի Աստված, ըստ Դեւրիկյանի, աղաղակող անգրագիտություն է, հարությունը հառնել բառից է: Կամ նույն այդ ֆիլմի լուսագրերում, չգիտես ինչու, պրոֆեսորը գրվում է օ-ով, իսկ դոցենտը՝ ո-ով, եւ չկա ոչ մի տրամաբանություն: Վ. Դեւրիկյանը փաստեց, որ կա մի քանի հարյուր բառ, որ ոչ մի կանոնի չի ենթարկվում, ուղղակի դասական ուղղագրության անցնելու դեպքում պետք է անգիր անել: Օրինակ, Աշոտը ո-ով է գրվում, կարոտը՝ օ-ով, ու ոչ ոք չի կարող ասել՝ ինչու: «Բոլոր զորամասերում կա պատվո տախտակ, եթե վերադառնանք ավանդական ուղղագրությանը, այդ տրամաբանությամբ բոլոր պատվո տախտակները պիտի գրվեն պատուոյ, բա մեղք չե՞ն զինվորները: Նույն ձեւով հոդվածը պիտի գրվի յոդուած, դուք պատրա՞ստ եք այդպես գրելու»,- լրագրողներին դիմեց Վ. Դեւրիկյանը: Դառնալով չարչրկված սեր բառին էլ՝ ասաց, որ մինչեւ 10-րդ դարն ընկած հայկական բոլոր երկաթագիր ձեռագրերում սերը ոչ թե Է-ով, այլ ե-ով է գրվել, ու այդկերպ որոշվել է ձեռագրի հնության աստիճանը. «Այսինքն, մինչեւ 10-րդ դարը եղած մարդիկ է՞լ բոլշեւիկներ էին: Նման ըմբռնումներն ուղղակի զավեշտի են հասնում»: Վ. Դեւրիկյանը մի օրինակ էլ բերեց. «Սերժ Սարգսյանը վերջերս գնացել է Վուդրո Վիլսոնի շիրմին այցելության: Եթե Վուդրո Վիլսոնի անունը ավանդական ուղղագրությամբ գրեինք, որեւէ մեկը այդպես էլ չէր հասկանալու, թե ՀՀ նախագահն ուր է գնացել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել