Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՂԱՄԻՋՈՑ ՉԷ

Ապրիլ 22,2010 00:00

Հերթական բանավեճն ու կարծիքների բախումը

\"\"

ՀՀ ԿԳ նախարարության՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, որի նպատակը օտարալեզու դպրոցների վրա դրված արգելանքը հանելն է, շարունակում է կրքեր բորբոքել:
Երեկ «Հայելի» ակումբում այս թեմայով բանավիճեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Ընդունելով, որ ազգային դպրոցը պետք է հզոր լինի, Ա. Հարությունյանը կողմ է օտարալեզու կրթությանը: Նա գտնում է, որ ներկայիս կրթական համակարգը հնարավորություն չի տալիս միջազգային մակարդակի մասնագետներ պատրաստել։ Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ, ինչ-որ բան արգելելով՝ խնդիր չի լուծվի, եւ հայկական դպրոց ավարտածն էլ կարող է օտարամոլ լինել: «Եթե վախենում ենք նմանատիպ (օտար լեզվով կրթություն իրականացնող- Գ. Հ.) դպրոցներ բացելուց, ուրեմն փաստում ենք մեր թույլ լինելը»,- ասում է նա:
Ռ. Բաբայանը գտնում է, որ ազգային դպրոց ունենալը չի նշանակում ինքնապարփակվել. «Օրինակ, ես ղեկավարում եմ մի ազգային թատրոն, որը աշխարհի բոլոր թատրոնների հետ խոսում է՝ ինչպես հավասարը հավասարի հետ: Եվ հայոց լեզվով խաղալը ոչ մի բանով չի խանգարում մեզ»: Տիկնիկային թատրոնի ղեկավարն ասում է, որ այն, ինչ նորմալ է բազմաթիվ համայնքներ ունեցող երկրների համար, ընդունելի չէ Հայաստանի պարագայում. «Ես հասկանում են այն երկրներին, որտեղ կան բազմատեսակ համայնքներ՝ ղրղզական, հնդկական, տաջիկական… Մե՞նք ում համար ենք օտարալեզու կրթություն իրականացնող դպրոցներ բացում… Պրոբլեմն ուրիշ տեղ պիտի փնտրել, օրինակ՝ նրանում, որ մեր վայ- լեզվաբանները փչացնում են հայոց լեզուն՝ արհեստական տերմինաբանությամբ… Դեռ 100 տարի առաջ Թումանյանն ասել է՝ պոչաշորը երբեք ֆրակ չի դառնա: Մենք այսօր կարող ենք ասել՝ հրասայլը տանկ չի դառնա, ոչ էլ նախագահը՝ պրեզիդենտ… Պիտի նաեւ գիտակցենք, որ լեզուն թանգարանային չի լինում, այսօրվա Անգլիայում ոչ ոք չի խոսում Շեքսպիրի լեզվով, ոչ էլ բեմադրություն է արվում Շեքսպիրի գրած լեզվով…»: Նրա ձեւակերպմամբ, «տուպիկային» իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է սովորական դպրոցներում բարձրացնել կրթության եւ այդ թվում՝ օտար լեզվի ուսուցման մակարդակը, ու ոչ մի դեպքում արգելանքը չհանել. «Եթե ուզում են, թող օտարալեզու կրթություն իրականացնող կիրակնօրյա դպրոցներ բացեն, բայց մարդը պիտի ստանա կրթություն՝ իր լեզվով: Ես սովորել եմ Պուշկինի դպրոցում, որտեղ ուսուցիչների երեխաները ազատված էին հայոց լեզու առարկայից, ասում էին՝ դա մեզ պետք չէ…»: Ռեպլիկին, թե դա ԽՍՀՄ-ի ժամանակ էր, Բաբայանը պատասխանեց. «Մենք այդքան հեռու չենք գնացել սովետից, լիքը բան պահպանված է, եւ այժմ էլ եւս մի սովետական ատրիբուտ ուզում ենք ետ բերել»:
Արմեն Հարությունյանը համոզված է, որ ռուսական կրթություն ստացածներն ավելի լայնախոհ են, հավասարակշիռ, գործի բերումով նրանց նմանների հետ շփումն ավելի հեշտ է: Օրինակ, Միջին Ասիայի իր գործընկերներից ոմանք ունեն ռուսական եւ անգլիական կրթություն, բայց շատ հայրենասեր ու ազգասեր են: Նրա համոզմամբ, ոչ մի վատ բան չկա, որ օտարալեզու կրթություն իրականացնող կրթօջախների կողքին ազգային դպրոցն էլ ուժեղացնենք, եւ նրանք միմյանց փոխադարձաբար լրացնեն:
«Առավոտի» դիտարկմանը, թե անցած քննարկումներից մեկի ժամանակ լեզվաբաններից մեկը փաստել է, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցների թվում ռուսական կրթություն ունեցողները հատուկենտ էին, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Ես նման վիճակագրություն չեմ տեսել: Վստահ եմ, որ ռուսական կրթություն ունեցող տղաները ոչնչով պակաս չեն հայկական կրթություն ստացածներից, նույն KBH-ի թիմը, որ այդքան հպարտանում էինք, ռուսական կրթությամբ տղաներից էր կազմված»: Այս խոսքին ռեպլիկ հետեւեց՝ հիմա էլ չե՛նք հպարտանում:
Մարդու իրավունքների պաշտպանի այն մտքին, թե Տիգրան Մեծը պարթեւական մշակույթի կրող էր, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Ի դեպ, լայնախոհության մասին: Հրանտ Մաթեւոսյանը լայնախոհ չէ՞ր իր մտածողությամբ, դուք պատկերացնո՞ւմ եք Հրանտ Մաթեւոսյանին ռուսական կրթություն ստացած»: Ա. Հարությունյանն «ընդվզեց». «Այսինքն՝ ստացվում է, որ օտարալեզու կրթությամբ դպրոցները մեզ պետք չեն, որովհետեւ մենք ապագա Հրանտ Մաթեւոսյաններին կկորցնենք»:
Բանախոսները դժգոհեցին նաեւ դպրոցական դասագրքերից, օրինակ՝ Ա. Հարությունյանն ասաց, որ ինքը հաճույքով հայոց պատմության դասագիրքը նորից կգրեր, որովհետեւ այնտեղ ասվում է, թե իբր հայ գիտությունը սկսվում է 5-րդ դարից: Ռ. Բաբայանը այս «մասով» համաձայն է՝ դասագրքերը պետք է շտկել, բայց համամիտ չէ, թե օտարալեզու կրթությունը դեղամիջոց պիտի դարձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել