Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դասը վարում են նախարարները

Ապրիլ 22,2010 00:00

Ողբերգության ու հպարտության մասին

Երեկ թիվ 62 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների հետ հատուկ դաս էր կազմակերպվել՝ նվիրված Մեծ եղեռնի 95-րդ տարելիցին: Դասը վարում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մինչ դասը, 3 նախարարներն աշակերտների հետ դիտեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տրամադրած Եղեռնի մասին պատմող «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը: Այն նկարահանել է ռեժիսոր Օսկար Ափֆելը՝ 1918 թվականին, ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում, ֆիլմի նկարահանմանն անմիջական մասնակցություն է ունեցել Եղեռնը վերապրած մանկահասակ մի հայ աղջիկ՝ Արշալույս Մարտիկանյանը: «Հոգիների աճուրդը» տարբեր երկրներում բազմիցս գրաքննության է ենթարկվել եւ 85 րոպե տեւողությամբ ֆիլմից այսօր մեզ հասել է ընդամենը 25 րոպեն:
Մշակույթի նախարարը աշակերտների հետ նախ խոսեց մշակութային ցեղասպանության մասին, ապա կարծիք հայտնեց, որ ուրիշները կարող են կռվել, զրպարտություն, զենք կիրառել եւ ապատեղեկատվության միջոցներ օգտագործել, իսկ իր համար դա ընդունելի չէ: Հ. Պողոսյանը աշակերտներին կոչ արեց հետեւել մայրենիի մաքրությանը: Ապա հավելեց, թե ինքն էլ անթերի չի խոսում եւ նկատողությունների դեպքում չի վիրավորվում:
«Թուրքը որոշեց մեզ բնաջնջել, սակայն չկարողացավ, հայի կամքը, ոգին այնքան ուժեղ էին, որ կարողացավ դիմանալ արհավիրքին: Եվ այսօր, 95 տարի անց, մենք ունենք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն, հպարտ ենք մեր երկրով, եւ ամեն մեկս մեր տեղում պետք է մեր սովորելով, կրթվելով, աշխատանքով փորձենք 1.5 մլն նահատակների ոգիներին համարժեք մեր կյանքն այնքան գեղեցիկ ու գունավոր դարձնել, որ նրանք երկնքում իրենց հանգիստ զգան»,- ասաց Սփյուռքի նախարարը: Հ. Հակոբյանը, հակադրվելով այսօր մեզանում հաճախակի գործածվող հայոց ցեղասպանություն արտահայությանը, ասաց. «Օգտագործում ենք հայոց երկիր, հայոց եկեղեցի, հայոց դպրոց, ինչո՞ւ ցեղասպանությունը պետք է հայոց դարձնենք, հայոցը դրական լիցք իր մեջ ունի, պետք է ասենք հայերի ցեղասպանություն, բնաջնջում Օսմանյան Թուրքիայի կողմից»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ երիտասարդներին հայրենասիրության կոչ արեց, ապա ամենայն անկեղծությամբ մաղթեց, որ նրանք առաջնեկի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալիս՝ ոչ միայն ցավով գնան, այլեւ հպարտությամբ. «Որովհետեւ մեզ փորձել են ջարդել, բնաջնջել, բայց չի հաջողվել, հայրենազրկել են՝ բայց մենք մեր հայրենիքի փոքր բեկորի վրա կառուցում ենք ուժեղ պետություն: 40 հազար քառ. կմ-ը այսօր հայոց երկու պետականությունների համար այն կենսական տարածքն է, որտեղ պարտավոր ենք կառուցել հզոր պետություն, որովհետեւ հզոր պետության հետ հաշվի կնստեն բոլորը»: ԿԳ նախարարը խորհուրդ տվեց աշակերտներին լավ սովորել ու շատ կարդալ:
Օգտվելով առիթից, «Առավոտը» փորձեց իմանալ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կարծիքը՝ վերջերս լայն քննարկման առարկա դարձած օտարալեզու կրթության մասին: Նախարարը սկզբում սիրահոժար էր մեր հարցին պատասխանելու համար, բայց երբ իմացավ թեմայի մասին, խուսանավեց ու խորհուրդ տվեց ԿԳ նախարարին հարցնել: Մեր պնդումներին ի պատասխան, նախարարն ասաց. «Ես իմ կարծիքը 93 թվականի քվեարկության ժամանակ արտահայտել եմ»:
Հարցրինք, այսինքն՝ դե՞մ եք փոփոխությանը, պատասխանեց. «Ո՛չ, ես նման բան չասացի»: Ավելի ուշ հավելեց. «Ես մայրենի լեզվի ջատագովն եմ եւ պայքարելու եմ մայրենիի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել