Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԲԵՄԸ ՏՐՎՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Ապրիլ 22,2010 00:00

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում նոր հեքիաթ-ներկայացում է

Երեկ Երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում գույների, երգերի եւ երիտասարդական նոր շնչի հրաբուխ էր: Հայ մեծանուն գրող, մեր լավագույն հեքիաթասացներից մեկի՝ Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակի առթիվ բեմադրվել է նրա անկրկնելի «Արեգնազանը»: Այս բեմադրության ծանրությունն ամբողջովին ընկած էր երիտասարդ, թարմ ուժերի ուսերին: Եվ, դատելով նրանից, թե ինչ էր արդյունքում ստացվել, պիտի ուրախությամբ փաստենք, որ կա, տեսանելի է աշխատող, շնորհալի ու նոր մտահղացումներով լի սերունդ:
Երեկ ներկայացման հանձնումն էր, պրեմիերան ամենայն հավանականությամբ կկայանա մայիսին:
Հեքիաթը երաժշտական էր, շատ էին եւ երգերը, եւ պարերը: Երգերը շատ գեղեցիկ ու մեղեդային էին, դրանց հեղինակը ներկայացման գլխավոր հերոսին՝ Արեգ-Արեգնազանին մարմնավորած Նարեկ Ներսիսյանն էր, որն արդեն հասցրել է մի քանի ֆիլմերում եւ ներկայացումներում խաղալ: Հենց ինքն էլ կատարում էր երգերի հիմնական մասը: Կանացի ձայները երգում էր ներկայացման բեմադրիչը: Գեղեցիկ բեմադրված պարեր էլ կային: Դրանց հեղինակն էլ բալետմայստեր Սյուզաննա Բաբայանն էր: Եվ Նարեկը, եւ Սյուզաննան դեռ չեն ավարտել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը:
Ընդհանրապես, ներկայացման բոլոր «պատասխանատուներն» էլ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «կադրերն» էին: Եվ զուր չէ, որ մինչ ներկայացման սկիզբը բեմ բարձրացած եւ իր սրտի խոսքն ասած Երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը ջերմ խոսքեր շռայլեց այդ բուհին: Նկատենք, սակայն, որ այս ներկայացման հաջողության մեջ անուրանալի է  հենց պարոն Ղազանչյանի գործոնը՝ երիտասարդ, քիչ փորձ ունեցող «երեխեքին» վստահել նման գործ, ավելին՝ ամեն ինչ անել, որ այդ «երեխեքի» ուզածը լինի՝ ամեն մեկը չէր հանձն առնի:
«Շուշանը շատ հետաքրքիր աղջիկ է, խելացի եւ, ամենակարեւորը՝ խելագարի պես սիրահարված է իր աշխատանքին»,- բեմադրության հեղինակի՝ Շուշան Գեւորգյանի մասին ասաց պարոն Ղազանչյանը: Սա Շուշանի առաջին լուրջ եւ, կարելի է արդեն վստահորեն ասել՝ հաջողված աշխատանքն էր: Ի դեպ, Շուշանը ոչ միայն բեմադրել էր, ոչ միայն երգում էր, այլեւ, Հրանուշ Չիչակյանի հետ մեկտեղ, Աղայանի անմահ հեքիաթը պիեսի էր վերածել՝ հումորի նուրբ նոտաներ մտցնելով մեջը:
Ներկայացումը, ինչպես եւ վայել է հեքիաթին, շատ գունեղ էր, ու այդտեղ արդեն ակնառու էր, պարոն Ղազանչյանի խոսքերով՝ «պստիկ, բայց ճստիկ նկարչուհու, որն այստեղ բոլորի հոգին հանում էր»՝ Նելլի Բարսեղյանի աշխատանքը՝ հերոսների զգեստները, դեկորացիաները վառ ոսկեգույնի, որդան կարմիր եւ ծովի կապույտի համադրության մեջ էին: Ամեն ինչ մտածված էր եւ արված բարձրակարգ որակով: Սա Նելլիի արդեն վեցերորդ լուրջ աշխատանքն է. չնայած երիտասարդ տարիքին, նա հասցրել է իր ուրույն տեղը գտնել հայ ժամանակակից բեմանկարիչների շարքում:
 Ինչ-որ հեթանոսական, ինչ-որ վաղ միջնադարյան շունչ կար ե՛ւ նկարչի աշխատանքում, ե՛ւ բեմադրության երաժշտական ձեւավորման մեջ, ե՛ւ անգամ՝ հերոսների լեզվի: Բեմականացման հեղինակները չէին գնացել հեշտ ճանապարհով՝ պրիմիտիվացնել հերոսների խոսքը՝ այսօրվա քիչ կարդացած եւ թատերարվեստից հիմնականում հեռու գտնվող դպրոցահասակներին (ում հասցեագրված է ներկայացումը) մատչելի դարձնելու համար: Նրանք դրել էին բարձր նշաձող, որն արտահայտված էր պարերում, երգերում, բեմարչության մեջ, սցենարում եւ ռեժիսուրայում, եւ այդ նշաձողին հասնելու համար դպրոցականնները պետք է որոշակիորեն պատրաստված լինեն:
Անշուշտ, ներկայացումն անթերի չէր: Մասնավորապես, սկիզբը պակաս դինամիկ էր, Արեգի որոշ մենախոսություններ ձգձգված էին, մակերեսային եւ ասելիքով ոչ հարուստ էր Արեգի՝ Արեգնազան եղած ժամանակաշրջանի հատվածը, չէր գտնված Արեգնազանի՝ Արեգի վերածվելու համոզիչ լուծումը: Սակայն այն պահից, երբ Արեգը հեռանում է տնից՝ «որպես մի այր», ամեն ինչ շատ ավելի լավ էր:
Թատրոնը պայմանականությունների աշխարհ է: Եվ երբ այդ պայմանականությունները հանդիսատեսին հետաքրքիր լուծումներով են ներկայանում՝ բեմադրության հաջողությունն ապահովված է: «Արեգնազանում» շատ կային նման գեղեցիկ պահեր, մասնավորապես, ինձ դուր եկավ Շաղ-Շողերի արտասվելու պահը, երբ նրա աչքերից արցունքների տեղ մարգարիտներ թափվեցին: Հրաշալի էր մտածված քարե քաղաքի՝ կախարդանքից ազատվելու պահը: Մաքրագործ անձրեւի ձայնը լսելուն պես՝ հանդիսատեսը, որ հիմնականում մասնագետներ էին, բուռն ծափողջույններ տեղաց:
Հաջողված էր նաեւ Չար փերու կերպարը, որի դերակատար Գեւորգ Դավթյանը  լավ երգում  եւ պարում էր: Իսկ հսկայամարմին Արջը, որը ներկայացման մեջ էպիզոդիկ, սակայն տպավորիչ դեր ուներ, նույնպես հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացավ՝ դերակատար Գեւորգ Մութաֆյանի հրաշալի ձայնի եւ կոմիկական կերպարի շնորհիվ:
Մնում է միայն եզրահանգել. սա այն ներկայացումն է, որին հանգիստ խղճով կարելի է տանել եւ դպրոցահասակ երեխային, եւ հրավիրել ցանկացած տարիքի հասուն մարդու. գեղեցիկ խոսքը, պատկերը, պարն ու երաժշտությունը գնահատվում են՝ անկախ տարիքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել