Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեդվեդեւը չնախատեսված այցով Ուկրաինա մեկնեց

Ապրիլ 22,2010 00:00

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնել է Ուկրաինա, քննարկելու՝ ռուսական գազի գնին եւ Ղրիմում ռուսական Սեւծովյան նավատորմի ներկայությանը վերաբերող հարցերը: ՌԴ նախագահ Մեդվեդեւն ու Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը հանդիպել են Խարկովում: Դա Յանուկովիչի՝ նախագահ ընտրվելուց ի վեր ՌԴ նախագահի հետ արդեն թվով հինգերորդ հանդիպումն է:
BBC-ի մատուցմամբ, Մեդվեդեւի այս այցը նախատեսված չի եղել, դրա մասին նա հայտարարել է Վաշինգտոնում միջուկային անվտանգության գագաթաժողովում Յանուկովիչի հետ հանդիպումից հետո:
Դեռ ապրիլի 16-ին ՌԴ եւ Ուկրաինայի կառավարությունները հավանություն էին տվել երկու երկրների ընկերությունների միջեւ գազի գնի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, որը ներկայացվել է Ուկրաինայի նախաձեռնությամբ եւ նպատակ ունի իջեցնել այդ երկրին մատակարարվող ու նաեւ այդ երկրով տարանցվող գազի գինը, որոնց մասին, սակայն, այլ մանրամասներ չեն հաղորդվում: Փոխարենը «Reuters»-ը նկատում է, որ գազի գինը վերանայելու ցանկացած համաձայնություն ներկայացվելու է որպես Ուկրաինայի նախագահի ձեռքբերում: Աղբյուրի տեղեկություններով, Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն գազի գինը նվազեցնել տարեկան մոտավորապես $4 միլիարդի չափով եւ հասնել այն բանին, որ գները սահմանվեն 1000 խմ գազի դիմաց $240-260-ի մակարդակում:
Ինչ վերաբերում է Ղրիմում տեղակայված ռուսական Սեւծովյան նավատորմի ներկայությանը, ապա երկու երկրների միջեւ ձեռք բերված համապատասխան պայմանագրի ժամկետը սպառվում է 2017թ.-ին, բայց Վիկտոր Յանուկովիչը ռուսական կողմին հասկացնել է տվել, որ պայմանագիրը կարող է նաեւ երկարաձգվել: Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կուենա մայիսի 8-9-ը՝ Մոսկվայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել