Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

11-ը ստորագրեց խարտիան

Ապրիլ 22,2010 00:00

Հայկական հեռուստաեթերի որակը կկարգավորվի՞

Հայկական հեռուստաեթերի որակը կարգավորելու նպատակով Հանրային խորհուրդը հայկական հեռուստաընկերություններին է ներկայացրել էթիկայի կանոնագիր: Երեկ 11 հայկական հեռուստաընկերություն պաշտոնապես ընդունեց խորհրդի ներկայացրած խարտիան, եւ ղեկավարները հաստատեցին ստորագրություններով:
Մոտ 15 երկրում գործող նմանատիպ խարտիաների ուսումնասիրության հիման վրա Հանրային խորհուրդը մշակել է հայկական տարբերակը: «Առավոտի» հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ, խարտիայի համահեղինակ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «Վերջին շրջանում եթերի որակով բոլորն են մտահոգված: Այս խարտիայի նախատեսվող սանկցիաները իրավական, տնտեսական որեւէ հետեւանք չեն նախատեսում, խոսքը վերաբերում է բարոյական եւ զուտ խոսքի մակարդակին: Նախատեսել ենք մշտադիտարկման խումբ՝ խարտիան ստորագրած հեռուստաընկերությունների ներկայացուցիչներից կազմված, որպես վերահսկիչ մեխանիզմ, մշտադիտարկման խմբի ներկայացուցիչները պարբերաբար կներկայացնեն իրենց դիտարկումները»: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հեռուստատեսության ղեկավարներին կոչ արեց վերահսկել եթերը. «Եթե դուք ձեզ չեք հսկի, կհսկեն ուրիշները, ընդ որում, ուրիշների հսկողությունը շատ ավելի ծանր կնստի ձեր եւ ամբողջ հասարակության վրա»:
Խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի խոսքով, բարոյաէթիկական նորմերի պահպանմանն ուղղված փաստաթուղթը լուրջ փորձագիտական ճանապարհ է անցել. «Հաճախ են հարցնում, լա՛վ, այս փաստաթուղթն էլ ստորագրվեց, հետո՞ ինչ է տեղի ունենալու: Իրականում սա պետական օրենքների սկզբունքների հավաքածու չէ, որ պարտադիր լինի, բայց այն բարոյական նորմերը, որ զետեղված են խարտիայում, կարծում եմ՝ պակաս կարեւոր չեն, քան պետական օրենքները»: Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի կարծիքով էլ. «Շատ հնարավոր է, որ մրցակցությունը տեղափոխվի այլ դաշտ, ինչը, կարծում եմ, դրական կլինի մեր հեռուստադիտողի համար: Այս փաստաթուղթը ես մեկնաբանում եմ նաեւ այլ տեսանկյունից. այն է՝ հեռուստատեսությունը տնտեսավարման բիզնեսի այն ձեւերից է, որ չի ենթարկվում տնտեսագիտության ոսկե կանոնին՝ առաջարկ եւ պահանջարկին»: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանն էլ հայտնեց, թե այդ խարտիան կոնկրետ իր ղեկավարած հեռուստաընկերության գործունեության մեջ լուրջ փոփոխություններ չի բերի, քանի որ իրենք արդեն ունեն նմանատիպ կանոնագիր, որը կարգավորում էր իրենց հեռուստաընկերության գործունեությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել